Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ

Փետրվար 26,2005 00:00

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ Իսպանիայի Լինարես քաղաքում կայացավ շախմատի 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարի երկրորդ տուրը: Նշել էինք, որ մեր կարծիքով ամենահետաքրքիրը լինելու է Կասպարով-Կասիմջանով պարտիան, որում հանդիպում են ՖԻԴԵ-ի գործող չեմպիոնն ու աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը: Ինտրիգը նաեւ այն է, որ Կասպարովը, որը վերջին շրջանում համեմատաբար քիչ է մասնակցում մրցումների, անպայման ձգտելու է ապացուցել իր բարձր կարգը եւ նրա համար, բացի առաջին տեղը գրավելուց, ցանկացած այլ արդյունք անհաջողության է հավասար: Իսկ ուզբեկ գրոսմայստերը պետք է ապացուցի, որ իրավամբ է կրում ՖԻԴԵ-ի չեմպիոնի կոչումը եւ Տրիպոլիում նվաճած այդ տիտղոսը ամենեւին էլ պատահականություն չի եղել: Շախմատային թագի համար միավորման ապագա մրցամարտի մասնակիցների միջեւ պարտիան բավականին լարված ստացվեց: Սպիտակներով խաղացող Կասպարովը շուրջ վեց ժամ տքնում էր իրացնել մեկ որակի առավելությունը, սակայն՝ ապարդյուն: Կասիմջանովը պաշտպանվում էր հմտորեն: Ի վերջո, կողմերը 51-րդ քայլին համաձայնեցին բաժանել միավորը: Ադամս-Լեկո զույգը «կայծակնային» արագությամբ՝ 18-րդ քայլին, խաղաղ դաշն կնքեց, իսկ ահա առաջին տուրում հանգստացած հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը անչափ համառ պայքարում 59-րդ քայլին կոտրեց Վեսելին Տոպալովի դիմադրությունը եւ հաղթանակ տարավ: Այդպիսով, Անանդը դարձավ մրցաշարի միակ մասնակիցը, որը դեռեւս միավոր չի կորցրել ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երեկ երրորդ տուրում հանդիպեցին Պետեր Լեկո-Վիշվանաթան Անանդ, Ռուստամ Կասիմջանով-Մայքլ Ադամս եւ Ֆրանսիսկո Վալյեխո-Գարրի Կասպարով զույգերը: Վեսելին Տոպալովը հանգստանում էր: Լինարեսում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելը բավականին դժվար ու անհարմար է ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ շախմատասերների համար: Այս տեսակետին համակարծիք են նաեւ ճանաչված գրոսմայստերներից շատերը: Նկատի ունենք նախ եւ առաջ մասնակիցների կենտ թիվը: Յուրաքանչյուր տուրում շախմատիստներից մեկն ազատ է լինում ու հնարավոր չէ նորմալ հետեւել պայքարին, մրցաշարային աղյուսակում նրանց տեղաշարժին: Մասնագետների կարծիքով, իրեն սպառել է նաեւ փոքրաթիվ մասնակիցների միջեւ երկու շրջանով մրցամարտ կազմակերպելը: Մանավանդ որ, գրոսմայստերներն առանց այդ էլ միմյանց լավ են ճանաչում եւ հաճախակի հանդիպումները նրանց արդեն հետաքրքիր չեն: Նրանք առաջարկում են թարմություն մտցնել, փոխել մրցաշարի ֆորմատը, վերադառնալ 90-ականների տարբերակին, երբ ավելի մեծ թվով մասնակիցներ էին այնտեղ հանդես գալիս եւ ուր ընկնել՝ երազում էր ամեն մի լուրջ գրոսմայստեր: Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել