Հայաստան ասելիս… Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը զարմանալիորեն միանման են մտածում: Օրերս Գալուստ Սահակյանն իրեն բնորոշ խորաթափանցությամբ հայտարարել էր՝ եթե Հայաստանում իրականանան իշխանափոխության վրացական եւ ուկրաինական սցենարները, մենք կկորցնենք Հայաստանը: Հիշեցնենք, որ Բրատիսլավայում, Պուտինի հետ կայանալիք հանդիպումից առաջ ելույթ ունենալով հրապարակում հավաքված սլովակների առջեւ, ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, որ Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակով շուտով բարեփոխումներ կլինեն նաեւ Մոլդովայում եւ Բելառուսում: Հայաստանի անունը Բուշը չէր տվել՝ հավանաբար Գ. Սահակյանի նման մտահոգվելով Հայաստանի հավանական կորստով: Ըստ այլ կարծիքների, Բուշը «հեղափոխությունների» համատեքստում Հայաստանին չէր անդրադարձել այն պարզ պատճառով, որ նախ՝ առաջիկայում այստեղ քիչ թե շատ հետաքրքիր ընտրություններ չեն սպասվում, եւ ապա՝ Հայաստանը, որպես քաղաքական գործոն, վաղուց սպառել է իր լրջության պաշարը: Ինչպես ասում են՝ Աստված Բուշի եւ իր դատողությունների հետ: Տվյալ պահին մեզ ավելի հետաքրքիր են թվում ՀՀԿ խմբակցության ղեկավարի խիստ ինքնատիպ մտահանգումները: Եվ այսպես. փորձենք հասկանալ, թե ով ինչ կկորցնի, եթե Հայաստանում, այնուամենայնիվ, իրադարձությունները զարգանան վրաց-ուկրաինական սցենարով: Իհարկե, այդպիսի սցենարի ամբողջական արտապատկերումը մեր իրականության մեջ գուցե թե անհնար է, քանի որ Հայաստանի ներկայիս քաղաքական ներկապնակում բացակայում են աջ ուղղվածության ծանրակշիռ արեւմտամետ ուժերը, որոնք էլ կարող էին Արեւմուտքից համակողմանի աջակցություն ակնկալել: Բացի այդ, հայ հասարակությունը դեռեւս անպատրաստ է արտաքին քաղաքական կողմնորոշումներում ռադիկալ փոփոխությունների գնալ: Հայաստանում Վարդերի հեղափոխության խորհուրդը հասարակական գիտակցության մեջ զուգորդվում է մեխանիկական իշխանափոխության երեւույթի հետ, որը զուրկ է որոշակի գաղափարախոսական հենքից: Այդպիսի հեղափոխության արդյունքը հասարակական ռոմանտիկ պատկերացումներում մոտավորապես հետեւյալ տեսքն ունի. ներկայիս հանցավոր իշխանությունները կհեռանան, կգան ավելի ազնիվ մարդիկ, որոնք կպատժեն ժողովրդին հարստահարող խունտային, կվերադարձնեն թալանված ազգային հարստությունը, կվերացնեն կոռուպցիան ու կվերականգնեն արդարությունը: Մինչդեռ իրականում առանց հստակ, համակարգված եւ բնակչության առնվազն կեսի համար հոգեհարազատ գաղափարախոսության ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չի լինի դույզն-ինչ շտկել իրավիճակը: Մի բան հաստատ է. հայկական «վարդերը» կամ «նարինջներն» այստեղ միանշանակորեն կհանգեցնեին տնտեսական հզորությունների վերաբաշխմանը: Արդյունքում Գալուստ Սահակյանը եւ իշխանական էլիտայի շատ ուրիշ ներկայացուցիչներ կկորցնեին իրենց պատկառելի եկամուտները: Գուցե դա նրանց տեսակետից համարժեք է Հայաստանը կորցնելուն, բայց չէ՞ որ այդժամ կհայտնվեին մարդիկ, որոնք նոր Հայաստան կբացահայտեին իրենց համար: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ