Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ

Փետրվար 26,2005 00:00

ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵԱՀԿ-ՈՒՄ Եվրոպացիները որոշեցին պայքարել բամբասանքների դեմ ԵԱՀԿ վեհաժողովում երեկ տեղի էին ունենում հանձնաժողովների նիստերը, որոնց մասնակցող պատգամավորները ճարպկորեն կարողանում էին ներկայացնել իրենց հուզող կամ իրենց համար կարեւոր հարցերը: Երեկվա նիստի օրակարգում ազգային փոքրամասնությունների եւ ազատ մամուլի խնդիրներն էին: Նախորդ օրը Հայաստանի պատվիրակությունը հասցրել էր շուրջ երեսուն երկրների պատվիրակների հանձնել մի քանի գրքույկներ: Դրանցից մեկը նվիրված էր Գուրգեն Մարգարյանի սպանությանը, կար մի գիրք, որը կոչվում էր «Խոջալուի ճշմարտության մասին հատուկ դոսյե», նաեւ մի գիրք, որը պատմում էր ղարաբաղյան պատերազմում իսլամական գործոնի մասին: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկվա նիստում, օգտվելով հարցեր տալու իրավունքից, ուշադրություն հրավիրեց ադրբեջանական սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը եւ իրականացվող դատավարությանը: Նախագահողը համաձայնության նշան արեց գլխի շարժումով: Բավականին ուշագրավ էր, թե ինչպես են եվրոպական խորհրդարանականները քննարկում ազատ մամուլի խնդիրները եւ ԶԼՄ-ների գործունեությունն ավելի ազատ դարձնելու հնարավորությունները: Հունգարացի խորհրդարանական Միկլոշ Հարաշտին, որը իր քաղաքական գործունեությունը սկսել է որպես մաոիստ, եղել է դիսիդենտ, հիմա էլ բավականին հաջողակ ձախ իրավաբան է, երեկ ազատ մամուլի խնդիրները ներկայացնելով՝ ԵԱՀԿ նիստերի դահլիճում հայտարարում էր, որ լրագրողները պետք է ամեն ինչ անեն՝ ազատագրվելու համար պատմական սարսափից: Ըստ նախկին հալածյալի՝ «ցանկացած ժողովրդավարական երկիր ինչ-որ ժամանակ եղել է բռնապետական, եւ այժմ ցանկացած ժողովրդավարական երկիր պետք է ապահովի լրագրողի պաշտպանվածությունը, որն էլ կբերի լրագրողի ազատության»: Ի դեպ, Միկլոշ Հարաշտին հայտնի է որպես «Ա1+»-ի պաշտպան. ժամանակին նա բազմաթիվ հայտարարություններ է արել ի պաշտպանություն ՀՀ իշխանությունների կողմից փակված հեռուստաընկերության: Եվրոպացի պատգամավորները բավականին լրջորեն քննարկում էին մամուլի բամբասանքներից մարդկանց, ավելի ճիշտ՝ քաղաքական գործիչներին պաշտպանելու հարցերը: Ֆրանսիայի պատգամավորներից մեկը դեպքեր պատմեց, երբ մամուլում հրապարակված «բամբասանքի» պատճառով մի քանիսը ինքնասպան են եղել, եւ առաջարկեց հնարավորություն ստեղծել, որ իրականությանը չհամապատասխանող բամբասանքներին հերքումը տրվի անմիջապես: Պատգամավորները նրա հետ կարծես թե համամիտ էին: Եվրոպայում եւս ԶԼՄ-ների ֆինանսավորման հարցերը խիստ ակտուալ են: Խոսվում էր այն մասին, որ դրսից ֆինանսավորվող ԶԼՄ-ները լուրջ եւ վտանգավոր կախման մեջ են լինում ֆինանսավորողներից, ինչը խանգարում է ԶԼՄ-ների արդար եւ անկողմնակալ աշխատանքին: Հետաքրքիր է, որ այս առումով բավականին անհանգստացած էր Իտալիայի ներկայացուցիչ պատգամավորը: Ռուսաստանի պատվիրակը ներկայացնելով մամուլի կախվածության վտանգավոր հետեւանքները՝ մեջբերեց հայտնի բանաձեւն այն մասին, որ մեկի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ ճնշվում է մեկ ուրիշի ազատությունը: Ասվեց, որ ԶԼՄ-ներում խոսքի ազատությունը հաճախ չարաշահվում է. «Եթե քիլլերը սպանում է քաղաքական գործչին, նրան քրեական պատասխանատվության են ենթարկում, բայց երբ մեկին մամուլը ոչնչացնում է բամբասանքով, ո՞վ է դրա համար պատասխան տալու»: ԵԱՀԿ երեկվա նիստի քննարկումների առանցքում էր նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրը: Կանադայի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե ԵԱՀԿ-ն ի՞նչ է մտածում Իրաքում իրականացվող բռնությունների եւ ընդհանրապես՝ Իրաքի մասին: Նախագահող Միկլոշ Հարաշտը ասաց, թե Իրաքը չի գտնվում ԵԱՀԿ իրավասության տակ, եւ ինքը Իրաքին վերաբերող հարցերի մասին չի կարող խոսել: Ղարաբաղի հարցը հանձնաժողովներում առանձին չէր քննարկվում, սակայն քաղաքական հանձնաժողովում այդ խնդիրն այսպես թե այնպես բարձրացվում էր: Ըստ մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ ԵԱՀԿ ղեկավարության համար ընդունելի էին հետեւյալ 4 կետերը. 1) Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի եւ լուծվի միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2) տեղական նշանակության խնդիրները (սահմանների խախտում, գերիներ) պետք է լուծվեն երկու երկրների միջեւ եւ չտարվեն միջազգային ատյաններ, 3) հակամարտության կողմերը երեքն են՝ Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան, 4) ամռանը կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քննարկվելու է ադրբեջանական մամուլում հակահայկական քարոզչությունը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Վիեննա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել