Դիզայներ-ոսկերիչ
Արման Դավթյանին շատերը պարզապես Նուռ են կոչում: Նա իրեն քանդակագործ է համարում:
Այս տարի աշնանը Արմանը պատրաստվում է նոր ցուցահանդեսի. «Այն կլինի ինձ համար
ամենամեծը, կներկայացվի 60 նոր աշխատանք, որից հետո կմեկնեմ արտասահման»: Ա. Դավթյանի
«Հանճարներ» կոչվող մանրաքանդակների հավաքածուն եւ այլ աշխատանքներ ներկայացվել են
մի շարք միջազգային ցուցահանդեսներում, նրան բերելով գլխավոր մրցանակներ: Արմանն
ավարտել է Երեւանի կիրառական արվեստի ինստիտուտի մետաղի գեղարվեստական մշակման, Մոսկվայի
քարագիտության ինստիտուտի թանկարժեք քարերի բաժինները, ԱՄՆ Մայամիի համալսարանում
ստացել է ոսկերչական դիզայն եւ մոմի մոդելավորում մասնագիտությունը: Արմանի պատվիրատուները
հիմնականում արտերկրից են: «Ես շփվում եմ պատվիրատուի հետ, զգացմունքներս ու տպավորություններս
վերածվում են եզակի իրի, որը նա պետք է կրի: Դրա ձեւը, քարը ես եմ որոշում եւ պատվիրատուն
ստանում է արդեն պատրաստի զարդը: Դեռ չի եղել մի դեպք, որ այն դուր չգա»,- պատմում
է դիզայները: Իր պատվիրատուների մասին նա չցանկացավ խոսել, համարելով դա ինքնագովազդ:
Սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ այդ մարդկանց թվում են ՀՀ նախագահը, նրա տիկինը,
ՌԴ եւ Գերմանիայի նախագահների տիկինները: «Իմ ամենասիրած աշխատանքներից կրում է Արաքս
Մանսուրյանը: Մատանին, որ կրում է Շուշան Պետրոսյանը, կոչվում է «Շուշանիս երազը»:
Մատանիներ եմ պատրաստել նաեւ Նադեժդա Բաբկինայի եւ Աբրահամ Ռուսոյի համար: Հայաստանում
«աստղեր» ես չեմ տեսնում: Եթե լինեին՝ ես նրանց կնվիրեի իմ աշխատանքները,- ասաց Արման
Դավթյանը:- Սակայն իմ ամենահայտնի մեծ պատվերը, որ ստացել եմ ԱՄՆ-ից վերադառնալուց
հետո, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի 62 բրոշներն են: Ինձ համար այնքան
էլ նշանակություն չունի, թե ով է պատվիրատուն: Կարեւորը՝ հետաքրքիր, զարգացած մարդ
լինի, ունենա գեղեցիկի զգացողություն»: «Ես սիրում եմ իմ աշխատանքները՝ երեխաներիս
պես: Եթե սերը մի քիչ պակաս լինի, չի հասնի պատվիրատուին: Դրանք երբեք չեն կրկնվում:
Լինում են դեպքեր, երբ չեմ կարողանում պատվերն ընդունել: Դա կախված է նրանից, թե
ով է իմ դիմաց»,- հավատացնում է դիզայները: Մեր այն հարցին, թե թանկ չե՞ն իր պատրաստած
զարդերը՝ որպես եզակի նմուշներ, եթե համարենք, որ դրանք բոլորը պատրաստված են թանկարժեք
մետաղներից եւ քարերից, Արմանը պատասխանեց. «Մեր հասարակության միջին խավը ռեստորաններում
ավելի շատ գումար է ծախսում, քան կարող են վճարել իմ աշխատանքների համար: Այստեղ
արդեն ներքին կուլտուրայի խնդիր է: Ցավում եմ, որ մեր հասարակությունը դեռեւս պատրաստ
չէ վճարելու այն իրի համար, որը չի կրելու, որն օգտագործելի չէ: Գուցե դա է պատճառը,
որ Հայաստանում իմ ոչ մի մանրաքանդակ չի վաճառվել»: Արման Դավթյանը նաեւ «Միսս
Հայաստանի» մրցույթի առաջին թագի հեղինակն է. դա նրա դիպլոմային աշխատանքն էր: Արմանը
ստեղծագործում է արդեն 19 տարի: Թագի կրկնօրինակը հետո պատրաստել են ուրիշ վարպետներ:
Նա նաեւ «Միսս Մոսկվայի» թագի հեղինակն է: «Այն փոխանցիկ է եւ պահվում է Մոսկվայի
քաղաքապետարանում՝ ամեն տարի հերթական գեղեցկուհուն շնորհելու համար: Թագը ոսկուց
է՝ ադամանդներով ու զմրուխտով զարդարված: Միայն զմրուխտն արժե $40000»,- տեղեկացրեց
Արմանը: Անցյալ տարի նա ցուցահանդես է ունեցել Եվրոպայում՝ Դյուսելդորֆ, Բոնն, Քյոլն,
Բրյուսել, Փարիզ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքներում: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ