Հարավկովկասյան
սինդրոմ Նախօրեին իր բնակարանի մուտքի մոտ դաժանաբար սպանվել
է Ադրբեջանի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր,
37-ամյա Էլմար Հուսեյնովը: Էլմարն աչքի էր ընկնում ընդգծված ընդդիմադիր հայացքներով
եւ, իր ադրբեջանցի գրչակիցների բնութագրմամբ, ուղղակի պատերազմ էր հայտարարել գործող
վարչակազմին: Ռեժիմի անսանձ լկտիությունների դեմ կիրառած նրա միակ զենքը, սակայն,
գրիչն էր, մինչդեռ, ադրբեջանական «Զերկալոյի» բնութագրմամբ, Հուսեյնովի հակառակորդներն
այդ պատերազմը բառի բուն իմաստով էին ընկալել, արդյունքում՝ մարդասպանի ձեռամբ յոթ
անգամ կրակելով լրագրողի սրտին: Ադրբեջանական քիչ թե շատ անկախ ԶԼՄ-ների հաղորդմամբ,
վերջին տարիներին Հուսեյնովի եւ նրա ամսագրի աշխատակիցների նկատմամբ իշխանությունների
կողմից բազմաթիվ պատժիչ գործողություններ են կիրառվել: «Մոնիտորը» քանիցս խանձվել
է ադրբեջանական արդարադատության բովում, իսկ դրա էջերում հոռացած իշխանավորների մասին
հոդվածներ գրող լրագրողները մեկ անգամ չէ, որ «վայելել» են ադրբեջանական նմուշի սափրագլուխների
«պետականամետ փաղաքշանքը»: Այս ողբերգության համատեքստում ուղղակի չենք կարող
անտեսել մի շատ կարեւոր հանգամանք: Ընթերցողը հավանաբար կմտաբերի այն աննախադեպ հիստերիան,
որ ադրբեջանական մամուլում բարձրացել էր՝ կապված նույն՝ «Մոնիտոր» ամսագրի թղթակից
Էյնուլլա Ֆաթուլլաեւի՝ վերջերս Ղարաբաղ կատարած գործուղման հետ: Այդ գործուղման արդյունքներով
Ֆաթուլլաեւը բավականաչափ զուսպ եւ հավասարակշռված մի հոդված էր հրապարակել՝ հարուցելով
տեղի վայ-պատրիոտների աննկարագրելի ոռնոցը ու հայտնվել ամեն կողմից դեպի իրեն թռչող
«ազգի դավաճան» պիտակների խաչաձեւ կրակի տակ: Իհարկե, հակված չենք ենթադրել, թե հատկապես
այդ հոդվածի պատճառով են հաշվեհարդար տեսել «Մոնիտորի» խմբագրի հետ: Սակայն դա կարող
էր վերջին կաթիլի էֆեկտն ունենալ հարավկովկասյան նողկալի մենթալիտետի կրող ադրբեջանական
(եւ ոչ միայն ադրբեջանական) իշխանավորների համար, որոնց՝ այս գործով հանցակցությանը,
ի դեպ, ոչ մի վայրկյան չեն կասկածում սպանված լրագրողի հայրն ու կինը: Նրանք կտրականապես
հրաժարվում են ադրբեջանցի իրավապահներին վստահել Հուսեյնովի սպանության հետաքննության
անցկացումը եւ դիմել են Բաքվում հավատարմագրված մի շարք եվրոպական երկրների դեսպաններին՝
հորդորելով նպաստել իրական հանցագործների բացահայտմանը: Ընդդիմադիր լրագրողի
սպանությունն Ուկրաինայում հանգեցրեց աննախադեպ հասարակական ցնցումների, ի վերջո՝
իշխանափոխության: Անցած տարի ապրիլի 5-ին եւ 12-ին Երեւանում հայ լրագրողների բարբարոսական
ծեծուջարդն առայժմ շոշափելի հետեւանքների չի հանգեցրել՝ բացառությամբ այն իրողության
միարժեք ամրագրման, որ հայաստանյան վարչակազմը եւս ազատ խոսքին պատասխանում է միայն
բռնի ուժի գործադրմամբ: Ի դեպ, ինչպես ես, այնպես էլ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն
անձամբ էինք ճանաչում Էլմար Հուսեյնովին եւ խորապես ցավում ենք կատարվածի համար:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ