ՉԻ՛
ՁԱՆՁՐԱՑԵԼ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ Այսօր ԱԺ պատգամավորների փակ-գաղտնի
քվեարկությամբ Կենտրոնական բանկի նախագահ կվերանշանակվի Տիգրան Սարգսյանը: Բայց մինչ
այդ նա դեռ կշարունակի պատասխանել պատգամավորների հարցերին, կլինեն ելույթներ: Երեկ
սկսված այդ գործընթացն ուղեկցվում էր գովեստի խոսքերով ԿԲ նախագահի հասցեին: Մեծարանքն
այն աստիճանի հասավ, որ Վռամ Գյուլզադյանը վերհիշեց մի պատմություն, թե ինչպես են
կոլխոզի նախագահները գովում շրջկոմի քարտուղարին. «Նա էլ լինում է խելքը գլխին մարդ
ու ասում է՝ տղե՛րք, ասածներդ դիրս գալիս են, բայց չե՛մ հավատում»: «Անդուր» հարց
տվեց միայն Մանուկ Գասպարյանը, որ հետաքրքրվեց, թե 7 տարի ԿԲ նախագահ աշխատելուց
հետո չի՞ ձանձրացել, որ ուզում է եւս 7 տարի պաշտոնավարել: Տիգրան Սարգսյանն էլ ասաց,
թե քանի որ այստեղ կանգնած է՝ ուրեմն պարզ է այդ հարցի պատասխանը: Ներկա հազիվ
20 պատգամավորներին նա հաշվետվություն ներկայացրեց ԿԲ 1998-2005-ի գործունեության
վերաբերյալ: Դրա շնորհիվ, մասնավորապես, պարզ դարձավ, որ մինչ ՀՅԴ-ն խոսում է տեսլականների
մասին՝ ԿԲ-ն արդեն իսկ մշակել է իր «զարգացման տեսլականը»: Տիգրան Սարգսյանը ներկայացրեց,
որ շուրջ 15 առեւտրային բանկեր դուրս են բերվել բանկային համակարգից: Ավանդատուների
98%-ը՝ մոտ 8000 հոգի, ստացել են իրենց ավանդները, մասամբ են ստացել 41-ը, իսկ մի
քանի ավանդատուի էլ, որոնց ավանդները մեծ գումարներ են կազմել՝ ԿԲ-ն համարել է ներդրողներ:
Նա նշեց, թե դրամն արժեւորվել է 14,5%-ով, ինչից շահել է բնակչության աղքատ խավը:
Տիգրան Սարգսյանը նաեւ պնդեց, որ թեեւ Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալը մի
քանի անգամ գերազանցում է անցումային փուլում գտնվող այլ երկրների համանման ցուցանիշը,
սակայն դրանց տեսակարար կշռի «ամենաչնչին մասն են ստանում աղքատները»: ԿԲ
նախագահին մի քանի անգամ հարց ուղղեցին, թե ճի՞շտ էր ոսկու պաշարներից հրաժարվելը:
Տիգրան Սարգսյանն էլ հանգամանալից փաստարկեց, թե ինչու էր ճիշտ ԿԲ խորհրդի այդ որոշումը:
Եվ էլի մի անդուր հարց տվեց Մանուկ Գասպարյանը, թե կարո՞ղ է գոնե մի բանկի անուն
տալ, որը տանիք չունի: ԿԲ նախագահն էլ, բնականաբար, պատասխանեց, թե որեւէ բանկ չունի
«կտուր»՝ հայտնի են բոլորի սեփականատերերը: Ա. Ի.