Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն ընդդեմ պետության

Մարտ 02,2005 00:00

Ինչպիսի գործեր են լսվում Եվրոդատարանում

ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի եւ դրան կից արձանագրությունների մեկնաբանություն» գիրքը, որի շնորհանդեսը վերջերս կայացավ ՍԴ-ում, ըստ մասնագետների, լուրջ համեմատական-իրավական ուսումնասիրություն է: Իսկ ընթերցողների լայն շրջանակներին այն հետաքրքիր է նախ եւ առաջ նրանով, որ տեղեկություններ է պարունակում Եվրոդատարանում լսվող գործերի մասին: Վերաշարադրենք մի քանի բնորոշ դեպք:

«Մականը եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության». Ջիբլարթարում բրիտանական անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից սպանվել էին երեք իռլանդացի ահաբեկիչներ, որոնք բանուկ փողոցում ավտոմեքենայի մեջ ռումբ էին տեղադրել: Դատարանում վիճարկվել էին անվտանգության աշխատակիցների գործողությունները: Եվրոդատարանը վճռել էր, որ «մարդկային կյանքի հարգման սկզբունքը պետք է հանդիսանա պետական իշխանության մարմինների վարքագծի կանոն» եւ, ըստ Եվրոպական կոնվենցիայի, թույլատրվում է միջամտության ծայրահեղ միջոցներ միայն այնպիսի իրադրություններում, որոնք կարող են հանգեցնել կյանքից զրկվելուն:

«Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության». Ոստիկանական մարմինները կոնկրետ անձի կյանքի նկատմամբ հնարավոր մահափորձի մասին նախազգուշացված լինելով՝ նրա անձի ապահովման համար «արդյունավետ միջոցներ» չէին ձեռնարկել, եւ անձը սպանվել էր: Ըստ դիմումատու Օսմանի, պետությունն իր պարտավորությունը չէր կատարել. անձին չէր պաշտպանել: Պատմությունը հետեւյալն է. մի ուսուցիչ ներխուժել էր դիմումատուի բնակարան, կրակել նրա հոր վրա եւ սպանել: Մինչ դեպքը, ուսուցիչը սպառնացել էր դիմողին եւ նրա ընտանիքին: Եվ ԵԴ-ում ծագել էր այն հարցը, թե դիմումատուի հոր կյանքը փրկել հնարավո՞ր էր կանխարգելիչ միջոցառումներով: Ստրասբուրգի դատարանը գտել էր, որ պետությունը չէր կատարել իր պարտավորությունները:

«Պիերսակն ընդդեմ Բելգիայի». Դիմողը նշել էր, որ իրեն դատապարտած դատարանը անաչառ չի եղել, քանի որ դատարանի նախագահը նախկինում մասնակցել է գործի նախաքննությանը որպես դատախազի տեղակալ: Դատարանը նշում է. «Լոկ այն փաստը, որ դատավորը նախկինում աշխատել է դատախազությունում, դեռեւս չի հանդիսանում նրա անաչառությանը կասկածելու հիմք»:

«Վան Մեխելենը եւ այլք ընդդեմ Նիդեռլանդների». 4 անձ 10-ական տարի ազատազրկման էին դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի եւ սպանության փորձի համար: Դիմումատուն գտել էր, որ մեղադրանքն առաջադրվել է ոստիկանների ցուցմունքների հիման վրա, իսկ դատաքննության փուլում ոստիկանների ինքնությունը չէր պարզվել: Դատարանին ուղղված գրության մեջ ոստիկանները չէին բացահայտել իրենց ինքնությունը՝ պատճառաբանելով, թե «վախենում են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումների գործադրումից»: Դատարանը գտել էր, որ պետության ներկայացրած ոչ մի փաստարկ չի վկայել իրական վտանգի առկայության մասին: Անանուն ցուցմունքներն ըստ էության արդարացի դատաքննության իրավունքն էին խախտել:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել