Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ

Մարտ 02,2005 00:00

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ ԿԳՆ-ԻՑ Կրթության եւ գիտության նախարարությունը կրճատել է բուսաբանական այգու բոլոր՝ 41 աշխատակիցների հաստիքները Մի քանի օր առաջ Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներն իմացել են, որ ինստիտուտի 86 գիտաշխատողներից կրճատվել են 5-ը, իսկ Բուսաբանական այգու աշխատակիցների հաստիքացուցակը՝ ամբողջությամբ: Ի դեպ, դրանից առաջ խոսակցություններ են տարածվել, որ այստեղ առաջինների թիվը պետք է հասցվի 76-ի, սակայն բողոքարկումների արդյունքում ԿԳՆ-ն որոշակի զիջումների է գնացել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինստիտուտի՝ գիտական գծով փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանը: ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն ունի նաեւ բոլորիս հայտնի Բուսաբանական այգին, որ տարիներ շարունակ ունեցել է գիտակրթական նշանակություն: Այգին նաեւ տեսարժան վայր է, իսկ պրն Վարդանյանի գնահատմամբ՝ ազգային հարստություն: Այգին ունի նաեւ երկու ստորաբաժանում՝ Վանաձորում եւ Սեւանում: «Եթե նախարարության մոտեցմամբ առաջնորդվենք, պետք է զանգենք Վանաձոր ու Սեւան, այգու աշխատողներին ասենք՝ դարպասները բացեք, գնացեք տուն: Բայց այստեղ աշխատում են մարդիկ, որոնք այսքան տարի փայփայել են այգին ու այսօր էլ չեն կարող թողնել-հեռանալ»,- մտահոգված ասում է Ժ. Վարդանյանը: Այդ մարդիկ, միեւնույն ժամանակ, գոնե տրանսպորտի փող պետք է ունենան, որպեսզի ամեն օր հասնեն այգի ու պահպանեն ամեն ժամ խնամք պահանջող բույսերը: «Մեզ մոտ բուհերից գալիս էին պրակտիկայի, չէ՞ որ այգին գիտագործնական նշանակություն ունի նաեւ, աշակերտների համար էքսկուրսիաներ էին կազմակերպվում, ի վերջո նաեւ զբոսաշրջիկների համար էր տեսարժան վայր»: Ինստիտուտի ղեկավարները խնդրի կապակցությամբ դիմել են նախարարություն: «Նախարարը թվեր է բերում, ասում է, որ թեմատիկ կտրվածքով գրեթե ոչինչ չի փոխվել: Բայց կա նաեւ գործնական մասը: Կա 100 հեկտար տարածքով Բուսաբանական այգին,- ասում է պրն Վարդանյանը,- գոնե պահակի ու բանվորի հաստիք լինի, տեր լինի գոնե»: Եվ մինչ Բուսաբանության ինստիտուտի ղեկավարները մտածում են ինչպես մի հնարք գտնել, Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը, ԿԳ նախարարության հետ համատեղ հերքում է ուղարկել «Առավոտին» եւ «Արմինֆոյին»՝ մի քանի օր առաջ արված հրապարակման առնչությամբ, ըստ որի, Կենդանաբանության ինստիտուտում 50 տոկոսով կրճատումներ են սպասվում: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, թե ոչ մի կրճատում չկա, սակայն հիշյալ ինստիտուտը պնդում է, որ թեմատիկ կտրվածքով հաստատվել է 17 աշխատակից՝ 10 թեմաներով: Ըստ ԿԳՆ պաշտոնական գրության, թեմատիկ աշխատանքների գծով հաստատվել է 21 հաստիք: Հարց է առաջանում. եթե հաստիքացուցակներում փոփոխություն չի եղել, ապա ինչպես են ԿԳՆ-ում գիտաշխատողների մի ստվար զանգվածի դիմում-բողոքներ հայտնվել: Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ԿԳՆ: Ո՛չ ԿԳՆ գիտության գծով փոխնախարար Արտակ Սահրադյանը, ո՛չ էլ համապատասխան վարչության պետը «Առավոտի» հետ շփվելու ցանկություն չեն հայտնել: Հետեւաբար, մնում է անդրադառնալ միայն մեր աղբյուրների տվյալներին: Իսկ դրանք պնդում են, որ հաստիքների մեծ թվով կրճատում է սպասվում Գյումրիի երկրաֆիզիկայի ինստիտուտում: Այսինքն՝ Հայաստանի սեյսմոակտիվ գոտիներից մեկում տեղակայված ինստիտուտից կրճատվում են երկրաֆիզիկայի՝ առանց այն էլ բացառիկ մասնագետները: Իսկ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտն այս տարի մոտ 18 մլն դրամ պակաս կստանա, քան անցյալ տարի: Որոշ ինստիտուտներում ԿԳՆ-ն պայման է դրել՝ հաստիքների կրճատման պարագայում 10-20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել