Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՍԻ «ՊԱՍԱԺՆ»՝ ԻԲՐԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ 04,2005 00:00

Նախագահի
խորհրդական Բագրատ Եսայանը պատասխանում է ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցին:
2004-ին Հայաստանում Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության
զեկույցում նշված է. «Սեպտեմբերին տեղական հետազոտական մի ինստիտուտի հրապարակած
հարցման արդյունքներով՝ քաղաքացիների մեծամասնությունը հակված է կարծել, որ երկրում
կոռուպցիան առկա է «բոլոր ոլորտներում ու բոլոր մակարդակներում»: 2003թ. անցկացված
նմանատիպ մեկ այլ հարցման տվյալներով՝ քաղաքացիները կարծում են, որ կոռումպացված
իշխանությունները իրապես շահագրգռված չեն պայքարել կոռուպցիայի դեմ: Հունվարին կառավարությունն
ընդունեց Հակակոռուպցիոն ռազմավարության նպատակասլաց մի ծրագիր, իսկ մարտին նախագահը
ձեւավորեց ռազմավարությունն իրականացնող հատուկ հանձնաժողով: Տարվա ընթացքում հանձնաժողովը
հիմնականում զբաղված էր ներքին կազմակերպական ընթացակարգերի ձեւավորմամբ»: Մեր խնդրանքով
մեկնաբանելով այս գնահատականները՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հարցերով
նախագահի խորհրդական եւ հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի
ղեկավար Բագրատ Եսայանը նախ մատնանշեց փաստական մի քանի սխալներ, որոնք տեղ են գտել
այս զեկույցում. «Կառավարության ծրագիրն ընդունվել է 2003-ի դեկտեմբերին, իսկ նախագահը
հանձնաժողովը ձեւավորել է հունիսին: Իհարկե, տարվա ընթացքում հանձնաժողովն իրոք զբաղված
էր ընթացակարգերի ձեւավորմամբ, սակայն մոնիտորինգի հանձնաժողովը նաեւ իրականացրել
է որոշակի գործունեություն: Մենք փետրվարին արդեն ամփոփել ենք անցյալ տարվա արդյունքները:
Իսկ հասարակական ընկալման վերաբերյալ տարբեր հարցումներ են անցկացվել, այդ թվում՝
մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Այդ հարցումները վկայում են, թե
հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան այս առնչությամբ. կա նաեւ այն կարծիքը, թե
իշխանությունն իրապես շահագրգռված չէ պայքարել կոռուպցիայի դեմ: Ես, իհարկե, չեմ
կիսում այդ կարծիքը: Այդ տրամաբանությամբ՝ ցանկացած իշխանության մեջ է կոռուպցիան,
եւ որեւէ իշխանություն չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ այդ կոռուպցիան
իր մեջ է»: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի մի հատված էլ առնչվում է այն
ոլորտին, որը Բագրատ Եսայանը համակարգում է իբրեւ նախագահի՝ ազգային փոքրամասնությունների
հարցերով խորհրդական: «Եզդի առաջնորդները շարունակել են բողոքել, որ ոստիկանությունը
եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքի նկատմամբ դրսեւորել են խտրականություն,-
նշված է փաստաթղթում:- Եզդի առաջնորդները նշել են հողի, ջրի եւ արոտավայրերի վերաբերյալ
վեճերի անարդար լուծման բազմաթիվ դեպքեր, բանակում եզդի զորակոչիկների նկատմամբ ոչ
կանոնակարգային հարաբերությունների դեպքեր եւ ոստիկանության ոչ համապատասխան արձագանք
այլ քաղաքացիների կողմից եզդիների դեմ կատարված լուրջ հանցագործությունների դեպքում:
Եզդի երեխաները բողոքել են ուսուցիչների եւ համադասարանցիների նվաստացնող վերաբերմունքից:
Եզդիների համայնքի անդամները նախկինում իրենց գանգատները ներկայացրել են Ազգային
փոքրամասնությունների գծով նախագահի խորհրդականին, սակայն հետո հայտարարել են, որ
անտեսվել են իրենց բոլոր բողոքները»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են անտեսվել բողոքները՝
պրն Եսայանը պատասխանեց. «Եզդիական ազգային փոքրամասնության կրթամշակութային շահերը
ներկայացնող մի կազմակերպությունից ես ստացել եմ մի նամակ, որտեղ նշված էին մի քանի
նման դեպքեր, որոնք իրենք ներկայացնում էին իբրեւ խտրականություն: Արծարծված բոլոր
հարցերի վերաբերյալ իրենց հատ-հատ պատասխան է ուղարկվել: Եվ փաստարկել ենք, որ այո՛,
եղել են հանցագործություններ, որտեղ իբրեւ կողմեր են հանդես եկել եզդի եւ հայ մարդիկ:
Սակայն եղել են նաեւ հանցագործություններ, որտեղ երկու կողմն էլ եզդիներ են կամ,
բնականաբար՝ հայեր: Այսինքն՝ եթե հանցագործություն է կատարվել եւ մեղադրվողը կամ
հանցագործը որեւէ ազգի ներկայացուցիչ է՝ դա դեռ չի նշանակում, որ այն ուղղված է ազգային
փոքրամասնության դեմ եւ խտրականության արտահայտություն է: Զեկույցում հիշատակված
են հողի կամ արոտավայրերի վերաբերյալ վեճերի անարդար լուծման դեպքեր. այդ բողոքները
հղվել են նաեւ մեզ: Ասենք՝ բողոքում են, որ իրենց մսի «պասաժի» համար տեղ չի տրամադրվում,
եւ դա գնահատում են իբրեւ ազգային խտրականություն… Սակայն նշեմ՝ մենք միացել ենք
Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համաձայնագրին
եւ գտնվում ենք ԵԽ դիտարկման ներքո: 2004-ի աշնանը Երեւանում էր դիտարկման խումբը
եւ հանդիպում եղավ ազգային բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Եվ
նույն եզդիական փոքրամասնության ներկայացուցիչները փաստարկում էին, թե չկա ազգային
խտրականության որեւէ դեպք: Այո՛, իրենք ունեն որոշակի դժգոհություններ, բայց դրանք
ունեն նաեւ ազգային մեծամասնության՝ հայերի որոշ ներկայացուցիչներ: Չի՛ արձանագրվել
խտրականության որեւէ դեպք, եւ ես զարմանում եմ, որ «եզդի առաջնորդների» ընդհանուր
անունից այսպիսի լուրջ երկրի լուրջ հիմնարկի զեկույցի մեջ ներկայացվել է նման մեղադրանք»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել