ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ փետրվարի 11-17-ը Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում պետք է բացվեր «Վերադարձ ավետյաց երկիր» խորագիրը կրող հայկական կինոյի շաբաթ: Միջոցառման բացմանն ու փակմանը ցուցադրվել են Տիգրան Խզմալյանի «Օդից թեթեւ» եւ «Սերտեմբեր» ֆիլմերը: Ընդ որում, վերջին ֆիլմը անգլիացի կինոքննադատները որակել են որպես «20-րդ դարավերջի պոետական կինո»: Հայկական կինոյի շաբաթին մեծաթիվ հանդիսատես են ապահովել հատկապես Փարաջանովի, Փելեշյանի, Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Տիգրան Խզմալյանը նոր է վերադարձել Լոնդոնից եւ իր տպավորություններով հանդես կգա առաջիկա ասուլիսում: Ռեժիսորը «Առավոտին» տեղեկացրեց, որ, ի տարբերություն մեր մայրաքաղաքի, Լոնդոնում կա շուրջ 500 կինոթատրոն: Գրեթե ամեն շաբաթ այնտեղ կազմակերպվում են կինոոլորտին վերաբերող բազմազան միջոցառումներ: Ըստ նրա. «Հայկական կինոն այդ ֆոնի վրա ոչ միայն չկորավ, այլեւ մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես լոնդոնաբնակ մեր հայրենակիցների, այնպես էլ անգլիացիների եւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կինոսիրողների շրջանում: Այս միջոցառումից հետո, եւս մեկ անգամ համոզվեցի, որ մենք աշխարհին, բացի մեր մշակույթից, այլ բանով հետաքրքիր չենք»: Միջոցառման օրերին, բացի ֆիլմերի ցուցադրումից, տեղի են ունեցել կինոքննարկումներ, մամուլի ասուլիսներ: Հայկական կինոյի շաբաթին ներկա է եղել եւ այն լուսաբանել է թուրքական մի ռադիոընկերության լրագրող: Պրն Խզմալյանը Լոնդոնից վերադարձել է ոչ միայն հաճելի տպավորություններով, այլեւ բացառիկ արժեքավոր նվերով. անգլիական հայտնի «Վերդիգո» կինոհանդեսի գլխավոր խմբագիր Գարեթ Էվանսը նրան է նվիրել Փարաջանովի ֆիլմերից դուրս մնացած կադրերի հավաքածուն: Խզմալյանի կարծիքով, Փարաջանովն իր հայրենիքում բավականաչափ գնահատված չէ. «Նրան ընդամենը որպես ստերեոտիպ են ընդունում: Այդ են վկայում «Հայֆիլմի» կինոդարանում տարիներ շարունակ անուշադրության մատնված նրա ֆիլմերից դուրս մնացած կադրերը, որոնք օտարերկրյա կինոռեժիսորների կողմից խնամքով հավաքվել եւ մի ամբողջական հավաքածու են դարձել»: Ա. ՔԵՇԻՇՅԱՆՀ. Գ. Մեր զրույցի վերջում Տ. Խզմալյանն անդրադարձավ իրեն «Երեւան» ստուդիայի տնօրենի պաշտոնից ազատելու հարցին: «Ես ոչ մեկին չեմ մեղադրում ինձ պաշտոնանկ անելու մեջ: Տեղի են ունենում բարեփոխումներ, որոնք ես չեմ ընդունում, հարմարվում: Պարզապես չեմ կարող երկարամյա աշխատանքային փորձ ունեցող բացառիկ մասնագետներին վերցնել ու հեռացնել աշխատանքից, իսկ ինձ այս տարիների ընթացքում անընդհատ մեղադրել են հնացած կադրեր պահելու համար: «Երեւան» ստուդիայում իմ գործունեությունից ես չեմ դժգոհում: Աշխատածս յոթ տարիների ընթացքում ստուդիայում նկարահանվել է 24 վավերագրական, 3 գեղարվեստական ֆիլմ, «Մենք» շարքը: Այդ ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների, ստացել մրցանակներ»: