Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱՆԴԸ «ԶՍՊԵՑ» ԿԱՍՊԱՐՈՎՒՆ

Մարտ 02,2005 00:00

Երեկ Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատի 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարում առաջին հանգստյան օրն էր հայտարարված:

Իսկ նախորդ օրը մասնակիցներն ավարտեցին առաջին շրջանը: Վեցերորդ տուրում կենտրոնականը Վիշվանաթան Անանդ-Գարրի Կասպարով հակամարտությունն էր: Այս երկու գրոսմայստերները միմյանցից կես քայլի տարբերությամբ գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ նրանց այս հանդիպման ելքից կարող էր կախված լինել ընդհանրապես մրցաշարի վերջնական ելքը: Բավականին լարված պայքարի արդյունքում կողմերը 44-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքիի: Ու հետաքրքիրն այն է, որ հնդիկ գրոսմայստերը, որ հավասարապես ուժեղ ու կայուն է հանդես գալիս ցանկացած մրցաշարում եւ ցանկացած մրցակցի դեմ, ոչ մի կերպ չի կարողանում իր մեջ հաղթահարել Կասպարովի հոգեբանական արգելքը: Եվ այս անգամ էլ բացառություն չեղավ. Անանդը չօգտագործեց սպիտակներով խաղացողի առավելությունը: Այդուհանդերձ, նրան հաջողվեց կասեցնել Կասպարովի սրընթաց առաջընթացը:

Բուլղարացի Վեսելին Տոպալովը պարտության մատնեց ետնապահին՝ Ֆրանսիսկո Վալյեխոյին ու վաստակած միավորների քանակով հավասարվեց Անանդին:

Լինարեսում ոչ մի կերպ հաղթանակի քաղցրությունը ճաշակել չի հաջողվում հունգարացի Պետեր Լեկոյին: Բայց նա խուսափել է նաեւ պարտությունից: Հինգ պարտիա ավարտելով խաղաղ արդյունքով՝ նա դեռեւս մրցաշարում բարձր տեղ զբաղեցնելու հեռանկարներ է պահպանում:

Իսկ մրցաշարային աղյուսակը առաջին շրջանի ավարտից հետո այսպիսի տեսք ունի.

1. Գարրի Կասպարով՝ 3,5 միավոր

2. Վիշվանաթան Անանդ՝ 3

3. Վեսելին Տոպալով՝ 3

4. Ռուստամ Կասիմջանով՝ 3

5. Պետեր Լեկո՝ 2,5

6. Մայքլ Ադամս՝ 2

7. Ֆրանսիսկո Վալյեխո՝ 1

Այսօր յոթերորդ տուրում հանդիպում են Վալյեխոն եւ Լեկոն, Կասպարովը եւ Տոպալովը, Ադամսը եւ Անանդը: Ազատ էր Կասիմջանովը:

Լինարեսին զուգընթաց, Ռուսաստանի Պոյկովսկի քաղաքում ընթանում է Անատոլի Կարպովի անվան միջազգային 6-րդ մրցաշարը, որտեղ նույնպես հանդես են գալիս ճանաչված գրոսմայստերներ՝ հայաստանցի Ռաֆայել Վահանյանը, ռուսաստանցիներ Սերգեյ Ռուբլյովսկին, Պյոտր Սվիդլերը, Ալեքսեյ Դրեեւը, Ալեքսանդր Գրիշչուկը, ֆրանսիացի Էտյեն Բակրոն, մոլդովացի Վիորել Բոլոգանը, ղազախ Դարմեն Սավդակասովը, կուբացի Լեյներ Դոմինդեսը եւ ԱՄՆ-ն ներկայացնող Ալեքսանդր Օնիշչուկը: Խաղացվել է երեք տուր: Երկուական միավորով առջեւից ընթանում են Բակրոն եւ Բոլոգանը: Ռաֆայել Վահանյանը 1,5 միավորով առայժմ երրորդ տեղում է:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել