ՀԱՅԵՐԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ Կան մարզաձեւեր, որոնք ընդունված է համարել հայկական: Դրանցից է բռնցքամարտը՝ լինի դա սիրողական կամ պրոֆեսիոնալ: Կաշվե ձեռնոցի հայ վարպետները միշտ էլ բազմաթիվ վառ էջեր են գրել մարզաձեւի պատմության մեջ: Հիմա Հայաստանի բռնցքամարտը զգալիորեն զիջել է նախկին դիրքերը: Սակայն մեր հայրենակիցները, որոնք բնակվում են արտերկրում, շարունակում են եղանակ ստեղծել մարզաձեւում, հատկապես պրոֆեսիոնալ ռինգում: Նրանցից շատերը տարբեր վարկածներով համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակներում առաջնակարգ տեղեր են զբաղեցնում: IBF-ում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը, որը Սիդնեյի օլիմպիական խաղերից հետո բնակություն է հաստատել Ավստրալիայում, գլխավորում է թեթեւագույն քաշային կարգի՝ 50,802 կգ, ցուցակը: Սակայն ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի սանը պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը եւ ամեն հերթական հաղթանակից հետո ռինգում ծածանում է մեր եռագույնը: Նույն վարկածում Ամերիկան ներկայացնող Արտյոմ Սիմոնյանը, որը նույնպես բռնցքամարտի հայկական դպրոցի սան է, առաջին կիսաթեթեւ քաշում՝ 55,388կգ, զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ուզբեկստանցի թեթեւ քաշային (61,253կգ) Արթուր Գրիգորյանը 11-րդն է, հայաստանցի Վիլյամ Աբելյանը (կիսաթեթեւ քաշ՝ 57,153կգ) եւ առաջին ծանր քաշային (90,719կգ) Պավել Մելքումյանը (Ռուսաստան) 14-րդն են: Ասենք, որ Արթուրը 4-րդն է նաեւ WBO-ում, 15-րդը՝ WBA-ում, իսկ Պավելը՝ 7-րդը՝ WBC-ում, 8-րդը՝ WBA-ում եւ 14-րդը՝ WBO-ում: WBO-ում երկրորդ միջին քաշայինների (76,204կգ) մեջ 5-րդը ռուսաստանցի մեր հայրենակից Մհեր Մկրտչյանն է: Իսկ Համլետ Պետրոսյանը՝ Հայաստանից, առաջին կիսամիջին քաշային կարգում (69,853կգ) 11-րդն է WBA-ի վարկածում: Պատրաստեց Ք. ՀԱԿՈԲՅԱՆԸ