Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԻՍՏ ՊԱՏԻԺ՝ ԾԱՌ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մարտ 01,2005 00:00

ԽԻՍՏ
ՊԱՏԻԺ՝ ԾԱՌ ԿՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Բնապահպանական վերահսկողության մասին»
օրենքի նախագծի քննարկումը երեկ պատճառ դարձավ, որ ԱԺ-ում անդրադառնան Հայաստանի
անտառների վիճակին: Առիթ դարձավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի դիտարկումը,
որը մեջբերեց միջազգային կազմակերպության գնահատականը, թե ՀՀ-ում անտառների պահպանության
վիճակն աղետալի է. «Նաեւ ասվեց, թե նման տեմպերով ընթանալու դեպքում Հայաստանում
20 տարի հետո ուղղակի չեն լինի անտառներ: Անտառային ծածկույթը Հայաստանում վերանում
է»: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն ի պատասխան՝ տվյալներ հրապարակեց,
թե «Հայանտառի» աշխատակիցների քանակը 5-7 անգամ պակաս է պահպանվող ծավալներից, եւ
բացի այդ՝ «364 հազար հեկտար տարածություն է գտնվում «Հայանտառ» ՓԲԸ-ի ենթակայության
տակ, որը տարեկան ֆինանսավորվում էր 95 մլն դրամ (հուրախություն մեզ՝ պիտի ասեմ,
որ անտառների պահպանության համար գումարներն այս տարի առաջին անգամ ավելացվեցին՝
400 մլն): Եթե բաժանենք՝ ամեն հեկտարի պահպանման համար ստացվում է 200 դրամ, այսինքն՝
ամեն անտառապահին՝ ամիսը մոտ 20-30 դրամ: Եթե որեւէ մեկին 20 դրամ առաջարկենք 50
մետր քայլելու համար՝ երեւի շա՜տ փիս նեղանա»: Առավել սուր հարցադրումներով
հանդես եկավ ՕԵԿ անդամ Ալեքսան Պետրոսյանը, որը հայտարարեց. «Ծառ կտրել-ծախելն այսօր
բիզնես է Հայաստանում, ավելի լավ է այնպես անել, որ այդ բիզնեսը հմայիչ չլինի՝ գնան,
ուրիշ բանով զբաղվեն»: Ի պատասխան՝ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության
հանձնաժողովի նախագահ, դարձյալ ՕԵԿ անդամ Գագիկ Մխեյանն ակնարկեց, թե սա նաեւ սոցիալապես
անապահով մարդկանց համար գոյապահպանության մի ձեւ է: Սակայն Ալեքսան Պետրոսյանը ելույթում
հակադարձեց. «Սա նշանակում է՝ եթե քաղաքացին հաց չունի, կարող է ոսկու խանութը կողոպտել,
ծախել եւ ուտե՞լ»: Նա ընդգծեց, թե ծառ կտրելու համար պատժամիջոցները պիտի շատ խստացվեն.
«3 մետրանոց եղեւնին շուկայում 300 դոլար են ծախում. եկեք սահմանենք, որ 500 դոլար
արժե մի եղեւնի կտրելը»: Վարդան Այվազյանն ի պատասխան՝ հայտնեց, թե կառավարությունը
հաջորդ ամիս ներկայացնելու է մի նախաձեռնություն, ըստ որի՝ 80 սմ-ից ավելի տրամագիծ
ունեցող ծառեր կտրելու համար նախատեսվում է անգամ քրեական պատասխանատվություն: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել