Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի շատ ապօրինիներ չօրինականացան

Մարտ 01,2005 00:00

Հիմնական պատճառը բնակիչների անվճարունակությունն է: Կան նաեւ «հարակից» պայմաններ:

Տեղի պաշտոնյաների կարծիքով, Գյումրիում գրանցվել է ապօրինի շինությունների օրինականացման ամենացածր ցուցանիշը: Ընդ որում, գործընթացը հավասարաչափ դժգոհություններ է առաջացրել թե՛ պաշտոնյաների, թե՛ բնակիչների շրջանում: Եթե բնակիչներից շատերը զարմացած են նման օրենքի վերջին մեկ շաբաթվա ընթացքում «հայտնությունից», ապա պաշտոնյաները փոխադարձաբար զարմացած են բնակիչների «քար անտարբերությունից»: «Ճիշտ է, հիմնական պատճառը փող չունենալն է, բայց քիչ չեն նաեւ հին մտածելակերպ ունեցողները. երեւի կարծում են, թե ո՞վ է տունս ձեռքիցս առնողը, էլ չեն ասում, թե շուկայական հարաբերություններ են»,- գործընթացի դանդաղ տեմպերը այսպես են մեկնաբանում որոշ պաշտոնյաներ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գյումրիի տարածքային ստորաբաժանման տվյալների համաձայն, քաղաքի պաշտոնապես գրանցված 12000 անօրինական կառույցներից (կան նաեւ չհայտնաբերվածներ) օրինականացվել են ընդամենը 750-ը: Ընդ որում՝ մեծ մասամբ դիմել են կցակառույցների՝ օրինակ, ապօրինի ավտոտնակների, պատշգամբների համար: Իսկ հիմնական անօրինականությունների համար գրեթե դիմողներ չեն եղել:

Մինչդեռ, նկատենք, որ Գյումրին, ի տարբերություն մյուս քաղաքների, ապօրինի շինությունների հարցում եւս առանձնահատուկ է. երկրաշարժից անմիջապես հետո ով որտեղ ցանկացել՝ տուն է կառուցել: Չնայած, բնակիչների ասելով, սա էլ անօթեւանների չարաբաստիկ ցուցակից ազատվելու ելք չէ. մի կողմից ծանր ֆինանսական պայմաններն ու օրինականացնելու համար նախատեսված ժամանակային սահմանափակումն են խանգարում, մյուս կողմից երբեմն կառույցն է հակասության մեջ մտնում քաղաքի դեռեւս չհաստատված հատակագծի հետ՝ չհամապատասխանելով քաղաքաշինական նորմերին:

Մեր տեղեկություններով, ապօրինի շինությունների օրինականացման համար կադաստրի Գյումրիի ստորաբաժանում ներկայացված 1800 դիմումից 165-ը մերժվել է քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, մեր աղբյուրները վկայում են, որ քիչ չեն եղել նաեւ անհիմն մերժումները, որի պատճառով էլ բնակիչները «ավելորդ տեղը դատարանի դռներն են ընկել»:

Քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների դեմ պայքարի բաժնի պետ Աշոտ Քալաշյանի ասելով էլ, իրենք 2 տարի շարունակ թաղեթաղ շրջել են ու բացատրական աշխատանքներ տարել՝ ծանոթացնելով օրենքի դրույթներին, սակայն քաղաքացիների մեծ մասն այնքան անվճարունակ է, որ օրումեջ քաղաքապետարան են ներկայացել՝ խնդրելով զեղչել գները: Քաղաքացիներից շատերն էլ, հատկապես ապօրինի ավտոտնակ ունեցողները, խնդիրն այլ կերպ են ներկայացնում. նրանք դժգոհում են, որ հիշյալ կառույցի որոշ բաժիններում ավտոտնակի օրինականացման գործը քաշքշուկի է վերածվում՝ ինչի վարձ ասես գանձում են: Ավելին, ըստ նրանց, որպես օրինականացման նախապայման, պարտադրվում է աղբի մեկ տարվա վարձը մուծել, որը, ըստ քաղաքացիների, կազմում է 30- 40 հազար դրամ: Բնակիչների ասելով, իրենք նման պայմաններում ավելի ձեռնտու են համարում ավտոտնակների քարուքանդ լինելը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել