Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համայնք՝ Հալեում

Փետրվար 26,2005 00:00

Գերմանիայի
Հալե քաղաքում նոր հայ համայնք է ձեւավորվել եւ դրանում իր վաստակն ունի այժմ արդեն
Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ տեր Անուշավան վարդապետ
Ժամկոչյանը: Նա 1998-ին Գարեգին Առաջին վեհափառի օրհնությամբ մեկնել էր Գերմանիա՝
կատարելագործելու իր երաժշտական կրթությունը, համատեղ նաեւ ծավալելու հովվական գործունեություն:
«Ի տարբերություն հայերի, որոնք մեծ մասամբ անտարբեր են, գերմանացիները հետաքրքրված
են հայկական եկեղեցական երաժշտությամբ: Դա են վկայում իմ հինգ համերգները, որ ունեցա
եկեղեցիներում՝ երգեհոնի նվագակցությամբ: Մեծ բազմություն էր լինում համերգներին,
չնայած այսօր Գերմանիայի եկեղեցիները դատարկ են»,- պատմում է հայր Անուշավանը: Գարեգին
Երկրորդ վեհափառի օրհնությամբ երիտասարդ վարդապետն ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ՝
ուսումնասիրելով կանոնական իրավունք: Կայզեր Վիլհելմի համալսարանում պաշտպանելով
թեկնածուական թեզը՝ նա ստացել է աստվածաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
Գերմանիայի Հալե քաղաքում, ուր ուսանում էր հայ Անուշավանը, ճանաչում էին ընդամենը
երկու հայի: Նրանք երկուսն էլ դասավանդում էին համալսարանում՝ պրոֆեսորներ Խաչիկ
Նազարյան եւ Արմենուհի Թորոս-Աբգարյան: «Կարծիք կար, որ Հալեում հայ չկա, սակայն
համերգի ժամանակ եկան-հավաքվեցին բազմաթիվ հայեր, հիմնականում փախստականներ Հայաստանից,-
ասաց հայր Անուշավանը,- գործունեությունը, որ ծավալվեց, ինձ համար էլ մեծ փորձառություն
էր: Այն ընթացք տվեց հայ համայնքի ստեղծմանը Գերմանիայի Հալե քաղաքում: Քաղաքապետարանի
աջակցությամբ, որը մեզ շենք հատկացրեց, բացեցինք մեկօրյա դպրոց, ուր սովորում էին
հայոց պատմություն, լեզու, գրականություն: Ես էլ հոգեւոր զրույցներ էի ունենում:
24 աշակերտ հավաքվեց, որոնց հետ երեք դասախոս երեք հերթափոխով պարապում էին: Բացեցինք
նաեւ «Հայկական ալիք» ռադիոժամը, որը լսում էին բավական մեծ տարածական դաշտում, ուր
բազմաթիվ հայեր են ապրում: Ամիսը 2-3 անգամ պատարագ ենք անում»: Իբրեւ հոգեւորականի,
հայր Անուշավանը իր նվաճումն է համարում Հալեում հայ համայնքի ստեղծումը, որը նրա
եւ այլ նվիրյալների ջանքերով ունեցավ իր կանոնադրությունը, պետականորեն գրանցվեց
եւ ճանաչվեց՝ համայնքի գործունեությունը դնելով իրավական հիմքերի վրա: «Այս համայնքի
համերաշխության ու միմյանց հանդեպ ջերմ վերաբերմունքի շնորհիվ էր, որ կայացավ «հայկական
աշխարհաժողով»: Այն կազմակերպել էր քաղաքապետարանը, Հալեի աստվածաբանական ֆակուլտետի
դեկան Հերման Գոլցը, Խ. Նազարյանի եւ Ա. Թորոս-Աբգարյանի, Գերմանիայի հայոց թեմի
եւ դեսպանատան օժանդակությամբ: Աշխարհի տարբեր ծայրերից հայեր ներկա եղան աշխարհաժողովին,
կազմակերպվեցին հայ եկեղեցու պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներ: Այցելուները
շատ-շատ էին, խմբերով նաեւ գերմանացի դպրոցականներ էին գալիս՝ դիտելու ցուցահանդեսը,
ծանոթանալու հայկական մշակույթին»: Արդեն հինգ ամիս է, ինչ հայր Անուշավանը
վերադարձել է եւ ծառայում է Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ծրագրերն ու խնդիրները
բազմազան են: «Ձեռնամուխ ենք լինում, որպեսզի եկեղեցու տարածքում շուտափույթ բացվի
ժողովրդական լսարան կոչվող սրահը, ուր հավատացյալ մարդը կարող է ստանալ իրեն անհրաժեշտը:
3-4 գիտնական հոգեւորականներ պիտի դասավանդեն Հին եւ Նոր կտակարաններ, հայ եկեղեցու
պատմություն, եկեղեցական երաժշտություն, ծիսագիտություն, ժամագիրք,- տեղեկացրեց հոգեւոր
տեսուչը:- Սկզբնական շրջանում պարապմունքները կանցկացվեն շաբաթական մեկ անգամ: Հունիսի
11-ին Գյուտ նշխարաց տոնն է եւ քանի որ Լուսավորչի մասունքները պահվում են այս եկեղեցում,
մտածում ենք այդ օրը հռչակել Լուսավորչի ուխտի օր»: Այս տարվա ծրագրերի շրջանակներում
հայր Անուշավանը տեղեկացրեց, որ կկանաչապատվի եւ կբարեկարգվի եկեղեցու շրջակայքը,
նախատեսել են վերջացնել ավտոկանգառի ասֆալտապատումը, կդրվի գրատան հիմքը: Լուսավորությունն
ապահովելու համար պատվիրվել են 62-63 որմնաջահեր: Առաստաղը նկարազարդելու, սրբապատկերներն
ավելացնելու խնդիրներ ունի եկեղեցին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել