Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանական «ֆրթոն»

Մարտ 02,2005 00:00

Իշխանական
«ֆրթոն» Եթե մտքի այն մարգարիտները, որոնք Ռոբերտ Քոչարյանը
շաղ է տվել ի պատասխան «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերի, շրջանառության
մեջ մտնեին փոքր-ինչ այլ հանգամանքներում, շատերը գուցե կմտածեին, թե Քոչարյանին
զրպարտում են՝ նրան վերագրելով դատողություններ, որոնց հեղինակն ինքը չէ: Չափից դուրս
անհեթեթ ու անտրամաբանական են տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ նրա արտահայտած
մտքերը: Փաստն այն է, սակայն, որ դրանց հեղինակը ոչ այլ ոք է, քան ԱՊՀ երկրների կողմից
Հայաստանի նախագահ ճանաչված Ռոբերտ Քոչարյանը: Իսկ դա, իր հերթին, Հայաստանի հասուն
բնակչությանը պետք է որ լրջորեն անհանգստանալու տեղիք տա, քանզի տեսեք, թե, մասնավորապես,
երկաթուղային հաղորդակցության մասին ինչ զվարճալի բաներ է ասում երկրի ղեկավարը:
«Առայժմ երկաթուղային ճանապարհների կառուցման ոչ մի նախագիծ Հայաստանը չի
շրջանցել»՝ հայ հանրությանը մխիթարում է Ռոբերտ Քոչարյանը եւ պարզաբանում, որ թեեւ
քննարկվում է տարբեր նախագծերով հնարավոր շինարարության հարցը, սակայն խոսքը հսկայական
ծախսեր պահանջող նախագծերի մասին է: Փորձենք մարել Քոչարյանի ոգեւորությունն ու,
համապատասխանաբար, հայ հանրությանը ետ պահենք անհարկի մխիթարվելու վտանգից: Երկաթուղային
ճանապարհների կառուցման ոչ մի նախագիծ Հայաստանն առայժմ չի շրջանցել այն պարզ պատճառով,
որ դրանց փաստացի կառուցումը դեռ չի էլ սկսվել: Թերեւս հարկ չկա տրամաբանելու, որ
հիշյալ երկաթգծերը Հայաստանը կշրջանցեն կառուցմանը զուգընթաց եւ դրանից հետո: Ինչ
վերաբերում է հսկայական ծախսերին, ապա նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերոհիշյալ
դարակազմիկ գնահատականը կարող էր հնչեցնել նաեւ (ի դեպ, շատերը հնչեցնում էին) այն
ժամանակ, երբ ներդնող երկրները նոր-նոր քննարկում էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի
հնարավոր երթուղիների ընտրության հարցը: Այն ժամանակ եւս ԲԹՋ-ի հայաստանյան երթուղին
անհամեմատ էժանն էր դիտվում, եւ այն ժամանակ եւս, առանց «սուտասան» որակվելու ռիսկի,
կարելի էր պնդել, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը դեռեւս չի շրջանցել Հայաստանը:
Կարճ ժամանակ անց, սակայն, բոլորս մեր աչքով տեսանք, թե ինչպես, չնայած ահռելի ծախսերին,
ԲԹՋ-ն կառուցվեց եւ թե ինչպես՝ այն շրջանցեց Հայաստանը: Վերջապես, «Տաք գծի»
բանախոսի ամենակուրյոզ հայտնաբերումներից մեկի մասին: «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի
առնչությամբ վերջինս, մազաչափ իսկ հաշվի չառնելով, որ շատերը աշխարհագրական եւ հաղորդակցական
ոլորտներից գոնե տարրական գիտելիքներ ունեն, հայտարարում է, թե հայկականից բացի,
այլ երկաթուղային ճանապարհ այդ միջանցքով պարզապես գոյություն չունի: «Այդ պատճառով
էլ ակտիվ են նորերի կառուցման մասին խոսակցությունները»,- ասում է նա եւ տեղնուտեղը
ինքն իրեն հակասում. «Ի դեպ, ես ողբերգություն չեմ տեսնում եւ այն դեպքում, եթե դրանք
կառուցվեն: Մեր երթուղին մրցունակ կլինի»: Ստացվում է, որ այլ ճանապարհներ, այնուամենայնիվ,
գոյություն ունեն: Մնում է պարզել, թե ինչ նպատակ է հետապնդում այս էժանագին «ֆրթոնը»:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել