Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետբուհերն արտոնյալնե՞ր են

Փետրվար 26,2005 00:00

Մեր թերթի հրապարակմանը արձագանքում է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Օրերս հրապարակված «Կրկի՛ն փորձիր» հոդվածում ասվում է, որ, ըստ որոշ լուրերի, պետական նմուշի դիպլոմի «կրկնակի դիմորդների» այդքան փոքր թիվը 2003 թ.-ին բացատրվում էր նրանով, որ այդ ընթացքում ոչ պետական բուհերն սկսեցին հեշտացնել իրենց նախկին շրջանավարտների գործը՝ նրանց վաճառելով արդեն հավատարմագրված իրենց բուհի պետական նմուշի դիպլոմները: Այս մասին մամուլը բազմիցս է գրել, թե ինչո՞ւ է պարոն Ջհանգիրյանը հիմա որոշել արձագանքել, ստացանք հետեւյալ պատասխանը. «Միայն սա եմ կարդացել»:

Ըստ Ժորա Ջհանգիրյանի, թերթը, ընդհանուր, ոչ հասցեական տեղեկատվություն է հրապարակել՝ այդպիսով «սեւ ցուցակի» մեջ գցելով նաեւ իր բուհը: Ռեկտորը պատրաստակամ է թերթին տրամադրել բոլոր շրջանավարտների անունները, բոլոր փաստաթղթերը՝ ապացուցելու համար, որ նման դեպք չի արձանագրվել: Մենք, իհարկե, նման ցանկություն չունենք, եւ, ընդհանրապես այդ գործով պետք է զբաղվեն ոչ թե լրագրողները, այլ՝ ԿԳՆ մասնագետները: Ինչ մնում է հոդվածի արձագանքին, ապա ուրախ կլինեինք, որ մյուս ոչ պետական բուհերն էլ պատրաստակամություն հայտնեն ապացուցել իրենց անմեղությունը՝ համապատասխան մարմիններին:

Ժ. Ջհանգիրյանը նաեւ նշեց. «Ընդհանրապես կողմնակից չեմ այն գաղափարին, որ իրականացվում է մամուլում, որ եթե մասնավոր է՝ վատն է: Ես այն կարծիքին չեմ, որ մասնավոր բուհերից բոլորն իսկապես արժանի են գոյություն ունենալու: Եթե այսօրվա մասնավոր բուհը կարողանում է վարկաբեկել մասնավոր բուհի գաղափարը, նրա համար հարկավոր է կիրառել պատժի բոլոր ձեւերը: Ոչ ոք չի գրում, որ պետական բուհերը պետք է մինչեւ 2002 թ. հավատարմագրվեին, բայց չեն հավատարմագրվում: Միայն դրանից հետո պետք է հավատարմագրվեին մասնավորները, ընդ որում դա պարտադիր չէր, պարզապես պարտադրվեց, որովհետեւ օրենքում գրված է, որ բարձրագույն կրթության վկայականը պետական նմուշի դիպլոմն է (եւ միայն հավատարմագրումից հետո էր հնարավոր պետական նմուշի դիպլոմ տրամադրել)»:

Իսկ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետն (առանց ժամկետներ նշելու) ասում է. «Պետական ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնագիտությունները, ինչպես նաեւ ոչ պետական ուսումնական հաստատությունների բժշկական մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթաց»: Մինչ օրս պետական ոչ մի բուհ հավատարմագրման ցանկություն չի հայտնել եւ առաջիկայում, ըստ ամենայնի, չի էլ պատրաստվում: Համենայնդեպս, ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման վարչությունում նման փաստ արձանագրված չէ:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել