Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՊԱԼՈՎՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Փետրվար 25,2005 00:00

ՏՈՊԱԼՈՎՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ Իսպանիայի Լինարես քաղաքում մեկնարկեց շախմատի 2005 թվականի գլխավոր մրցաշարը՝ աշխարհի յոթ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Առաջին տուրն առանձնակի տպավորություն չգործեց. մասնագետների գնահատմամբ՝ անտրամաբանական հաղթական ավարտով մեկ եւ ոչ-ոքիով երկու դժգույն պարտիա: Բուլղարացի Վեսելին Տոպալովը ձգձգված պայքարում կարողացավ մեկ միավոր կորզել անգլիացի Մայքլ Ադամսից եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 26-ական քայլ կատարվեց Պետեր Լեկո (Հունգարիա)-Գարրի Կասպարով (Ռուսաստան) եւ Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)-Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) պարտիաներում, ու մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Լեկոյի հետ մրցապայքարի սկզբնամասում Կասպարովի մոտ ինչ-որ բան այնպես չդասավորվեց ու նա կանգնեց դժվարին կացության առջեւ: Վիճակը շտկելու համար նրանից բավականին ժամանակ պահանջվեց: Սակայն այդ գործում Կասպարովին «օգնեց» ինքը՝ Լեկոն: Հունգարացի գրոսմայստերը, որի մարզիչը Արշակ Պետրոսյանն է, ըստ երեւույթին ավելորդ զգուշավորություն հանդես բերելով չցանկացավ պայքարը սրել ու շուտով ինքը կանգնեց վտանգավոր դրության մեջ հայտնվելու վտանգի առջեւ: Բարեբախտաբար, ստուգողական ժամանակում մնացած 15 քայլերը կատարելուն Կասպարովին մնացել էր ընդամենը 10 րոպե եւ նրա համար առաջարկված ոչ-ոքիից հրաժարվելն արդեն դժվար էր: Ինչպես այս պարտիայի մասին դիպուկ արտահայտվել է ֆրանսիացի գրոսմայստեր Ժոել Լոթյեն. «Պայքարն ավարտվեց կես ճանապարհին: Արձակված փամփուշտները վայր ընկան՝ այդպես էլ չհասնելով նշանակետին»: Մեկնարկային տուրից հետո մրցաշարային աղյուսակում շախմատիստները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 1. Վեսելին Տոպալով 1,0 միավոր 2. Ռուստամ Կասիմջանով 0,5 3. Գարրի Կասպարով 0,5 4. Պետեր Լեկո 0,5 5. Ֆրանսիսկո Վալյեխո 0,5 6. Վիշվանաթան Անանդ 0 նա տուրում ազատ էր 7. Մայքլ Ադամս 0 Երեկ կայացած երկրորդ տուրում ամենահետաքրքիրը մեր կարծիքով լինելու էր Կասպարով-Կասիմջանով հակամարտությունը: Ինչպես տեղեկացրել ենք, շախմատի աշխարհի միասնական չեմպիոնության համար միավորման երկրորդ մրցամարտում հանդիպելու են հենց այս գրոսմայստերները, եթե, իհարկե, Կասպարովը չշարունակի ՖԻԴԵ-ին ու կազմակերպիչ երկրին իր նախապայմաններն առաջադրել: Մյուս զույգերն են. Ադամս-Լեկո, Անանդ-Տոպալով: Այս տուրում հանգստանում էր Վալյեխոն: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել