Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Մարտ 02,2005 00:00

ՀՅԴ-Ն ՍՂՈՑՈՒՄ Է ԱՅՆ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ Է ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը երեկ 2-րդ ընթերցման ներկայացրեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի 1-ին ընթերցումից հետո անցել է 8 ամիս: Սակայն այս ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ էին արել միայն օրենքի հեղինակները՝ Լեւոն Մկրտչյանը, Մհեր Շահգելդյանը եւ Գալուստ Սահակյանը, ու նաեւ՝ Ռաֆիկ Պետրոսյանն ու Վիկտոր Դալլաքյանը: Վերջինիս առաջարկների կեսը մերժվել էր, եւ մասնավորապես այն առաջարկը, թե «ահաբեկչական գործողություն չի կարող համարվել ազգային-ազատագրական պայքարի ընթացքում պետական կամ զինված կազմավորումների նկատմամբ իրականացված գործողությունը»: Հեղինակներն այս առաջարկը մերժել էին, ինչպես ներկայացրեց Հրայր Կարապետյանը՝ այն հիմնավորմամբ, թե գործող օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով սահմանված չէ «ազգային-ազատագրական պայքար» հասկացությունը: Ուշագրավ էր նման մեկնաբանություն լսելը ազգային-ազատագրական պայքարի ռահվիրա կուսակցության ներկայացուցչի կողմից: Օրենքի նախագիծը տեղիք է տալիս այլ հարցականների էլ: Ասենք, սահմանվում է, թե հակաահաբեկչական գործողություններ իրականացնող անձինք իրավունք ունեն անարգել մուտք գործել, ներթափանցել «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող բնակելի եւ այլ շինություններ, շրջակա տեղանքի հատվածներ, տրանսպորտային միջոցներ»: Մեր հարցին, թե արդյոք այս դրույթը չի՞ հակասում Հայաստանի Սահմանադրությամբ եւ միջազգային համաձայնագրերով վավերացված այն իրավունքին, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք, եւ արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարանը՝ Հրայր Կարապետյանը պատասխանեց. «Ընդհանրապես, նորմերը սահմանված են բնականոն իրավիճակի համար: Իսկ ահաբեկչության չեզոքացումը պահանջում է ոչ ստանդարտ գործելակերպ: Մենք այս օրենքում սահմանել ենք հենց քաղաքացիների անվտանգության շահերից բխող այդպիսի գործելակերպ: Եվ չեմ կարծում, թե այն հակասության մեջ է որեւէ նորմի հետ»: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը նաեւ նախատեսում է որոշակի սահմանափակումներ հակաահաբեկչական գործողության մասին տեղեկատվության տարածման վերաբերյալ: Մեր հարցին, թե չի՞ գտնում, որ այստեղ էլ հակասություններ կան խոսքի ազատության կամ տեղեկություններ տարածելու կամ ստանալու իրավունքի առումով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Այս օրենքում նմանատիպ սահմանափակումները միայն եւ միայն բխում են ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունից: Գաղտնիք չէ, որ հաճախ ե՛ւ մեր երկրում, ե՛ւ մեր երկրից դուրս տարբեր տեսակի տեղեկատվությունները միայն եւ միայն խանգարել են ահաբեկչության բուն կազմակերպիչների եւ իրականացնողների բացահայտմանը: Ուստի այս ոլորտը նույնպես փորձել ենք կարգավորել օրենքի միջոցով»: Անհնար էր չմտաբերել 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները: Հայտնի է, որ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի բուռն դժգոհությունն էր հարուցել, որ «Ա1+»-ը հարցազրույց էր հեռարձակել Նաիրի Հունանյանի հետ: Մեր դիտարկմանը, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որեւէ լրագրող այլեւս իրավունք չի ունենա նման հարցազրույցներ հեռարձակելու՝ Հրայր Կարապետյանն արձագանքեց. «Եթե չկա օպերատիվ շտաբի թույլտվությունը՝ նման հարցազրույցներ վարելու կամ լրատվություն տարածելու վերաբերյալ, ապա, այո՛, կգործեն նման սահմանափակումներ: Բայց հնարավոր է նաեւ, որ օպերատիվ շտաբը որեւէ խնդիր չտեսնի այդ տեղեկատվությունը տարածելու առումով»: Պարզաբանենք, որ այս օրինագծի համաձայն՝ ՀՀ նախագահը կարող է ձեւավորել հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբ, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ԱԱԾ-ի, ոստիկանության, զինված ուժերի, նաեւ գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարներ: Սակայն շտաբի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ նախագահը: Եվ ոչ պակաս ուշագրավ է, որ այս օրինագծով արգելվում է նաեւ այնպիսի տեղեկատվության տարածումը, որն «ուղղված է ահաբեկչության քարոզչությանը կամ արդարացմանը»: Հիշեցրինք, թե հենց որոշ դաշնակցական գործիչներ էին ոչ վաղ անցյալում դատողություններ անում լավ՝ արդարացված կամ վատ ահաբեկչության մասին: Ուստի մտավախություն չունի՞, որ այս սահմանափակումը կարող է հենց իրենց դեմ կիրառվել, ու կստացվի, թե ՀՅԴ-ն «սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»: Հրայր Կարապետյանը չհամաձայնեց. «Բացարձակապե՛ս: Այս դրույթը պայմանավորված է մեր ստորագրած միջազգային համաձայնագրերով, որտեղ կան նման ամրագրումներ: Բայց ես չեմ կարող հիշել որեւէ դեպք, երբ մեր կուսակցության որեւէ անդամ կամ ՀՅԴ-ն պաշտոնապես գովերգի կամ առնվազն դրական վերաբերմունք ցուցաբերի Հայաստանում որեւէ ահաբեկչական գործողության նկատմամբ»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞չ Հայաստանում, եւ ստացանք հաստատում՝ «Նաեւ Հայաստանից դուրս»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել