Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հույսը գարնանն է ծաղկում

Մարտ 02,2005 00:00

Գարնան
առաջին օրը «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունեն տարվա այս եղանակից
մեր երկրում քիչ թե շատ հայտնի մարդիկ: Օրինակ, հանրապետության թիվ 1 մարքսիստը՝
Դավիթ Հակոբյանը անգամ գարնանից ակնկալում է կրքերի բուռն պոռթկում եւ գաղափարական
սերնդափոխություն. «Գարնանը պայծառանում է մարդու միտքը, հետեւաբար բարձրանում է
տրամադրությունը… մտքերը հորդում են գարնան հետ մեկտեղ: Ինչ վերաբերում է քաղաքական
ասպարեզին, ապա ամեն գարուն, նաեւ այս մեկը, իր հետ բերում է նոր քաղաքական մտորումներ:
Կարծում եմ, այս գարունը քաղաքական պրոգրեսի առումով էլ կլինի առանձնահատուկ, որովհետեւ
զարթոնք ապրող բնությունը նպաստում է նոր քաղաքական տիտանների ասպարեզ գալուն, նոր
դինամիկային՝ քաղաքական դաշտում»: ԱԺԴ առաջնորդ Արշակ Սադոյանը, ինչպես տարվա
բոլոր եղանակներին, այս գարնան էլ է իշխանափոխություն ակնկալում. «Ամեն գարուն նորից
ու նորովի է ամեն ինչ վերսկսվում: Բնականաբար՝ մեծ սպասումներ: Խնդիրը միայն այն
է, թե կկարողանա՞ն ընդհանուրի՝ ժողովրդի շահերով իրենց շահերը ընկալող մարդիկ իշխանության
մեջ որակական փոխոխություն մտցնել… Գուցե գարնանային պրոցեսները ինչ-որ առումով
նպաստեն այդ ամենին: Պատահական չէ, որ ամեն գարուն որոշակի փոփոխություն է բերում՝
մարդկանց ներքին պոտենցիան, կարողությունները խթանելով»: Սադոյանն ասաց, որ գարունը
երբեք չի ստիպել իրեն սիրահարվել. «Չեմ կարծում, թե մարդիկ այնքան են փոխվել, որ
սիրահարվեն սեզոնային, ամեն դեպքում ձմեռային հոգնատանջ սպասումներից հետո գարնան
գալը ինձ համար ուրախալի է»: Եթե «Բաղնիքդ անուշ» ֆիլմի հերոսները նոր տարվա
գիշերը հավաքվում ու բաղնիք են գնում, ապա դերասան Ազատ Գասպարյանը գարնան առաջին
օրը այլ կերպ է նշում. «Տղերքով հավաքվում ենք, ինչքան կանաչեղեն կա առնում, բերում
ու քեֆ անում»: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն իր
օրինակով ասաց, որ գարնանն ավելի համարձակ քայլերի է դիմում, քան երբեւէ. «Գարունից
սպասում եմ այն ամենը, ինչ պարտավոր է անել, այն է՝ արթնացնել բնությունը: Մենք էլ
բնության մի մասնիկն ենք, մենք էլ ենք արթնանում, նոր ջրեր են հոսում մեր ներսում,
ստեղծագործող մարդու համար այդ ամենի արդյունքը հետաքրքիր է լինում: Տարօրինակ է,
բայց ամեն գարուն ինձ թվում է, թե այն առաջին անգամ է գալիս, գարնանը ես միշտ սիրահարվում
եմ»: Գարնան առաքելության մասին օրիգինալ պատկերացում ունի հատկապես ԱԺ պատգամավոր
Հակոբ Հակոբյանը՝ Էջմիածնից. «Գարունը միշտ էլ նոր ուժ է հաղորդում մարդկանց: Էն,
ինչ չեն հասցրել անել ձմռանը՝ օրինակ, շինարարություն, գյուղատնտեսություն… գարնանը
նորից շարունակում են: Գարունը միշտ էլ բարիք է բերում, ակտիվություն»: Հետաքրքրվեցինք,
երբեւէ սիրահարվե՞լ է գարնանը: «Վա՜յ, ի՜նչ եք ասում, էդ ժամանակները վաղուց անցել
են, համ էլ իմ տարիքը էն չի: Բայց գիտեմ, որ կոնկրետ անասունները էդ եղանակին շատ
աշխուժանում են էդ առումով»: Երեւանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը
տեղեկացրեց, որ գարնան առաջին օրը վերջապես լուր է ստացել, որ մոսկովյան աշխարհահռչակ
«Կրկեսը սառույցի վրա» ծրագիրը մայիսի 15-ից մեկ ամսով «կհյուրընկալվի» Հայաստանում:
«Այս գարնանից ունեմ կրկեսը երկարակյաց տեսնելու ակնկալիք, նաեւ ուզում եմ բոլորը
ժպտան ոչ միայն դիտելով մեր՝ «Գարնանային հրաշքներ» ծրագիրը, այլեւ լինեն երջանիկ
ընդհանրապես»: Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը գարնան առաջին օրը վերադարձել է Հրանտ
Մաթեւոսյանի ծննդավայրից. «Այսօր գարնան ամենասիրուն տեղից եմ եկել՝ Ահնիձորից, ահնիձորյան
մի սիրուն շարք եմ արել: Մաղթում եմ, որ գարունը լինի բարեբեր, տարին՝ գարնան նման
լեցուն ու ծաղկազարդ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել