Հարցազրույց Եվրոպական օմբուդսմենների
խորհրդի հիմնադիր Նիկոլաուս Շվարցլերի հետ – Պարոն Շվարցլեր, քանի որ
հայ ընթերցողի համար դուք այնքան էլ հայտնի չեք, խնդրում եմ նախ պատմեք Ձեր մասին:
– Ես եղել են Ֆորալբերգի (Ավստրիայի երկրամաս.- Մ. Ե.) առաջին ժողովրդական
դատավորը՝ 1984-1996թթ., դա նույն օմբուդսմենն է, պարզապես թարգմանաբար այդպես է
կոչվում: Ես ոչ միայն Ֆորալբերգում ժողովրդական դատավորն էի, այլ նաեւ եվրոպական
օմբուդսմենների միավորման հիմնադիրներից մեկը: Այդ միավորման կենտրոնը Ինսբրուկում
է. ես այդ միավորման նախագահն եմ եղել 1997-2000թթ.: Մինչեւ հիմա էլ ծառայում եմ
այդ միավորմանը՝ որպես միավորման խորհրդի ղեկավարների խորհրդի անդամ: – Դուք
հնարավորություն ունեի՞ք հակառակվել երկրի նախագահին, եթե զգում էիք, որ ապօրինությունը
կատարված է նրա կամ նրա մերձավորների կողմից: – Այո, իհարկե: – Եղե՞լ
են դեպքեր, երբ լուրջ հակամարտություն է առաջացել երկրի առաջին դեմքի եւ ժողովրդական
դատավորի միջեւ: – Այդպիսի դեպքեր շատ հազվադեպ են պատահում, բայց պատահում
են: – Մեզ մոտ այս օրերին բանավեճ է ընթանում մարդու իրավունքների պաշտպանի
լիազորությունների վերաբերյալ, եւ վերջերս մեր օմբուդսմենը կառավարության նիստում
այս հարցով հակադարձեց երկրի նախագահին: – Անցումային շրջանում գտնվող երկրներում
եղել են դեպքեր, երբ օմբուդսմենը սկզբնական շրջանում չի ստացել իր բոլոր լիազորությունները:
Օրինակ, Լեհաստանում օմբուդսմենի ինստիտուտն ստեղծվեց կոմունիստական տարիների ավարտին,
եւ նա այն ժամանակ իրավունք չուներ ստուգել բանակը, ներքին գործերը, բայց ընթացքում
այդ բոլոր խնդիրները կարգավորվեցին, եւ Լեհաստանի այսօրվա օմբուդսմենն ամենաուժեղն
է, որին ես ընդհանրապես ճանաչում եմ: Ես ճանաչում եմ տիկին Ալավերդյանին եւ շատ եմ
գնահատում, նա շատ տրամադրված է աշխատել եւ իրավիճակը գնահատել օբյեկտիվորեն: Եվրոպայի
օմբուդսմենների միավորումը իրավունք չունի նման դեպքերում միջամտել եւ ինչ-որ բան
փոխել, բայց խորհրդատվություն կարող է տալ: Երբ մեզ դիմում են ինչ-որ հարցի շուրջ
փորձաքննություն անցկացնելու համար, մենք դա անում ենք եւ՝ անվճար: – Որքա՞ն
դիմում եք ստանում եւ մարդիկ ի՞նչ կարգի հարցերով են սովորաբար Ձեզ դիմում: –
Ֆորալբերգը ունի 360 հազար բնակիչ եւ տարեկան մոտավորապես 800-900 դիմում է լինում:
Իսկ դիմում են տարբեր հարցերով: Օրինակ, կինը դիմում է գրում եւ ասում, որ ամուսնուն
ձերբակալելիս ձեռնաշղթա են հագցրել: Ես անմիջապես այցելում եմ տվյալ մարդուն՝ համոզվելու,
թե բանտախցում նա իրո՞ք շղթայված է, եթե այո, ուրեմն օրենքը խախտվել է: Մեկ ուրիշ
քաղաքացի դիմում է՝ ասելով, որ ինքը պետք է պետությունից լրացուցիչ գումարներ ստանա,
որովհետեւ իր թոշակը չի բավարարում: Ես այդ դեպքում դիմում եմ համապատասխան ատյանին,
որը պետք է թոշակ վճարեր, բայց քիչ է վճարում, եւ տվյալ դեպքի համար խնդրում եմ ինձ
ուղարկել բոլոր փաստաթղթերը: Քննելուց հետո պատասխանում եմ քաղաքացուն: Մեկ այլ դեպք.
երեխան հեծանվով փողոցն անցնելիս դժբախտ պատահար է տեղի ունենում: Հայրը բողոքում
է, որ ասֆալտի անորակության պատճառով է իր երեխան վայր ընկել: Դեպքը քննելիս տեսնում
եմ, որ երեխան հաճույք է ստացել արագ վարելուց կամ հեծանիվ վարել կարգին չգիտի, ուրեմն
հոր դիմումը անհետեւանք է թողնվում: Կամ, հիվանդանոցում բուժում են ոչ թե հիվանդ
ականջը, այլ՝ առողջը: – Ձեզ մոտ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը մերի
համեմատ շատ զվարճալի են. մերը լինեին ձեր հոգսերը: – Մենք արդեն նախորդ բռնապետությունից
մինչեւ հիմա երկար տարիներ ենք անցկացրել: Հիսուն տարում պետք է լավանար վիճակը,
եւ լավացել է: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՖորալբերգ,
Բրիգենց