Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ

Մարտ 01,2005 00:00

ԼՂ ՍՏԱՏՈՒՍ – ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԻՆԸ 1998-ի հունվարին փորձագետները զեկույց են ներկայացրել ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդին Դեռ 1998-ի հունվարին` իշխանափոխությունից մոտ մեկ ամիս առաջ, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստի համար փորձագետները ԼՂ հարցին առնչվող զեկույց էին պատրաստել, որը կոչվում էր` «Հինգ այլընտրանք հայկական կողմի համար»։ Փաստաթղթում թվարկած տարբերակների թվում քննարկվել էր նաեւ «Սառեցնել արդի իրավիճակը՝ սպասել ավելի լավ օրվա» տարբերակը: Քանի որ ՀՀ ներկայիս իշխանություններն, ըստ էության, ընտրել են հենց այս տարբերակը, հետաքրքիր է իրականության հետ համեմատել փաստաթղթում արված կանխատեսումները։ Ըստ այդմ, հարցի լուծումը հետաձգելու պայմաններում «Ադրբեջանը կշարունակի եւ ինտենսիվ կդարձնի իր դիվանագիտական պատերազմը՝ միաժամանակ պատրաստվելով ռազմական գործողությունների: Տնտեսական զարգացման հարցում Ադրբեջանն աստիճանաբար առաջ կանցնի Հայաստանից, որի միտումներն արդեն առկա են»: Ռուսաստանը «կարող է համարել, որ, ընդհանուր առմամբ, հակամարտության լուծումը համապատասխանում է իր շահերին», բայց մյուս կողմից՝ «կարող է նաեւ որոշել, որ հարցի լուծման հետաձգումը ձեռնտու է իրեն, որովհետեւ հակառակ դեպքում տարածաշրջանում կորցնում է ազդեցության լծակը», կամ` «որովհետեւ խաղաղությունը կավելացնի Արեւմուտքի, մանավանդ` ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում»,- 1998-ի հունվարին կանխատեսում են փորձագետները: Ինչ վերաբերում է Թուրքիային եւ Իրանին, ապա առաջինը կշարունակի փակ պահել իր սահմանները, իսկ երկրորդը «կշարունակի առերեւույթ դատապարտել այս իրավիճակը՝ որպես Հայաստանի ագրեսիա, սակայն Իրանի համար այս կացության շարունակվելը ձեռնտու է: Վրաստանը կշարունակի մնալ նյարդային եւ կասկածամիտ. կշարունակի Ադրբեջանի հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցության խորացումը, որն ինքնաբերաբար կնշանակի տարածաշրջանում Հայաստանի մեկուսացում եւ տնտեսապես հետ մնալ, այսինքն՝ կվարի Ադրբեջանի քաղաքականությունը»: Փաստաթղթում փորձագետները կանխատեսել էին, որ ԱՄՆ-ը ճնշումները Հայաստանի վրա կավելացնի: «Ժամանակի ընթացքում, լուծման բացակայության եւ առաջխաղացում չլինելու պայմաններում, կսկսի նվազեցնել իր ուղղակի օժանդակությունը, նաեւ` իր դրական վերաբերմունքը ՄՏՀ եւ ՀԲ համակարգերում Հայաստանին տրված օժանդակության հարցում: ԱՄՆ-ը կխորացնի եւ ավելի կթեժացնի Հայաստանի միջազգային վարկի խաթարմանն ուղղված քարոզչությունը: Ավելի հավանական է, որ ավելացնի առաջարկները՝ պարտադրելով որեւէ բան ընտրել»: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա վերջինս հստակորեն ասել է, որ «նվազեցնելու է իր օժանդակությունը, եթե հարցը չլուծվի եւ տարածաշրջանային զարգացման հեռանկար չլինի»,- ասված է փաստաթղթում: Իսկ ընդհանուր առմամբ, 98-ին կանխատեսվում էր, որ «ԵԱՀԿ-ն, բացի Մինսկի խմբի ճնշումներից, ճնշումները կշարունակի երկու ուղղությամբ: Տարեկան հանդիպումների ընթացքում ճնշումներ կկիրառի ի նպաստ տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունման» եւ կջանա մեկուսացնել Հայաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ըստ այդ զեկույցի, «կարող է ԵԱՀԿ-ի կամ ուղղակի համանախագահողների առաջարկությամբ ընդունել նոր բանաձեւ՝ Հայաստանին պարտադրելով լուծման հիմքերը: Ժամանակի հետ կավելանա ՄԱԿ-ի ԱԽ միջամտության հավանականությունը»,- նշում են փորձագետները։ Լուծումը հետաձգելու դրական կողմը փաստաթղթում համարվում է այն, որ մենք ժամանակ կշահենք՝ կարգի բերելու մեր տնտեսությունը, բազմապատկելու օտար ներդրումներն այնքան, որ չեզոքացնենք Ադրբեջանի նավթից ստացված տնտեսական առավելությունը: «Որպեսզի այս տարբերակը դառնա գործոն, պետք է կարողանանք ոչ միայն փոխարինել ուղղակի դեֆիցիտի փակմանը հատկացված նվազող օժանդակությունը, այլեւ ծածկել պաշտպանության հավելյալ ծախսերը, սոցիալական բնագավառում արձանագրել դրական առաջընթաց: Նույնիսկ գումարային տեսակետից եթե կարողանանք ներդրումները հասցնել Ադրբեջանի մակարդակին կամ գերազանցել այն, նավթային ներդրումների եւ շահերի ռազմավարական կարեւորությունը միջազգային հանրության եւ երկրների համար կմնա գերակշռող»,- գրում են փորձագետները: Նշվում է նաեւ, որ այս տարբերակն, անշուշտ, լավագույնն է այն իմաստով, որ հնարավորություն է տալիս ՀՀ ու ԼՂ ղեկավարներին, չընդունելով որեւէ լուծում, չհայտարարվել դավաճաններ, զիջողներ եւ այլն: Բայց «հարցն, ի վերջո, վաղ թե ուշ լուծվելու է՝ մեր մասնակցությամբ, թե առանց մեզ»,- գտնում են փաստաթղթի հեղինակները: «Ժամանակի ընթացքում մեր լծակները ավելանալո՞ւ, թե՞ նվազելու են՝ համեմատած Ադրբեջանի հետ: Կամ՝ շահագրգիռ պետությունների եւ այլ կողմերի շահերը փոխվելո՞ւ են, թե՞ մնալու են նույնը, իսկ փոխվելու դեպքում՝ արդյոք ի նպաստ մե՞զ, թե՞ հակառակը»,- հարցնում են փորձագետները։ Ամենակարեւորը, սակայն, փաստաթղթի համաձայն` «տնտեսական գործոնն է, քանի որ այս տարբերակի դեպքում շրջափակումները պահպանվելու են, ինչը նշանակում է Հայաստանը նորմալ տնտեսական զարգացման հնարավորություն չի ունենալու եւ ահագնացող տեմպերով ետ է մնալու թե Ադրբեջանից, թե Վրաստանից»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել