Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

Փետրվար 26,2005 00:00

Պետք
է լինեն ազգի եւ պետության շահերը Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ Պետանվտանգության
կոմիտեի փաստաթղթերում Ամերիկայի Միացյալ Նահանգները անվանվում էր «գլխավոր հակառակորդ»:
Այդ բազմիմաստ նշանակություն ունեցող ծառայողական սլենգը ժամանակին օգտագործել է
նաեւ Պուտինը: Փոխվում են ժամանակները, փոխվում է աշխարհը: Երեկվա թշնամի պետությունների
առաջ ծառանում են ընդհանուր խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնց լուծումից կախված
է մարդկության գոյատեւումը, բարեկեցությունը, սերունդների ապագան: Եվ եթե մի տասը
տարի առաջ գերտերությունների մրցակցությունը աշխարհը կանգնեցնում էր երրորդ համաշխարհային
պատերազմի վտանգի առաջ, ապա այսօր այդ նույն երկրները համախմբում են իրենց ջանքերը
XXI դարի արհավիրքների՝ միջուկային զենքի տարածման, ահաբեկչության, թմրամոլության,
դարի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Փորձում են գտնել գոյատեւման այն ընդունելի
ձեւը՝ modus vivendi-ն, որը կփոխարինի երկու տասնամյակ առաջ հակոտնյա քաղաքական կառուցվածք
ունեցող պետությունների խաղաղ գոյակցության փիլիսոփայությանը: Այս խճանկարի
ֆոնին տրամաբանական եւ պրագմատիկ էր հնչում Ռուսաստանի լիդերի կոչն ամերիկյան ժողովրդին՝
ձայն տալ Բուշի օգտին, ինչպես նաեւ այն հայտարարությունը, թե Ամերիկան Ռուսաստանի
ռազմավարական գործընկերն է, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Պուտինի հայտարարությունը չցնցեց ռուսական քաղաքական իսթեբլիշմենթին, անգամ չհուզեց
ռուս շարքային քաղաքացուն: «Ազգային շահերը ծախելու» մեղադրանքով ընդամենը դժգոհեցին
Լիմոնովի տիպի ձախ ծայրահեղականները, իսկ մի քանի արեւմտյան վերլուծական կենտրոններ
կրկին հղում կատարեցին Տյուտչեւին, ըստ որի՝ «ուղեղով Ռուսաստանը չես հասկանա, ընդհանուր
արշինով չես չափի»: Ռուս-ամերիկյան հարաբերությունների նման շրջադարձը, որն,
ի դեպ, ամենեւին էլ չի ազդարարում երկու գերտերությունների միջեւ հակամարտության
ավարտը, պետք է խորհելու առիթ տա ինչպես հայկական քաղաքական էլիտային, այնպես էլ
արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները որոշողներին: Նախ այստեղ, որքան
էլ փորձենք, դժվար է չհիշել «Պապից ավելի կաթոլիկ չլինելու» ծամծմված, բայց օգտակար
խրատականը: Սակայն երկրորդը եւ ամենագլխավորը պետական մակարդակով պաշտոնական հայտարարված
մեր կոմպլեմենտար դիվանագիտության մասին է: Թե ինչու այն կրեց ֆիասկո՝ ավելի ընդարձակ
անդրադարձ կլինի առաջիկայում: Միայն նշենք, որ ձախողումն ունի իր եւ օբյեկտիվ, եւ
սուբյեկտիվ պատճառները: Սակայն անիրավացի կլինի պնդել, թե քաղաքական այդ ուղղվածությունն
ի սկզբանե սխալ էր եւ դատապարտված ձախողման: 90-ականների սկզբին, ԽՍՀՄ-ի փլուզումից
հետո, նորանկախ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրների
լուծման գործընթացները զարգանում էին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային այլ պայմաններում:
Վերջապես, չնայած երկբեւեռ ռազմաքաղաքական եւ տնտեսական համակարգի փլուզմանը, միջազգային
ասպարեզում այսպես ցցուն կերպով չէր ձեւավորվել մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի մենաշնորհը:
Այդ պայմաններում կոմպլեմենտարիզմն իրեն արդարացնում էր, իսկ այսօր այն սպառված հայեցակարգ
է: Միջազգային խորքային փոփոխությունները, երկրում ծանր սոցիալ-տնտեսական
պայմաններն ու հեղձուցիչ բարոյահոգեբանական մթնոլորտը չէին կարող իրենց ազդեցությունը
չթողնել հայկական քաղաքական մտքի եւ այն ձեւավորող ուժերի վրա: Արդյունքում ի հայտ
եկան նոր ուժեր, որոնք մատնացույց արին երկրի եւ ժողովրդի զարգացման այլընտրանքային
ուղիներ: Այն է՝ արեւմտյան քաղաքական, ռազմական եւ տնտեսական կառույցներին Հայաստանի
ինտեգրումը, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունը: Այստեղ
առանձնացնենք երկու հանգամանք: Առաջին. Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությունը,
որի անհրաժեշտությունը մատնանշում է Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը,
խիստ աշխատատար, տարիներ պահանջող գործընթաց է: Պետք է ուրախացնեմ մեր ընդդիմախոսներին,
որ այսօրվա «օժիտով» մեզ այդ կառույցների շեմից անգամ ներս չեն թողնի: Այն, ինչով
մենք «հարուստ» ենք՝ կոռուպցիա, կաշառակերություն, անօրինականություն, չինովնիկների
ծախվածություն, ամենաթողություն՝ ոստիկանական եւ դատաիրավական համակարգերում, այս
ամենն անհարիր են այդ կազմակերպություններին անդամակցության հետ: Քաղաքակիրթ, անվտանգ
եւ ապահով համակարգ մտնելու համար պետք է «թանկ վճարել»՝ ժողովրդավարությամբ, մինչդեռ
դա ձեռքբերում է, ոչ թե վճար: Այնպես որ, առաջին հերթին մաքրվել եւ քաղաքակրթվել
է պետք ներսից: Արեւմտյան աշխարհին հարելու գործընթացն ինքնին զարգացման եւ առաջընթացի
գործընթաց է: Երկրորդ. սերտորեն համագործակցել Արեւմուտքի հետ՝ բացարձակապես
չի նշանակում լինել Ռուսաստանին դեմ: Չենք էլ կարող եւ պետք էլ չէ: Սերունդներ են
դաստիարակվել փոխադարձ հարգանքի եւ բարեկամության ոգով: Ռուսաց լեզուն, ռուս մշակույթը
շատ ու շատ հայերի համար եղել են եւ կմնան հոգեհարազատ: Կապված ենք բազմաթիվ տնտեսական
կապերով, ունենք միլիոնանոց սփյուռք Ռուսաստանում: Պետք է պարզապես կարողանալ զանազանել
ֆետիշացված, «օրհնվի էն սհաթը» ժամանակավրեպ գաղափարախոսությունը ժամանակակից Հայաստանի
խորքային հետաքրքրություններից: Ազգի եւ պետության շահերը պետք է լինեն առաջնային,
դոմինանտ, վեր ամեն ինչից: Նկատված օրինաչափություն է, որ յուրաքանչյուր հարյուրամյակի
ավարտ եւ սկիզբ ժողովուրդների պատմության մեջ շրջադարձային է լինում: Հիշենք՝ քրիստոնեության
ծնունդը, ֆրանսիական հեղափոխությունները, 1917 թիվը, ԽՍՀՄ-ի փլուզումը: Հուսանք,
որ սկսված հարյուրամյակը նոր՝ վերածննդի էջ կբացի մեր ժողովրդի կյանքում: Հայաստանի
ազատական առաջադիմական կուսակցությունն այդ վերածնունդը տեսնում է Արեւմուտքի եւ
ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության մեջ: Նման քաղաքական ընտրությունը պայմանավորված
է աշխարհառազմավարական ներկա զարգացումների տրամաբանությամբ, միջազգային ասպարեզում
գերտերությունների ուժերի հարաբերակցությամբ, տարածաշրջանի իրավիճակով, Հայաստանի
կենսական շահերով: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՀայաստանի ազատական
առաջադիմականկուսակցության նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել