Լրահոս
Օրվա լրահոսը

Երեսուն

Փետրվար 26,2005 00:00

Երեսուն դրամով թանկ ջուր Այս դեպքում են ջրամատակարար ընկերությունները խոստանում ջուր՝ առանց որդերի Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկեց եւ մասնակի բավարարեց հանրապետության երկու մարզերի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման սակագների բարձրացման մասին «Շիրակջրմուղկոյուղու» եւ «Լոռիջրմուղկոյուղու» առաջարկները: Այս երկու ընկերություններն էլ նոր են ստեղծվում եւ նախկինում գործող 100 դրամի փոխարեն «Շիրակը» հայտում նախատեսում էր ջրի գինը թանկացնել 31, իսկ «Լոռին»՝ 38 դրամով: Սակայն Հանձնաժողովը «Շիրակի» դեպքում հաստատեց 120, իսկ «Լոռիի» դեպքում՝ 121 դրամ սակագները: Հանձնաժողովի որոշմամբ նոր սակագները կգործեն այս տարվա ապրիլի մեկից: Երկու ընկերությունների տնօրեններն էլ սակագնի բարձրացումն այսպես հիմնավորեցին. «որպեսզի բնակչությունը որակյալ ջրամատակարարում ունենա: Այդ 20-30 դրամները որ մարդիկ կվճարեն, կուղղվի ջրամատակարարման որակի բարձրացմանը եւ ջրի ծորակից էլ որդեր չեն գա»: Չնայած՝ ջրամատակարարման հիմնական բարեփոխումներն իրագործվելու են խոշոր վարկային ծրագրերի հաշվին: Վարկերը յոթ տարվա ընթացքում, ընկերությունների փոխարեն 0,75 տոկոս տոկոսադրույքով կմարի ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարությունը: Ընկերությունների ղեկավարները թանկացումը նաեւ հիմնավորեցին պետության կողմից հատկացվող սուբսիդիաների բացակայությամբ: Սակայն որքան էլ նիստի ընթացքում ջրի թանկացման անհրաժեշտությունը հիմնավորվեց, այդուհանդերձ, ընդդիմացողներ եղան: «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Ատոմ Սարգսյանը հանձնաժողովին համոզում էր, որ ջուրը թանկացնելու մտադրությունից «գոնե ժամանակավորապես» հետ կանգնեն, հաշվի առնելով երկու մարզերի՝ աղետի գոտի լինելու հանգամանքը. «Այդ մի քանի դրամն էլ բնակիչների համար նշանակություն կունենա»: Ա. Սարգսյանի խոսքերով, թեեւ թերթերում այդ մասին հայտարարություն է եղել, սակայն նշյալ մարզերում անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ թանկացման մասին ոչ բոլոր բնակիչներն են ծանուցված: «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանի խոսքերով, Շիրակում կան համայնքներ, որոնք ջրագծերի բացակայության եւ քայքայված ցանցի պատճառով մինչ օրս ամենօրյա ջրամատակարարում չունեն: Նրա կարծիքով, թանկացմանը զուգահեռ՝ ջրամատակարարման որակը կլավանա, ինչը կնպաստի գումարների հավաքագրման աճին. «Այժմ Շիրակում այն կազմում է 40 տոկոս, բայց բարեփոխումներից հետո ակնկալում ենք գոնե հասցնել 85 տոկոսի»: «Շիրակջրմուղկոյուղին» սպասարկում է Գյումրի, Մարալիկ քաղաքները եւ հարակից 34 համայնք: Ընկերությունն ունի 148 հազար բաժանորդ եւ, ներդրումային ծրագրի համաձայն, առաջիկայում պատրաստվում է տեղադրել 24 հազար ջրաչափ: «Լոռիջրմուղկոյուղին» սպասարկում է Վանաձոր քաղաքն ու 16 գյուղական համայնք, ունի 34 հազար բաժանորդ, որից սպասարկվում է 28 հազարը: Մոտ ապագայում խոստանում է տեղադրել 4500 ջրաչափ: Հարց է մնում այն, թե ինչո՞ւ պետք է բնակիչներն արդեն ապրիլի մեկից վճարեն բարձրացված սակագներով, եթե որակյալ սպասարկում լավագույն դեպքում կլինի երեք ամսից հետո: Միգուցե առաջ՝ ծառայությունը, հետո՞ վճարը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել