ԵՄ-ն
Հայաստանում գործելու է Ուկրաինայի մոդելով Եվրոպական հարեւանության քաղաքականության
(ԵՀՔ) շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը (ԵՄ-ի Նախարարների խորհուրդը) ցանկանում
է ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները: Սույն ցանկությունն արտահայտված է
հանձնաժողովի երեկ հրապարակած տարածաշրջանային զեկույցում, որը տեղեկատվություն է
պարունակում Հայաստանի քաղաքական, տնտեսական իրավիճակի, ԵՄ-ի հետ հարաբերությունների
վերաբերյալ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում եւ Վրաստանում
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության առաջին խորհրդական Ժակ Վանտոմը: Հաջորդ քայլը
կորոշի Նախարարների խորհուրդը՝ գործողությունների ծրագրի մշակման մասին: Այդպիսով,
3-5 տարիների կտրվածքով ԵՄ-ի հետ հարաբերությունների համար միացյալ օրակարգ կմշակվի,
որով կապահովվի քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացումը: Ըստ պարոն Վանտոմի,
գործողությունների ծրագիրը մշակվելու է Ուկրաինայում գործող ծրագրի մոդելներով: Նախատեսվում
է, որ այն վերջնական տեսքի կբերվի աշնանը: Ծրագրի հիմնական նպատակներն են լինելու՝
դեմոկրատական կառույցների եւ բազմակարծության նորմերի ամրապնդում, այդ թվում՝ ԵԽ
եւ ԵԱՀԿ առաջարկներին համապատասխան ընտրական օրենք, սահմանադրական բարեփոխումներ,
ժողովրդավարական ընտրությունների անցկացում: Ծրագրվում է, մասնավորապես, խոսքի եւ
հավաքների ազատություն, կոռուպցիայի եւ խաբեության դեմ պայքար, աղքատության կրճատում,
հարկային եւ մաքսային օրենսդրության բարելավումներ: Ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի՝
շահագործումից հանում, կոնֆլիկտների լուծում եւ խորացված տարածաշրջանային համագործակցություն:
Լրագրողների անհանգստությանը՝ ի՞նչ համագործակցություն շրջափակման պայմաններում,
Ժ. Վանտոմը նկատեց, որ այդ առիթով Ադրբեջանն էլ է մտահոգություն արտահայտել: «Սա
քաղաքական որոշում է, որով Եվրամիությունն իրեն համապատասխանատու է դարձնում գործընթացներին,
որոնք ուղղված են հակամարտությունների լուծմանը»,- ասաց բանախոսը: Փաստորեն, հետզհետե
իրականություն են դառնում այն վերլուծությունները, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը վաղուց
դուրս է եկել Մինսկի խմբի շրջանակներից եւ կամաց-կամաց տեղափոխվում է այլ ատյաններ,
ինչը Հայաստանին ձեռնտու չէ: Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի վերաբացմանն
այն կոնտեքստում, որ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ են վարվում,
խորհրդականն ասաց. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հարցն այստեղ քննարկվում
է: Դրանք բնորոշվում են որպես հատկապես վատ հարաբերություններ: Բայց գոյություն ունեն
մի շարք նուրբ եւ չլուծված հարցեր երկու երկրների միջեւ, որոնք պետք է արծարծվեն՝
նկատի ունենալով հարաբերությունների բարելավումը: Ի դեպ, ձեր արտգործնախարարը բավարարված
էր, թե Թուրքիայի առաջընթացի զեկույցում ինչպես էր հարեւանների հետ հարաբերությունների
հարցն արծարծված»: Իսկ ՀԱԷԿ-ի մասով, ըստ պարոն Վանտոմի, հստակ ոչինչ չկա: Սակայն
ուժի մեջ է մնում ԵՄ առաջարկը, որով Հայաստանին 100 միլիոն եվրո է առաջարկվում՝ այլընտրանքային
էներգիայի աղբյուր ստեղծելու համար: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ