Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց

Փետրվար 26,2005 00:00

Սոցքարտի
պատճառով թոշակ-նպաստներից զրկվածների բողոք-դիմումները վերջին ամսում տառացիորեն
հեղեղել են խմբագրության փոստը: «Միայնակ մայր եմ, զոհված հրամանատարի դուստր,
ապրում եմ տղայիս հետ: 35 տարվա աշխատանքային ստաժով այսօր մուրացիկ եմ դարձել, որովհետեւ
այդքան տարիների ծանր, տքնաջան աշխատանքիս դիմաց ստացածս թոշակից էլ են զրկել, ինչ
է թե՝ սոցիալական քարտ չունեմ: Դա օգնելո՞ւ համար էր, թե՞ ժողովրդին թալանելու: Տարեսկզբից
անջատել են լույսը, գազը, ասում են՝ դատի կտանք, տունդ կծախենք: Ու սա կոչվում է
երկրի առաջընթա՞ց»,- դժգոհում է Երեւանի Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ Մագդալինա Նիկոլյանը:
Աղքատության նպաստից զրկվելու մեկ այլ պատճառի մասին է գրում Քանաքեռ-Զեյթուն համայնքի
բնակիչ, ի ծնե հաշմանդամ Ռիմա Միրզոյանը. «Մենք չունենք հողամաս, 5 անձով ապրում
ենք մեկ սենյականոց բնակարանում, բայց «Փարոսից» չենք օգտվում, ինչ է թե՝ կիսաքանդ
եւ 7 սյունով առաստաղը պահող կրպակ ունենք, որը չի աշխատում»: Մեկ այլ հաշմանդամի՝
թոշակառու Անուշավան Հովսեփյանին այս կյանքում պետք է ընդամենը մի լսողական ապարատ.
«Բժիշկներն ինձ մի հատ տվել են, բայց դրանով միայն երաժշտությունն է լսվում, խոսակցությունը՝
ոչ: Խնդրում եմ՝ կամ ականջներս բուժեք, կամ ապարատը կարգի բերեք»: Գյումրեցի
Էդուարդ Սաֆարյանի դժգոհությունը համաքաղաքային է. «Բնակարանամուտի կամ լոտոյով շահած
ավտոմեքենայի առթիվ շոու-խնջույքը լոկ վարագույր է, որի հետեւում Գյումրու թախծոտ
իրական պատկերն է: Այս էլ որերորդ տարին է՝ Գյումրին ոչ մի կերպ չի կարողանում դուրս
գալ անիծյալ աղետի գոտուց: Մինչդեռ քաղաքը ներկայացնող պաշտոնյա թե երեսփոխան առիթը
բաց չեն թողնում երախտագիտություն հայտնելու իշխանություններին՝ Գյումրիին ցուցաբերած
առանձնահատուկ ուշադրության համար: Իսկ նախընտրական օրերին զավեշտի հասնող հաճոյախոսություններն
անցան բանականության բոլոր սահմանները: Մի՞թե ներկայիս տեղական էլիտան հույս ունի,
որ կմոռացվի իր իշխանատենչ ու գավառամիտ պահվածքը: Եթե հույս ունի՝ կամ գյումրեցի
չէ, կամ էլ Գյումրին լավ չգիտի»: Սիսիանցի ուսուցիչ Վլադիկ Հայրապետյանը ստիպված
դիմել է «Առավոտին», որովհետեւ իշխանությունները «պատվից ցածր են համարել» պատասխանել
իր դիմումներին. «Յոթ տարի առաջ ինձ բռնադատել են «Սյունիք» մարզային թերթում ֆելիետոն
տպագրելու համար այն դպրոցի տնօրենի մասին, որն աշակերտուհու հետ հաշվեհարդար էր
տեսել՝ իր մոտ մասնավոր կարգով չպարապելու պատճառով: Տնօրենի տղան՝ Արմեն Խուդավերդյանը
այն ժամանակ տարածքային կառավարման փոխնախարարն էր եւ ամեն ինչ արեց, որ ես դատվեմ՝
կրելով նյութական ու բարոյական անդառնալի կորուստներ»: Նամակագիրը մանրակրկիտ ներկայացրել
է բոլոր այն անձանց, ում մեղքով ինքը կրել է շուրջ 335000 դրամի նյութական վնաս եւ
մնացել չփոխհատուցված: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին Վ. Հայրապետյանը
խնդրում է հակակոռուպցիայով զբաղվող բոլոր պաշտոնյաներին «անձամբ ծանոթացնել դիմումում
տեղ գտած սրիկաների անուններին, որ հետո չասեն, թե մեր քաղաքացիները կոռուպցիայով
զբաղվող որեւէ մեկի մասին չեն բողոքում, մեզ տեղյակ չեն պահում»: Մեկ այլ
մանկավարժ՝ Տարիել Կնյազյանը, կոռուպցիայի յուրօրինակ դրսեւորում է համարում ԱՄՆ-ի
դեսպանատան գործելակերպը: Նա անգլերենի ուսուցիչ է եւ 25 տարուց ավելի Հայաստանում
պրոպագանդել է անգլո-ամերիկյան լեզուն, սովորույթներն ու օրենքները: Վերջերս Կալիֆոռնիայում
ապրող բարեկամից հրավեր է ստացել եւ որոշել մեկ ամսով հյուրընկալվել նրան: «Բայց
Հայաստանում ամերիկյան դեսպանության կազմակերպած հարցազրույցի ժամանակ մի քանի երիտասարդ
օրինազանցներ ինձնից վերցրին 100 դոլար եւ մերժեցին: Մի քանի անգամ դիմեցի դեսպանին՝
պատասխան չստացա: Անցակետում շատ կոպիտ են վարվում, սխալ հեռախոսահամարներ են տալիս
ու ոչ մի հարցի չեն պատասխանում: Եթե չի կարելի ԱՄՆ գնալ, թող ուղիղ հայտարարեն,
իսկ եթե դոլարի հանգանակություն է պետք անել՝ թող դրա մասին էլ ուղիղ ասեն, ոչ թե
խաբեն մարդկանց ու դոլարներ շորթեն»,- գրում է մեր նամակագիրը: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել