«LA PRIMITIV» ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆ Միջազգային մասշտաբների ինտերնետային խարդախությունները հասել են Հայաստան: Մեր գործարար-հայրենակիցներից մի քանիսն արդեն դրա զոհն են դարձել: Աշխարհում նմանօրինակ աֆյորայի մոտ տասը մեխանիզմ է գործում: Դրանցից առավել տարածված են վիճակախաղի եւ շահավետ պայմաններով ներդրումների առաջարկները: Խարդախները բացում են ինտերնետային կայքեր եւ հաճախորդներին առաջարկում մասնակցել վիճակախաղի: Այնուհետեւ «կուտը ուտողներին» էլեկտրոնային նամակով հայտնում, որ խոշոր գումար են շահել, եւ որ փաստաթղթերի ձեւակերպման (շահումն ստանալու համար) ու հարկերի վճարման նպատակով հարկավոր է փոխանցել մի կլորիկ գումար: Մինչդեռ ուշագրավ է, որ Իսպանիայում, որտեղ առավել տարածված է խարդախության այս ձեւը, վիճակախաղերի նկատմամբ հարկեր սահմանված չեն: Մեր հայրենակիցը հենց այս տեսակի խարդախության զոհն է դարձել: Նա անգամ փոխանցել է $857+$50 (փոխանցման համար)՝ հույս ունենալով, որ հետո մեծ գումար կստանա: Փոխանցման փաստը հավաստող փաստաթղթի պատճենը խմբագրությունում է: Ուշագրավ է, որ խարդախության զոհերը նախընտրում են գաղտնի մնալ, որովհետեւ նրանք ոչ թե միամիտ տնային տնտեսուհիներ են, այլ գործող ֆիրմաների մենեջերներ: Եվ ոչ անտեղի մտավախություն ունեն, թե կկորցնեն իրենց գործընկերներին. հայտարարել, որ բավականին տարածված խարդախության զոհ ես դարձել, նշանակում է կարիերայի մեկընդմիշտ խորտակում: Սա հասարակության հենց այն հատվածն է, որն առավել շատ է խուսափում իր անհաջողությունների մասին հանրությանը կամ իրավապահ մարմիններին տեղյակ պահել: Աշխարհում տարածված մյուս ձեւը անասելի շահավետ պայմաններով ներդրումների առաջարկներն են, որ խարդախներն ակնկալում են իրենց զոհից: Լինում են նաեւ շուկայականից 46 տոկոսով ցածր գներով ինտերնետային աճուրդների, բարձր վարձատրությամբ աշխատատեղերի առաջարկներ: Ընդ որում, տարիների ընթացքում մասնագիտական բարձր որակներ ձեռք բերած խարդախները, առաջարկներն առավել գայթակղիչ դարձնելու համար, ժամանակային սահմանափակումներ են դնում: Օգտագործվում են հայտնի ընկերությունների անուններ՝ նրանց կայքերի նմանօրինակները ստեղծելով: Իսկ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինտերնետային խարդախությամբ կորզված գումարների չափը հասնում է շուրջ 1.5 միլիարդ դոլարի: Մեկ «գործարքով» կորզվող գումարը մոտ 1000 դոլար է: Ընդհանրապես ամբողջ աշխարհում սա տարածված խարդախության ձեւ է, պարզապես Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են նոր, այդ պատճառով էլ նոր ենք առնչվում այդ խնդրին: Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի պետական մարմիններն են ստիպված եղել միջամտել՝ իրենց քաղաքացիներին այդպիսի խարդախություններից պաշտպանելու, զգուշացնելու համար: Երեկ նմանատիպ հայտարարություն է տարածել Հայաստանի արդարադատության նախարարությունը. «Դատելով ստացվող բողոքներից, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ինտերնետ-նամակագրության միջոցով ծանուցումներ են ստանում արտասահմանում իբր գործող կոմերցիոն, վիճակախաղերի կազմակերպման եւ այլ գրասենյակներից՝ այն մասին, որ շահել են կամ կարող են շահել խոշոր գումար՝ կատարելով որոշակի վճարում։ Մեզ հայտնի նամակներից վերջինը վերաբերում էր իսպանական «EL GORDO DE LA PRIMITIVA» վիճակախաղին։ Դրա հայաստանցի դյուրահավատ հասցեատերը «շահումի սպասարկման համար» արդեն իսկ «կազմակերպիչներին» փոխանցել էր շուրջ 850 ԱՄՆ դոլար, որը արդարադատության նախարարության մասնագետների oգնությամբ դժվարությամբ հաջողվեց ետ վերադարձնել տուժողին։ Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «LA PRIMITIVA» «վիճակախաղի» զոհ են դարձել բազմաթիվ քաղաքացիներ աշխարհի տարբեր երկրներում։ Նրանց բոլորին «տեղեկացրել» են շահումի մասին եւ առաջարկել հայտնել անձնական, բանկային տվյալներ եւ փոխանցել որոշակի գումար, որն իբր անհրաժեշտ է փաստաթղթերի ձեւակերպման համար։ Հիշատակված նամակներում նշվում է հեռախոսահամար, որով կարելի է ճշտել տեղեկատվությունը, իսկ հեռախոսազանգերին պատասխանում են անգլերենին տիրապետող խարդախները։ Բացի այդ, կեղծարարները ձեզ կարող են ուղարկել «Հավաստագիր» շահումի վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը նախազգուշացնում է. եղեք զգոն եւ աչալուրջ՝ նամակագրության միջոցով ստացվող տարաբնույթ կասկածելի առաջարկների հանդեպ»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ