«Տապալելու ա՝ տապալենք» Վանաձորում ՀԺԿ-ին ապստամբելու կոչ էին անում «Մենք բազմիցս ենք դիմել նախագահի աշխատակազմ, ԱԺ, արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին՝ մեզ անընդհատ խոստումներ են տալիս երեք գործարանների գործարկման մասին: Բայց մենք վստահություն չունենք, որովհետեւ ունենք դատարանի վճիռ՝ 2002-03 թվականների չվճարված աշխատավարձերի վճարման մասին, ունենք հարկադիր կատարման որոշում, բայց ոչ մեկը ոչ մի քայլ չի անում: Էդպիսի լուրեր ունենք, որ վերեւներում են սահմանափակում հարցը»,- ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին նման բողոք ներկայացրեց վանաձորցի Ռոբերտ Հայկազյանը եւ հորդորեց ԱԺ-ում հարցն անպայման բարձրացնել: Խոսքը Վանաձորի քիմիական գործարանի մասին է, որի հանդիսավոր բացման համար հավանաբար ավելի երկար ժամանակ էին պատրաստվել, քան գործարանն աշխատեց: Ռ. Հայկազյանի կարծիքով, «կան օբյեկտներ, որոնք այսօր էլ կարող են աշխատել, բայց չեն թողնում»: Այս ամենին Արթուր Մարտիրոսյանն էլ իր կողմից հավելեց. «Իրանք թալանում, ծախում են, մեզ էլ փող չեն տալիս»: Համանման իրավիճակ է տիրում նաեւ Վանաձորի «Ավտոպարկ» ձեռնարկությունում. «Կառավարությունը մեզ 92 միլիոն դրամ պարտք է: Երեւանում դատի ենք տվել, դատարանը մեր օգտին է վճիռ կայացրել, բայց վճիռը չի կատարվում: Ուր ասես դիմել ենք, անգամ անձամբ պրեզիդենտին, բայց հեչ բանի տեղ էլ չեն դրել: Էս խունտա ա: 142 ընտանիք՝ շուրջ 1100 երեխաներով, էսօր փաստի առաջ են կանգնած»,-տեղեկացրեց Բրոնետ Ղամբարյանը: Իրավիճակը ներկայացնելուց հետո վանաձորցիներն անցան ակնկալիքները բարձրաձայնելուն. «Մեր խնդրանքը նա է, որ դուք մեր շահերն իրոք ապացուցեք, պաշտպանեք, մենք էլ հոգով-սրտով ձեր թիկունքին կանգնենք՝ տապալելու ա՝ տապալենք: Չէ՞ որ բոլոր տեսակի ապստամբությունները լինում են ժողովրդի դժգոհություններից ու նրանց պաշտպանի շնորհիվ: Խնդրում եմ, կանգնենք միասին՝ մենք էլ ձեր հետ ենք, թե չէ առանձին-առանձին չի լինի»,- Ստեփան Դեմիրճյանին դիմեց Ռուբիկ Բաբաքյանը: «Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյանն ինչքան մնան իշխանության գլուխ՝ Հայաստանի եւ Ղարաբաղի մեջ նրանք պատնեշ են դնում եւ թշնամացնում են մեզ՝ իրանց կարիերայի համար»,- այս կարծիքին է 70-ն անց Հովհաննես Մուրադյանը, որն իր ասելով՝ շատ բաներ է տեսել իր կյանքում, շատ մեծամեծների հետ է շփվել ու նրանց «խաղերի» մասին իմացել: Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին նման տպավորություն ունի Հ. Մուրադյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ