Քաղաքացիներն ընդդեմ պետության Ինչպիսի գործեր են լսվում Եվրոդատարանում ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի եւ դրան կից արձանագրությունների մեկնաբանություն» գիրքը, որի շնորհանդեսը վերջերս կայացավ ՍԴ-ում, ըստ մասնագետների, լուրջ համեմատական-իրավական ուսումնասիրություն է: Իսկ ընթերցողների լայն շրջանակներին այն հետաքրքիր է նախ եւ առաջ նրանով, որ տեղեկություններ է պարունակում Եվրոդատարանում լսվող գործերի մասին: Վերաշարադրենք մի քանի բնորոշ դեպք: «Մականը եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության». Ջիբլարթարում բրիտանական անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից սպանվել էին երեք իռլանդացի ահաբեկիչներ, որոնք բանուկ փողոցում ավտոմեքենայի մեջ ռումբ էին տեղադրել: Դատարանում վիճարկվել էին անվտանգության աշխատակիցների գործողությունները: Եվրոդատարանը վճռել էր, որ «մարդկային կյանքի հարգման սկզբունքը պետք է հանդիսանա պետական իշխանության մարմինների վարքագծի կանոն» եւ, ըստ Եվրոպական կոնվենցիայի, թույլատրվում է միջամտության ծայրահեղ միջոցներ միայն այնպիսի իրադրություններում, որոնք կարող են հանգեցնել կյանքից զրկվելուն: «Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության». Ոստիկանական մարմինները կոնկրետ անձի կյանքի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին նախազգուշացված լինելով՝ նրա անձի ապահովման համար «արդյունավետ միջոցներ» չէին ձեռնարկել, եւ անձը սպանվել էր: Ըստ դիմումատու Օսմանի, պետությունն իր պարտավորությունը չէր կատարել. անձին չէր պաշտպանել: Պատմությունը հետեւյալն է. մի ուսուցիչ ներխուժել էր դիմումատուի բնակարան, կրակել նրա հոր վրա եւ սպանել: Մինչ դեպքը, ուսուցիչը սպառնացել էր դիմողին եւ նրա ընտանիքին: Եվ ԵԴ-ում ծագել էր այն հարցը, թե դիմումատուի հոր կյանքը փրկել հնարավո՞ր էր կանխարգելիչ միջոցառումներով: Ստրասբուրգի դատարանը գտել էր, որ պետությունը չէր կատարել իր պարտավորությունները: «Պիերսակն ընդդեմ Բելգիայի». Դիմողը նշել էր, որ իրեն դատապարտած դատարանը անաչառ չի եղել, քանի որ դատարանի նախագահը նախկինում մասնակցել է գործի նախաքննությանը որպես դատախազի տեղակալ: Դատարանը նշում է. «Լոկ այն փաստը, որ դատավորը նախկինում աշխատել է դատախազությունում, դեռեւս չի հանդիսանում նրա անաչառությանը կասկածելու հիմք»: «Վան Մեխելենը եւ այլք ընդդեմ Նիդեռլանդների». 4 անձ 10-ական տարի ազատազրկման էին դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի եւ սպանության փորձի համար: Դիմումատուն գտել էր, որ մեղադրանքն առաջադրվել է ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ դատաքննության փուլում ոստիկանների ինքնությունը չէր պարզվել: Դատարանին ուղղված գրության մեջ ոստիկանները չէին բացահայտել իրենց ինքնությունը՝ պատճառաբանելով, թե «վախենում են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումների գործադրումից»: Դատարանը գտել էր, որ պետության ներկայացրած ոչ մի փաստարկ չի վկայել իրական վտանգի առկայության մասին: Անանուն ցուցմունքներն ըստ էության արդարացի դատաքննության իրավունքն էին խախտել: Ռ. Մ.