Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԻՍՏ

Մարտ 01,2005 00:00

ԽԻՍՏ ՊԱՏԻԺ՝ ԾԱՌ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի նախագծի քննարկումը երեկ պատճառ դարձավ, որ ԱԺ-ում անդրադառնան Հայաստանի անտառների վիճակին: Առիթ դարձավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի դիտարկումը, որը մեջբերեց միջազգային կազմակերպության գնահատականը, թե ՀՀ-ում անտառների պահպանության վիճակն աղետալի է. «Նաեւ ասվեց, թե նման տեմպերով ընթանալու դեպքում Հայաստանում 20 տարի հետո ուղղակի չեն լինի անտառներ: Անտառային ծածկույթը Հայաստանում վերանում է»: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ի պատասխան՝ տվյալներ հրապարակեց, թե «Հայանտառի» աշխատակիցների քանակը 5-7 անգամ պակաս է պահպանվող ծավալներից, եւ բացի այդ՝ «364 հազար հեկտար տարածություն է գտնվում «Հայանտառ» ՓԲԸ-ի ենթակայության տակ, որը տարեկան ֆինանսավորվում էր 95 մլն դրամ (հուրախություն մեզ՝ պիտի ասեմ, որ անտառների պահպանության համար գումարներն այս տարի առաջին անգամ ավելացվեցին՝ 400 մլն): Եթե բաժանենք՝ ամեն հեկտարի պահպանման համար ստացվում է 200 դրամ, այսինքն՝ ամեն անտառապահին՝ ամիսը մոտ 20-30 դրամ: Եթե որեւէ մեկին 20 դրամ առաջարկենք 50 մետր քայլելու համար՝ երեւի շա՜տ փիս նեղանա»: Առավել սուր հարցադրումներով հանդես եկավ ՕԵԿ անդամ Ալեքսան Պետրոսյանը, որը հայտարարեց. «Ծառ կտրել-ծախելն այսօր բիզնես է Հայաստանում, ավելի լավ է այնպես անել, որ այդ բիզնեսը հմայիչ չլինի՝ գնան, ուրիշ բանով զբաղվեն»: Ի պատասխան՝ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ, դարձյալ ՕԵԿ անդամ Գագիկ Մխեյանն ակնարկեց, թե սա նաեւ սոցիալապես անապահով մարդկանց համար գոյապահպանության մի ձեւ է: Սակայն Ալեքսան Պետրոսյանը ելույթում հակադարձեց. «Սա նշանակում է՝ եթե քաղաքացին հաց չունի, կարող է ոսկու խանութը կողոպտել, ծախել եւ ուտե՞լ»: Նա ընդգծեց, թե ծառ կտրելու համար պատժամիջոցները պիտի շատ խստացվեն. «3 մետրանոց եղեւնին շուկայում 300 դոլար են ծախում. եկեք սահմանենք, որ 500 դոլար արժե մի եղեւնի կտրելը»: Վարդան Այվազյանն ի պատասխան՝ հայտնեց, թե կառավարությունը հաջորդ ամիս ներկայացնելու է մի նախաձեռնություն, ըստ որի՝ 80 սմ-ից ավելի տրամագիծ ունեցող ծառեր կտրելու համար նախատեսվում է անգամ քրեական պատասխանատվություն: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել