Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ ԿԳՆ-ԻՑ

Մարտ 02,2005 00:00

Կրթության
եւ գիտության նախարարությունը կրճատել է բուսաբանական այգու բոլոր՝ 41 աշխատակիցների
հաստիքները Մի քանի օր առաջ Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներն իմացել
են, որ ինստիտուտի 86 գիտաշխատողներից կրճատվել են 5-ը, իսկ Բուսաբանական այգու աշխատակիցների
հաստիքացուցակը՝ ամբողջությամբ: Ի դեպ, դրանից առաջ խոսակցություններ են տարածվել,
որ այստեղ առաջինների թիվը պետք է հասցվի 76-ի, սակայն բողոքարկումների արդյունքում
ԿԳՆ-ն որոշակի զիջումների է գնացել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինստիտուտի՝
գիտական գծով փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանը: ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն
ունի նաեւ բոլորիս հայտնի Բուսաբանական այգին, որ տարիներ շարունակ ունեցել է գիտակրթական
նշանակություն: Այգին նաեւ տեսարժան վայր է, իսկ պրն Վարդանյանի գնահատմամբ՝ ազգային
հարստություն: Այգին ունի նաեւ երկու ստորաբաժանում՝ Վանաձորում եւ Սեւանում: «Եթե
նախարարության մոտեցմամբ առաջնորդվենք, պետք է զանգենք Վանաձոր ու Սեւան, այգու աշխատողներին
ասենք՝ դարպասները բացեք, գնացեք տուն: Բայց այստեղ աշխատում են մարդիկ, որոնք այսքան
տարի փայփայել են այգին ու այսօր էլ չեն կարող թողնել-հեռանալ»,- մտահոգված ասում
է Ժ. Վարդանյանը: Այդ մարդիկ, միեւնույն ժամանակ, գոնե տրանսպորտի փող պետք է ունենան,
որպեսզի ամեն օր հասնեն այգի ու պահպանեն ամեն ժամ խնամք պահանջող բույսերը: «Մեզ
մոտ բուհերից գալիս էին պրակտիկայի, չէ՞ որ այգին գիտագործնական նշանակություն ունի
նաեւ, աշակերտների համար էքսկուրսիաներ էին կազմակերպվում, ի վերջո նաեւ զբոսաշրջիկների
համար էր տեսարժան վայր»: Ինստիտուտի ղեկավարները խնդրի կապակցությամբ դիմել
են նախարարություն: «Նախարարը թվեր է բերում, ասում է, որ թեմատիկ կտրվածքով գրեթե
ոչինչ չի փոխվել: Բայց կա նաեւ գործնական մասը: Կա 100 հեկտար տարածքով Բուսաբանական
այգին,- ասում է պրն Վարդանյանը,- գոնե պահակի ու բանվորի հաստիք լինի, տեր լինի
գոնե»: Եվ մինչ Բուսաբանության ինստիտուտի ղեկավարները մտածում են ինչպես
մի հնարք գտնել, Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը, ԿԳ նախարարության հետ համատեղ
հերքում է ուղարկել «Առավոտին» եւ «Արմինֆոյին»՝ մի քանի օր առաջ արված հրապարակման
առնչությամբ, ըստ որի, Կենդանաբանության ինստիտուտում 50 տոկոսով կրճատումներ են
սպասվում: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, թե ոչ մի կրճատում չկա, սակայն հիշյալ
ինստիտուտը պնդում է, որ թեմատիկ կտրվածքով հաստատվել է 17 աշխատակից՝ 10 թեմաներով:
Ըստ ԿԳՆ պաշտոնական գրության, թեմատիկ աշխատանքների գծով հաստատվել է 21 հաստիք:
Հարց է առաջանում. եթե հաստիքացուցակներում փոփոխություն չի եղել, ապա ինչպես են
ԿԳՆ-ում գիտաշխատողների մի ստվար զանգվածի դիմում-բողոքներ հայտնվել: Այս եւ մի շարք
այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ԿԳՆ: Ո՛չ ԿԳՆ գիտության գծով
փոխնախարար Արտակ Սահրադյանը, ո՛չ էլ համապատասխան վարչության պետը «Առավոտի» հետ
շփվելու ցանկություն չեն հայտնել: Հետեւաբար, մնում է անդրադառնալ միայն մեր աղբյուրների
տվյալներին: Իսկ դրանք պնդում են, որ հաստիքների մեծ թվով կրճատում է սպասվում Գյումրիի
երկրաֆիզիկայի ինստիտուտում: Այսինքն՝ Հայաստանի սեյսմոակտիվ գոտիներից մեկում տեղակայված
ինստիտուտից կրճատվում են երկրաֆիզիկայի՝ առանց այն էլ բացառիկ մասնագետները: Իսկ
ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտն այս տարի մոտ 18 մլն դրամ պակաս կստանա, քան անցյալ տարի:
Որոշ ինստիտուտներում ԿԳՆ-ն պայման է դրել՝ հաստիքների կրճատման պարագայում 10-20
տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել