Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 26,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱԿ ԲԱՆ ՉԷ Դեռ չեն մարել նախորդ տարվա գունավոր հեղափոխությունների արձագանքները, եւ արդեն սկսվել են հնարավոր նոր հեղափոխության մասին վիճաբանությունները: Արդյոք Հայաստանը իմունիտետ ունի՞ արեւմտահոտ ժողովրդավարական հովերի նկատմամբ: Ահա մոտավորապես սրա շուրջն էր երեկ քննարկում կազմակերպվել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում: ԼԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր զեկույցը սկսեց ԱՊՀ երկրներում անցյալ տարի ծայր առած հեղափոխական շղթայի (Վրաստան, Ուկրաինա, Աբխազիա) հանդեպ երկու ստանդարտ տեսակետի ներկայացմամբ: Ռուսական ԶԼՄ-ները հիմնականում պնդում են այն միտքը, թե այդ հեղափոխությունները ամերիկյան խաղեր են՝ արեւմտյան փողերով արված, եւ արտաքին ազդեցության արդյունք են: Իսկ արեւմտյան ԶԼՄ-ները համոզում են, թե կեղծված ընտրությունների պատճառով առաջացած ժողովրդական ընդվզումները հանգեցրել են հեղափոխության: Սակայն անձամբ պարոն Իսկանդարյանը գտնում էր, որ դրանք ծայրահեղ տեսակետներ են, որոնցից որեւէ մեկը ամբողջությամբ ճիշտ չէ: Օրինակ, Նորվեգիայի պես երկրում ոչ մի փող կամ ոչ մի կեղծված ընտրություն չէին կարող հեղափոխության պատճառ դառնալ: Եվ ընդհանրապես, հեղափոխության առաջացման համար անհրաժեշտ է պատճառների եւ պատրվակների մի խումբ, առանց որի ոչինչ չի ստացվի: Պատրվակներից ամենակարեւորը ընտրություններն են: «Նախ, ընտրություններն իրենք ստիմուլ են: Երկրորդ՝ Կովկասում ընտրություններում պարտվող կողմը գրեթե միշտ չի ընդունում ընտրությունների կայացածությունը: Դա արդեն քաղաքական ավանդույթ է դարձել այդ երկրների համար: Ապա, գրեթե միշտ, արդյունքում ձեւավորվում է ինչ-որ քաղաքական մարմին՝ ճակատ, շարժում, մի խոսքով՝ մարդկանց խումբ, որը պատրաստ է միավորվել, եւ իր միջից դուրս հանել մարդկանց, որ կդառնան հեղափոխության լեյբլը: Ապա ստեղծվում է հեղափոխության լոզունգը, որի շուրջ համախմբվում են ժողավրդական զանգվածները», – նկատեց պարոն Իսկանդարյանը: Ճիշտ է, երբեմն ընտրված լիդերը նույնը չի մնում ողջ հեղափոխության ընթացքում, փոխվում է, սակայն կարեւոր է նրա գոյությունն ինքնին, քանի որ նա պետք է իր ետեւից տանի ժողովրդին: Ապա պետք է ճեղքվածք առաջանա տնտեսական էլիտայի միջեւ, որպեսզի երկու հակամարտող կողմերն էլ ստնտու ունենան: Եվ, վերջապես, ժամանակակից հեղափոխությունները «on-line» բնույթ ունեն: Զուր չէ, որ դրանք նաեւ CNN-հեղափոխություն են կոչվում: Բացի այդ, հարկավոր է ռեժիմի փտածության որոշակի աստիճան: Որքան ավելի փտած է իշխող ռեժիմը, այնքան ավելի արագ նա կենթարկվի ճնշումների: Պակաս կարեւոր չէ, ըստ բանախոսի, նաեւ դրսի ուժերի, Արեւմուտքի աջակցությունը՝ ֆինանսական, փորձագիտական եւ անգամ՝ բարոյական: Եվ վերջապես՝ սոցիալական խնդիրը: «Պետք է կարողանալ բավականաչափ թվով մարդկանց հանել փողոց՝ բավականաչափ երկար դրսում մնալու համար»,- ավելացրեց քաղաքագետը: Իհարկե, իշխանությունն էլ իր հերթին պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն, ուժ կամ ցանկություն չունենա դիմադրելու հեղափոխական հոսանքներին: Այս բոլոր (խոստովանենք՝ ոչ այնքան փոքրաթիվ) բաղադրիչների համատեղում Հայաստանում գրեթե երբեք չի եղել: Անձամբ պարոն Իսկանդարյանը կարծում էր, որ 1996-ին գրեթե ամեն ինչ պատրաստ էր ՀՀ-ում հեղափոխություն անելու համար, բացի Արեւմուտքի օգնությունից եւ տնտեսական էլիտայի ճեղքումից: Իսկ 2003-ին նույնիսկ «չստացված հեղափոխություն» չստացվեց, քանի որ բացակայում էին հեղափոխության համար անհրաժեշտ ախտանիշներից միանգամից մի քանիսը: «Պետք է ճիշտ հաշվարկել ամեն ինչ: Հեղափոխությունը լուրջ գործ է: Եվ կան հատուկ տեխնոլոգիաներ: Կան մասնագետներ: Եթե այստեղ չկան, կարելի է դրսից պատվիրել»,- մեր տեխնոլոգիաներից զուրկ ընդդիմությանը թեթեւակի «կպավ» քաղաքագետը, բայց նկատեց, որ մինչեւ հերթական ընտրությունները ՀՀ-ում չի երեւում հեղափոխության որեւէ նախանշան: Հաջորդ ելույթ ունեցողը՝ Շավարշ Քոչարյանը, հիշեցրեց, որ մենք ունեցել ենք 88-ը: Եվ եթե հիմա շատերին թվում է, թե հեղափոխությունները գնում են հստակ գծված սցենարով, որտեղ նկատի է առնված ամեն մանրուք, ապա 88-ի բովով անցածները գիտեն, որ այդպես չէ: «Այն ամենը, ինչ նշեցիք, շատ կարեւոր է, բայց ամենակարեւորը հասարակական պահանջն է, կարիքը: Շավարշ Քոչարյանը հույս հատնեց, որ իշխանափոխություն կլինի մինչեւ 2008-ը, եւ այդ հույսը հիմնավորեց նրանով, որ Ռ. Քոչարյանը դժվար թե Լուկաշենկոյի նման իրեն երրորդ անգամ փաթաթի ժողովրդի վզին, իսկ իր իրավահաջորդին նա դեռ չի գտել: Այնպես որ մնում է վերջին հնարավորությունը՝ ժողովրդավարացում՝ վերեւներից, ռեֆորմներով, նորմալ ընտրություններով եւ այլն: «Սա իդեալական կլիներ, բայց ես քիչ հավանական եմ համարում իշխող ռեժիմի պարագայում: Բայց եւ այնպես 100%-ով չեմ բացառում»,- լավատեսորեն եզրափակեց Շ. Քոչարյանը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել