Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՃՈԽ ՍԵՂԱՆ ԳՑԵԼԸ ՉԷ»

Մարտ 01,2005 00:00

Այս
տարի լրանում է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի 70-տարին: Թատրոնի տնօրեն
Ռուբեն Բաբայանը ցանկություն ունի հոբելյանը ոչ ավանդական եղանակով նշել: Չի
բացառվում, որ հայտարարվի տիկնիկային թատրոնի շաբաթ ու անապահով ընտանիքների երեխաներին
անվճար ներկայացումներ դիտելու հնարավորություն ընձեռվի: «Մեր թատրոնն էությամբ յուրահատուկ
է, ուստի չենք ուզում, որ նրա հոբելյանը նմանվի պաշտոնական ձանձրալի հոբելյաններին,
որտեղ ի սկզբանե գիտես, թե առաջինը ով է խոսելու՝ Կառավարության անդա՞մը, ԱԺ-ից ներկայացուցի՞չը:
Նման դեպքերում «պաշտոնական մասից» հետո դահլիճում էլ կամաց-կամաց դատարկ տեղեր են
երեւում…Չէ՛, մենք այդպիսի հոբելյան չենք նշելու»,- ասաց պրն Բաբայանը: Նա
մեծ ցանկություն ունի այս առիթով Հայաստանում միջազգային փառատոն կազմակերպել, բայց
հույս չունի, թե կհաջողվի. «Մեր բոլոր գրությունները՝ տիկնիկների թանգարան բացելու,
փառատոների մեկնելու, հետեւաբար նաեւ ինչ-որ չափով պետական աջակցություն ստանալու
վերաբերյալ, պարբերաբար մերժվում են»: Տիկնիկային թատրոնի ղեկավարությունը մշակույթի
նախարարությանն է ներկայացրել նաեւ թատրոնի 70-ամյակի առիթով տպագրվելիք երկլեզու
գիրք-ալբոմի ստեղծման նախահաշիվը: Եվ անկախ աջակցությունից, տնօրենը մտադիր է անպայման
տպագրել այն, որովհետեւ գիրքը նաեւ թատրոնի այցեքարտն է: Հովանավորներից իհարկե չեն
հրաժարվի, սակայն վերջիններիս հետ առայժմ լեզու գտնել չի հաջողվում: Պատճառը, ըստ
պրն Բաբայանի, հովանավորչության մասին օրենքի բացակայությունն է: «Անկախության 15
տարիների ընթացքում որեւէ բան չարվեց, որպեսզի թատրոնի կարգավիճակը համապատասխանի
այն գործունեությանն ու նպատակներին, որին նա ծառայում է: Մեկին մշակույթի նախարարությունը
լավ աչքով է նայում, մյուսին՝ վատ: Նույնն էլ հովանավորներն են: Նրանցից ամեն մեկի
հետ մի ձեւով պիտի խոսես. մեկի հետ պիտի սաունա գնաս, մյուսի հետ սեղան նստես, բայց
մի՞թե դա աշխատելու ձեւ է… Աշխարհում կան որոշակի ձեւեր, օրինակ՝ հարկերից ազատելը,
հովանավորչական գործունեության համար զեղչեր տրամադրելը: Ինչո՞ւ մեզ մոտ էլ էդ բոլորը
չկիրառել: Այս դեպքում ամեն հարցով պետությանը չէին դիմի մշակույթի օջախները»,- նեղսրտեց
Տիկնիկայինի տնօրենը: Ի դեպ, թատրոնում շուրջ 5000 նմուշ (տիկնիկներ, էսքիզներ,
նոտաներ եւ այլն) է հավաքվել, եւ անհրաժեշտ է ընդամենը $13-14000՝ ցուցափեղկերի համար,
որպեսզի թատրոնի ճեմասրահում բացառիկ թանգարան բացվի: Սակայն, ըստ տնօրենի, իրենց
օգնելու հերթը այդպես էլ չի հասնում. «Թատրոնի 70-ամյակը կազմակերպելը մեկ շաբաթվա
գործ է, ի վերջո կանցնի-կգնա: Այն գեղեցիկ է, բայց ընդամենը մեկ օրվա հաճույք: Չարժե
շատ մեծ գումար ծախսել շքեղ սեղան գցելու կամ ճոխ նվերներ անելու համար: Ինձ համար
ավելի կարեւոր է թատրոնի թանգարանի հարցը, որը ոչ մի կերպ չի լուծվում: Մենք
նույնիսկ դիմել ենք վարչապետին, սակայն նամակը կրկին «տեղափոխվել» է մշակույթի նախարարություն,
որտեղից պատասխանել են, թե 2005-ի պետբյուջեում նախատեսված չեն գումարներ թանգարանի
համար: Չէ՞ որ ամեն տարի միջոցառումներ են լինելու ու փողը միշտ էլ չի հերիքելու»:
ԱԺ մշակույթի, երիտասարդության հարցերի հանձնաժողովին ուղղած իր նամակը եւս անպատասխան
է մնացել: Այնտեղ, ի թիվս այլ հարցերի, բարձրացված էր նաեւ թատրոնի գեղարվեստական
ղեկավար-տնօրեն խնդիրը: «Խոսակցությունները, թե կարելի է կնիքն ու ֆինանսները տալ
մեկի ձեռքը, իսկ գեղարվեստական ղեկավարումը թողնել մյուսին, պարզապես դեմագոգիա է»,-
համոզված է Ռուբեն Բաբայանը: Նրա կարծիքով, թատրոնը պետք է ունենա մեկ ղեկավար՝ «ինչպես
ուզում են, թող կոչեն, թեկուզ պահեստապետ»: Առաջիկա փառատոներին մասնակցելու մասին
խոսք լինել չի կարող, նորից գումարի պատճառով՝ նախարարությունը մերժել է: «Ուրիշ
երկրներում մշակույթի նախարարությունները փառատոների մասնակցության ծախսերը վերցնում
են իրենց վրա: Այդ երկրներում նախարարությունն ունի 2 հիմնական ֆունկցիա՝ ազգային
մշակույթը ճանաչելի դարձնել օտարներին, եւ օտարների լավագույնը բերել իրենց երկիր:
Թե չէ միայն տնօրեն նշանակել կամ հանելը չպետք է լինի նրա խնդիրը: Իսկ եթե այս ֆունկցիաները
նախարարությունը չի կատարում, ուրեմն էլ ինչի՞ համար է կոչված նա»,- զարմանում է
70-ամյա թատրոնի տնօրենը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել