Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼԸ, ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՌԵԿԵՏՈ՞Վ

Մարտ 01,2005 00:00

Հետախուզման
մեջ գտնվող Վահան Հարությունյանը «հանձնվելուց» առաջ գրում է «Առավոտին» Անցյալ
տարի գարնան ամիսներին Վարդենիսում աշխատանք էի ճարել: Իմ ղեկավարած ձեռնարկությունը
ապամոնտաժում էր մի խողովակագիծ, որը գտնվում էր տեղի անտառում: Հազիվ էի սկսել աշխատանքը,
երբ ինձ իր մոտ կանչեց Գեղարքունիքի մարզի դատախազի օգնական Վարդան Հարությունյանը
(այսուհետեւ՝ դատախազ): Իմ գործողությունները օրինական էին, բայց նրա ուզած խողովակների
քանակն այնքան էր, որ «ընկերաբար» չէի կարող նրան «նվիրել»: Հրաժարվեցի, իսկ օրեր
հետո խողովակագիծը վաճառող ձեռնարկության տնօրեն Թաթուլ Կարապետյանը ինձ ասաց, որ
պետք է դատախազին տա 100 տոննա խողովակ: «Թե չէ,- ասաց նա,- նրանից պրծում չկա»:
Դատախազը ինձ վճարեց ապամոնտաժման համար պահանջվող ծախսի կեսը՝ $700, ես իմ գործն
արեցի, բայց նա տարավ ապամոնտաժված խողովակների միայն մի մասը՝ հանդիպելով գնող կազմակերպության
դիմադրությանը: Գործս հարամ եղավ, այն կիսատ թողեցի ու հեռացա: Դատախազը զանգեց.
«Ապեր, մենք ենք մարդ ման գալիս, որ քցենք, դու մե՞զ ես քցում»: Նա ինձնից պահանջեց
իր տված $700-ը: Ես հրաժարվեցի, ասելով, որ կատարել եմ իմ գործը, իսկ ինքը չի կարողացել
տեղափոխել ապամոնտաժված խողովակները: Օրեր անց դատախազը նորից զանգեց եւ ասաց, որ
«Սեւան» ազգային պարկի աշխատակիցը ակտ է գրել՝ անտառին վնաս հասցնելու համար: Այդ
ժամանակ ես Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ
էի կատարում: Այդ աշխատանքների դիմաց ստացված գումարներից $ 700 տվեցի դատախազին:
Մի քանի օր անց դատախազը նորից զանգեց. «Բա էդ ա՞կտը… Լա՜վ, արի՛, մեր ախպորը կօգնենք,
ակտի մասին կմոռացվի»: Պարզվեց, որ «ախպերը» ՀՀ պաշտպանության ԶՈՒ երկրորդ կորպուսի
հրամանատար, գեներալ Հայկազ Բաղմանյանն է, այսուհետեւ՝ «գեներալ»: Գեներալի տված
չնչին գումարներով պետք է ապամոնտաժեի տեղի չգործող գազատարը: Ինձ գեներալի մոտ տարավ
Վարդենիսի ոստիկանության բաժանմունքի պետ Վիտյա Հակոբյանը: Գեներալի տված $8000 գումարից
Վիտյան, այսուհետեւ՝ «ոստիկանապետ», ու դատախազը վերցրին $1000-ական, որից հետո անցա
աշխատանքի: Հրաժարվելը արդեն «բազար» կլիներ: Գեներալի գործը չտուժեց: Նոր
Արտամետի գործի դիմաց եւ վարդենիսցի մի քանի գործարարներից վերցրած միջոցները փոխհատուցեցին
ֆինանսային պակասորդը, իսկ Կոտայքի մարզում մնացին չվճարված պարտքեր: Հույս կար փառքով
դուրս գալ ստեղծված իրավիճակից, եթե գեներալը վճարեր կատարված աշխատանքի դիմաց՝ գոնե
համեստ հաշվարկներով: Բայց գեներալի միտքն էլ էր ծուռ: Գեներալն ինձ փակեց
զորամասում ու պահանջեց իմ կյանքի դիմաց իրեն տալ իր տված ամբողջ գումարը՝ գումարած
$7000 տուգանք: Ես խնդրեցի գեներալի օգնական, կապիտան Արկադիկ Եսիմինչյանին՝ ինձ
տանել դատախազի մոտ, որ նրա միջոցով իբր հաղորդեմ հարազատներիս, որ փող ճարեն: Դատախազը
առանձին զրուցեց ինձ հետ ու տվեց $1000, ասելով, որ ինքը դրանով ձեռքերը լվանում
է այդ գործից: Նրա մտածած սցենարով ես, իր վարորդը եւ իր տանը այդ պահին գտնվող Գեղաքար
գյուղի գյուղապետը գնացինք «փող ճարելու»: Որոշ ժամանակ հետո վերադարձանք եւ ես ասացի,
որ ծանոթներիցս մի կերպ $1000 գումար եմ ճարել: Հաջորդ օրը իմ խնդրանքով Արկադիկը
ինձ տարավ ոստիկանապետի մոտ: Վերջինս մեզ ընդունեց դժկամությամբ, զանգեց գեներալին,
հետո մեկնաբանեց հեռախոսազրույցը, ըստ որի, ես պետք է ազատ արձակվեի եւ 10 օրում
կատարեի գեներալի պահանջը, այլապես ոստիկանապետը պետք է իմ նկատմամբ գործ հարուցեր
եւ ձերբակալման պահին ինձ պետք է սպանեին՝ ձեւակերպելով որպես իմ կողմից փախուստի
փորձ, իսկ իրենց կողմից՝ անհրաժեշտ գործողություն: Ես խոնարհաբար համաձայնեցի ու
հեռացա: «Գեներալ Հայկազի ձեռքն եմ ընկել» իմ հրապարակումից հետո Զինդատախազությունում
քրգործ հարուցվեց: Հետո պարզվեց, որ Վարդենիսում ոստիկանապետը արդեն, ինձ երկար սպասելուց
հետո, նախապատրաստել էր նյութեր՝ իմ դեմ քրգործ հարուցելու համար: Դատախազը իր վարորդի
ու Գեղաքարի գյուղապետի հետ ինձ այցելեց ու խնդրեց, որ իր մասին եւ ընդհանրապես մեր
մութ հարաբերությունների մասին «կոլխոզում ոչ մի խոսք»: Անցել է արդեն 3-4
ամիս: Նրանց նախաձեռնությամբ (դրանում ես համոզված եմ) Կոտայքի մարզի դատախազությունում
իմ դեմ քրգործ է հարուցվել: Ուզում եմ դիմել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
եւ ասել՝ մեր հայրենիքի պաշտպան գեներալը, կարգուկանոնի պաշտպան ոստիկանապետը, օրենքի
պաշտպան դատախազը եթե սրանք են, բա այսքան տարի նա այս երկրում ի՞նչ է անում: Մտադիր
եմ դուրս գալ թաքստոցից, ներկայանալ քննչական մարմիններին, եթե ՀՀ նախագահն անձամբ
հետեւի ԶԴ-ում եւ Կոտայքի մարզի դատախազությունում առկա գործի ընթացքին, տան ինձ
անձնական անվտանգության երաշխիքներ: ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՊատրաստակամ
ենք ներկայացնել այդ մթին պատմության մեջ ներգրավված հակառակ կողմի (կողմերի)
տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել