Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանական

Մարտ 02,2005 00:00

Իշխանական «ֆրթոն» Եթե մտքի այն մարգարիտները, որոնք Ռոբերտ Քոչարյանը շաղ է տվել ի պատասխան «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերի, շրջանառության մեջ մտնեին փոքր-ինչ այլ հանգամանքներում, շատերը գուցե կմտածեին, թե Քոչարյանին զրպարտում են՝ նրան վերագրելով դատողություններ, որոնց հեղինակն ինքը չէ: Չափից դուրս անհեթեթ ու անտրամաբանական են տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ նրա արտահայտած մտքերը: Փաստն այն է, սակայն, որ դրանց հեղինակը ոչ այլ ոք է, քան ԱՊՀ երկրների կողմից Հայաստանի նախագահ ճանաչված Ռոբերտ Քոչարյանը: Իսկ դա, իր հերթին, Հայաստանի հասուն բնակչությանը պետք է որ լրջորեն անհանգստանալու տեղիք տա, քանզի տեսեք, թե, մասնավորապես, երկաթուղային հաղորդակցության մասին ինչ զվարճալի բաներ է ասում երկրի ղեկավարը: «Առայժմ երկաթուղային ճանապարհների կառուցման ոչ մի նախագիծ Հայաստանը չի շրջանցել»՝ հայ հանրությանը մխիթարում է Ռոբերտ Քոչարյանը եւ պարզաբանում, որ թեեւ քննարկվում է տարբեր նախագծերով հնարավոր շինարարության հարցը, սակայն խոսքը հսկայական ծախսեր պահանջող նախագծերի մասին է: Փորձենք մարել Քոչարյանի ոգեւորությունն ու, համապատասխանաբար, հայ հանրությանը ետ պահենք անհարկի մխիթարվելու վտանգից: Երկաթուղային ճանապարհների կառուցման ոչ մի նախագիծ Հայաստանն առայժմ չի շրջանցել այն պարզ պատճառով, որ դրանց փաստացի կառուցումը դեռ չի էլ սկսվել: Թերեւս հարկ չկա տրամաբանելու, որ հիշյալ երկաթգծերը Հայաստանը կշրջանցեն կառուցմանը զուգընթաց եւ դրանից հետո: Ինչ վերաբերում է հսկայական ծախսերին, ապա նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերոհիշյալ դարակազմիկ գնահատականը կարող էր հնչեցնել նաեւ (ի դեպ, շատերը հնչեցնում էին) այն ժամանակ, երբ ներդնող երկրները նոր-նոր քննարկում էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի հնարավոր երթուղիների ընտրության հարցը: Այն ժամանակ եւս ԲԹՋ-ի հայաստանյան երթուղին անհամեմատ էժանն էր դիտվում, եւ այն ժամանակ եւս, առանց «սուտասան» որակվելու ռիսկի, կարելի էր պնդել, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը դեռեւս չի շրջանցել Հայաստանը: Կարճ ժամանակ անց, սակայն, բոլորս մեր աչքով տեսանք, թե ինչպես, չնայած ահռելի ծախսերին, ԲԹՋ-ն կառուցվեց եւ թե ինչպես՝ այն շրջանցեց Հայաստանը: Վերջապես, «Տաք գծի» բանախոսի ամենակուրյոզ հայտնաբերումներից մեկի մասին: «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի առնչությամբ վերջինս, մազաչափ իսկ հաշվի չառնելով, որ շատերը աշխարհագրական եւ հաղորդակցական ոլորտներից գոնե տարրական գիտելիքներ ունեն, հայտարարում է, թե հայկականից բացի, այլ երկաթուղային ճանապարհ այդ միջանցքով պարզապես գոյություն չունի: «Այդ պատճառով էլ ակտիվ են նորերի կառուցման մասին խոսակցությունները»,- ասում է նա եւ տեղնուտեղը ինքն իրեն հակասում. «Ի դեպ, ես ողբերգություն չեմ տեսնում եւ այն դեպքում, եթե դրանք կառուցվեն: Մեր երթուղին մրցունակ կլինի»: Ստացվում է, որ այլ ճանապարհներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Մնում է պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում այս էժանագին «ֆրթոնը»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել