Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայր աթոռն՝ ընդդեմ ՍՊԸ-ների

Մարտ 01,2005 00:00

Երեկ
ՀՀ տնտեսական դատարանում, դատավոր Գալուստ Ղարիբյանի նախագահությամբ, քննվեց Մայր
աթոռ սուրբ Էջմիածնի հայցն ընդդեմ Աբովյան 15 հասցեում գտնվող 4 ՍՊԸ-ների, որոնք
գտնվում են Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների տարածքում: Հա յցվորի
ներկայացուցիչ Էդվարդ Պողոսյանը հիշեցրեց, որ 2003-ին ՀՀ կառավարության որոշմամբ
եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով, տարածքը նվիրաբերել են Հայաստանյաց
առաքելական եկեղեցուն՝ Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Հայցվորը
պահանջում է վտարել ՍՊԸ-ներին՝ պետականորեն իրենց հատկացված տարածքից: Ըստ Է. Պողոսյանի,
տարածքը վարձակալած «Վավան» եւ «Կոնսուլ» ընկերությունները պետական գրանցում, ինչպես
նաեւ նոտարական վավերացում չունեն՝ ի տարբերություն մյուս 2՝ «Մաբուս» եւ «ԱՀԱ ինվեստ»
ՍՊԸ-ների: ՍՊԸ-ների եւ ԳԱԱ-ի միջեւ կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը,
ըստ Պողոսյանի, ամբողջությամբ անօրինական են: Այս ՍՊԸ-ներից՝ «Կոնսուլի» ներկայացուցիչը
դատավարության ժամանակ նշեց, որ իր վարձակալության ժամկետը տարեվերջին լրանում է
եւ այդ պատճառով պատրաստ են տարածքն ազատել եկեղեցու նշած ցանկացած պահին: «Մաբուս»
ընկերության ներկայացուցիչ Արգամ Նազանյանն ասաց, որ իրենց վարձակալած տարածքում
բազմաթիվ աշխատանքներ են կատարվել. «47795245 դրամի աշխատանքներ են իրականացվել,
բավականին մեծ տարածք պատվել է բետոնե հաստ շերտով, որը նույնպես գումար արժե»: Սակայն
Է. Պողոսյանն արված աշխատանքներն իբրեւ առավելություն չընդունեց, ավելին՝ նա նշեց,
որ հնարավոր է՝ բետոնապատումը դժվարացնի իրենց կողմից իրականացվող հետագա շինարարական
աշխատանքները. «Բացի այդ, պետության սեփականություն հանդիսացող այս շինությունն ընդամենը
16489000 դրամ հաշվեկշռային արժեք ունի»: Է. Պողոսյանը մի քանի անգամ շեշտեց, որ
ԳԱԱ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, իսկ գույքը պետության սեփականությունն է:
Ըստ վերջինիս՝ ԳԱԱ-ի հետ կնքած բոլոր ՍՊԸ-ների պայմանագրերն անօրինական են: Ինչին՝
պատասխանող կողմից որեւէ լուրջ հակափաստարկ չբերվեց: Ա. Նազանյանը դատարանին
միջնորդեց 20-30 օրով հետաձգել դատավարությունը, որպեսզի այս ընթացքում կողմերը կարողանան
հաշտության եզրեր գտնել: Նա նշեց, որ մինչ դատավարությունը՝ երկու կողմերը հանդիպել
են, սակայն դեռեւս հաշտության գալ չի հաջողվել: Դատարանը մասնակիորեն բավարարեց միջնորդությունը
եւ նիստը հետաձգեց մինչեւ մարտի 16-ը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել