Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր

Փետրվար 26,2005 00:00

Նոր համայնք՝ Հալեում Գերմանիայի Հալե քաղաքում նոր հայ համայնք է ձեւավորվել եւ դրանում իր վաստակն ունի այժմ արդեն Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ տեր Անուշավան վարդապետ Ժամկոչյանը: Նա 1998-ին Գարեգին Առաջին վեհափառի օրհնությամբ մեկնել էր Գերմանիա՝ կատարելագործելու իր երաժշտական կրթությունը, համատեղ նաեւ ծավալելու հովվական գործունեություն: «Ի տարբերություն հայերի, որոնք մեծ մասամբ անտարբեր են, գերմանացիները հետաքրքրված են հայկական եկեղեցական երաժշտությամբ: Դա են վկայում իմ հինգ համերգները, որ ունեցա եկեղեցիներում՝ երգեհոնի նվագակցությամբ: Մեծ բազմություն էր լինում համերգներին, չնայած այսօր Գերմանիայի եկեղեցիները դատարկ են»,- պատմում է հայր Անուշավանը: Գարեգին Երկրորդ վեհափառի օրհնությամբ երիտասարդ վարդապետն ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ՝ ուսումնասիրելով կանոնական իրավունք: Կայզեր Վիլհելմի համալսարանում պաշտպանելով թեկնածուական թեզը՝ նա ստացել է աստվածաբանական գիտությունների թեկնածուի աստիճան: Գերմանիայի Հալե քաղաքում, ուր ուսանում էր հայ Անուշավանը, ճանաչում էին ընդամենը երկու հայի: Նրանք երկուսն էլ դասավանդում էին համալսարանում՝ պրոֆեսորներ Խաչիկ Նազարյան եւ Արմենուհի Թորոս-Աբգարյան: «Կարծիք կար, որ Հալեում հայ չկա, սակայն համերգի ժամանակ եկան-հավաքվեցին բազմաթիվ հայեր, հիմնականում փախստականներ Հայաստանից,- ասաց հայր Անուշավանը,- գործունեությունը, որ ծավալվեց, ինձ համար էլ մեծ փորձառություն էր: Այն ընթացք տվեց հայ համայնքի ստեղծմանը Գերմանիայի Հալե քաղաքում: Քաղաքապետարանի աջակցությամբ, որը մեզ շենք հատկացրեց, բացեցինք մեկօրյա դպրոց, ուր սովորում էին հայոց պատմություն, լեզու, գրականություն: Ես էլ հոգեւոր զրույցներ էի ունենում: 24 աշակերտ հավաքվեց, որոնց հետ երեք դասախոս երեք հերթափոխով պարապում էին: Բացեցինք նաեւ «Հայկական ալիք» ռադիոժամը, որը լսում էին բավական մեծ տարածական դաշտում, ուր բազմաթիվ հայեր են ապրում: Ամիսը 2-3 անգամ պատարագ ենք անում»: Իբրեւ հոգեւորականի, հայր Անուշավանը իր նվաճումն է համարում Հալեում հայ համայնքի ստեղծումը, որը նրա եւ այլ նվիրյալների ջանքերով ունեցավ իր կանոնադրությունը, պետականորեն գրանցվեց եւ ճանաչվեց՝ համայնքի գործունեությունը դնելով իրավական հիմքերի վրա: «Այս համայնքի համերաշխության ու միմյանց հանդեպ ջերմ վերաբերմունքի շնորհիվ էր, որ կայացավ «հայկական աշխարհաժողով»: Այն կազմակերպել էր քաղաքապետարանը, Հալեի աստվածաբանական ֆակուլտետի դեկան Հերման Գոլցը, Խ. Նազարյանի եւ Ա. Թորոս-Աբգարյանի, Գերմանիայի հայոց թեմի եւ դեսպանատան օժանդակությամբ: Աշխարհի տարբեր ծայրերից հայեր ներկա եղան աշխարհաժողովին, կազմակերպվեցին հայ եկեղեցու պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներ: Այցելուները շատ-շատ էին, խմբերով նաեւ գերմանացի դպրոցականներ էին գալիս՝ դիտելու ցուցահանդեսը, ծանոթանալու հայկական մշակույթին»: Արդեն հինգ ամիս է, ինչ հայր Անուշավանը վերադարձել է եւ ծառայում է Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ծրագրերն ու խնդիրները բազմազան են: «Ձեռնամուխ ենք լինում, որպեսզի եկեղեցու տարածքում շուտափույթ բացվի ժողովրդական լսարան կոչվող սրահը, ուր հավատացյալ մարդը կարող է ստանալ իրեն անհրաժեշտը: 3-4 գիտնական հոգեւորականներ պիտի դասավանդեն Հին եւ Նոր կտակարաններ, հայ եկեղեցու պատմություն, եկեղեցական երաժշտություն, ծիսագիտություն, ժամագիրք,- տեղեկացրեց հոգեւոր տեսուչը:- Սկզբնական շրջանում պարապմունքները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ: Հունիսի 11-ին Գյուտ նշխարաց տոնն է եւ քանի որ Լուսավորչի մասունքները պահվում են այս եկեղեցում, մտածում ենք այդ օրը հռչակել Լուսավորչի ուխտի օր»: Այս տարվա ծրագրերի շրջանակներում հայր Անուշավանը տեղեկացրեց, որ կկանաչապատվի եւ կբարեկարգվի եկեղեցու շրջակայքը, նախատեսել են վերջացնել ավտոկանգառի ասֆալտապատումը, կդրվի գրատան հիմքը: Լուսավորությունն ապահովելու համար պատվիրվել են 62-63 որմնաջահեր: Առաստաղը նկարազարդելու, սրբապատկերներն ավելացնելու խնդիրներ ունի եկեղեցին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել