«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԷ» Ասում է Աշոտ Մանուչարյանը «Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխությունները հսկայական ազդեցություն են թողել մեր իրավիճակի վրա: Մարդիկ տեսնում են, որ դա հնարավոր է եւ կարող է տեղի ունենալ: Մի կողմից՝ հեղափոխությունները ոգեւորում են այն մարդկանց, ովքեր ուզում են, մյուս կողմից՝ հնից կառչողները միշտ խնդիր են ստեղծում: Յու. Տիմաշենկոն հայտարարեց, որ 3000 ձեռնարկությունների սեփականաշնորհման հարց վերանայվելու է, Սահակաշվիլին կալանավորել է բազմաթիվ նախկինների: Հայաստանում շրջանառության մեջ է դրված, որ կրիմինալ հարուստների ինչ-որ ցուցակ է նախապատրաստվում, եւ դա գալիս է արեւմտյան աղբյուրներից: Հաջորդ իշխանության գործունեության համար դաշտ է նախապատրաստվում: Այս ամենը հսկայական քայքայիչ դեր են կատարում իշխանական համակարգում՝ նրանք սկսում են հրաժարվել համակարգից, որն իրենց թիրախ է դարձնելու: Սա բերում է նոր երեւույթների: Կարեւորագույն հարցը մեկն է՝ ինչպիսի՞ն կլինի համախմբման դաշտը»,- հայաստանյան հեղափոխության հեռանկարների մասին զրույցն այսպես սկսեց հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: «Արդյո՞ք ԼՂ հարցի շուրջ հերթական սրացումները այս անգամ էլ կդառնան Հայաստանում իշխանափոխության պատճառ» «Առավոտի» հարցին ի պատասխան՝ պրն Մանուչարյանն ասաց. «Այդ ուղղությամբ թե քայլեր, թե գործողություններ գոյություն ունեն: Այլ հարց է, թե ինչքանով է մեզ պետք այդպիսի հնարավորությունը»: Նա երկու վտանգ է տեսնում այդ հենակետով իշխանափոխության մեջ. «Արտաքին ուժերի շրջանակում միշտ կլինեն այնպիսիները, որոնք կփորձեն Ղարաբաղի հետ կապված ներքին հակասություններն օգտագործել՝ ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելով նաեւ Ղարաբաղի հարցում: Երկրորդն ավելի կարեւոր է եւ մեզ համար նաեւ ստրատեգիական նշանակություն ունի: Բանն այն է, որ Հայաստանի հիմնախնդիրը Ղարաբաղի հարցը չէ: Այսինքն՝ Ղարաբաղի հարցը մեզ համար շատ կարեւոր խնդիր է, բայց իշխանափոխությունն այդ պատճառով իրականացնելով՝ մենք նենգափոխում ենք այն անհրաժեշտ քայլերը, այդ թվում նաեւ՝ իշխանափոխությունը, որոնք պետք է կատարվեն Հայաստանում, որպեսզի մեր երկիրը դուրս գա նոր, ընդունելի ուղեծիր»: Այս տեսանկյունից, Աշոտ Մանուչարյանի կարծիքով, հարցերի շրջանակը պետք է լինի արժեքային համակարգի փոփոխության հետ կապված: «Այսօր մենք դուրս ենք քաղաքակրթությունից եւ դուրս ենք մեր մշակույթից»,- արձանագրում է մեր զրուցակիցը: Այս պարագայում ինչպե՞ս է վերաբերվում Աշոտ Մանուչարյանը Արամ Կարապետյանի հեղափոխական հայտարարություններին եւ կօգնի՞ նրան՝ Հայաստանում հեղափոխություն իրականացնել: «Ցանկացած ուժ, որը հայտարարում է հեղափոխության անհրաժեշտության եւ այդ ուղղությամբ իր կողմից ծավալվող գործառույթների մասին, պետք է հստակեցնի քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել: Թե Արամ Կարապետյանի, թե մի շարք այլ անձանց մոտ, որոնք այդ մասին խոսել են, դեռեւս վերոնշյալ խնդրի իրականացման փուլն է: Եթե խոսքը, իրոք, արժեքային համակարգի փոփոխության մասին է՝ դժվարին խնդիր է: Ոչ թե նախադրյալներ չկան, այլ խնդիրը ճիշտ քայլերի ընտրությունն է: Փոփոխությունների չինական տեսությունն այսպիսի մի կանոն ունի՝ մի բան ոչնչացնելու համար պետք է կառուցել այլ բան: Պետք է ի հայտ գան մարդիկ, ովքեր կրողն են նոր արժեքների: Եթե կրողը չեն՝ ինչ ուզում է հայտարարեն, միեւնույն է՝ այլ բան են հաստատելու»,- ասում է պարոն Մանուչարյանը: Նա նաեւ փաստում է, որ հոգու խորքում նոր գաղափարների կրողներ են բոլորը, վկայակոչելով այն, որ Հայաստանում չկա մարդ, որը պաշտպանի այս՝ ներկայումս գոյություն ունեցող արժեքային համակարգը, անգամ նրանք, ովքեր կարծես թե վայելողներն են. «Պարզապես նրանք դա պատում են ցեխի եւ կեղտի շերտով՝ հնարավորություն տալով իրենց սանձարձակությանը»: Բայց որ Հայաստանում հասունանում է իշխանափոխությունը՝ Աշոտ Մանուչարյանը կասկած չունի: «Այն, ինչը մեզ խանգարում է այդ փոփոխությունները տեսնել՝ մարդկանց վհատվածությունը, թվում է՝ թե անզորությունը… այս նույն վիճակը եղել է ֆրանսիական հեղափոխությունից առաջ: Բաստիլի գրավման օրը Լյուդովիկոս արքան իր օրագրում գրել է՝ «Ոչինչ»: Այս նույն վհատվածությունն ու անհուսությունն էր, ոչինչ չէր կատարվում, ոչ մի վառ գործիչ չկար: Բայց բռնկվեց»: Բայց այստեղ եւս, ըստ մեր զրուցակցի, ամեն ինչ հարթ չէ. «Այսօր մենք անընդհատ տեսնում ենք, որ տարբեր ուժեր շահագրգռված չեն, որ որեւէ փոփոխություն լինի. այդպիսի ուժեր կան եւ իշխանությունում, եւ ընդդիմությունում: Ընդդիմությունում այն ուժերն են, ովքեր մտածում են, որ այսօրվա փոփոխությունների արդյունքում իրենք չեն ստանա՝ ինչ ցանկանում են կամ անգամ կկորցնեն: Այդ ուժերը շահագրգիռ են, որ ոչինչ չստացվի, վարկաբեկում են այն ուժերին, որոնք փորձում են փոփոխել: Եթե թատերաբեմում տանողը լինեն այսօրվա քաղաքական ուժերը, որոնք հայտնի են, շատ թե քիչ եղել են ավանդական դաշտում… բայց եթե նրանք ի զորու չեղան եւ իրավիճակն էլ պահանջեց, ապա ցանկացած ուժ կարող է ի հայտ բերվել՝ ներսից կամ դրսից: Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինեն փոփոխությունները, կարող եմ ասել միայն այսպես՝ շատ անսպասելի: Լավ, թե վատ՝ արդեն կլինի բախտի քմահաճույքին»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ