Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՐԻՔ

Փետրվար 25,2005 00:00

«ՀԵՐԻՔ Է ՃԶՄԵՆՔ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՈՒՌԸ» Մինչ կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի նախորդ՝ «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը «շրջագայում» է աշխարհում՝ Արգենտինա, Սան-Ֆրանցիսկո, Բուլղարիա, Պրագա, Նյու Յորք եւ այլուր, նրա նոր՝ «Մարիամ» ֆիլմը պատրաստվում է մասնակցել Կաննի կինոփառատոնին: Ֆիլմի նկարահանումները արդեն ավարտվել են, սակայն դեռ շարունակվում են հնչյունային ձեւավորման հետ կապված որոշ աշխատանքներ: Էդգարը հուսով է, որ «Մարիամը» ժամանակին կավարտի եւ կուղարկի Կանն (փառատոնը տեղի է ունենալու մայիսին): Չհասցնելու դեպքում էլ շատ չեմ մտածի. «Ես երբեւէ ֆիլմ չեմ նկարում հատուկ որեւէ փառատոնի համար: Բոլոր փառատոները ստեղծված են արվեստագետին շղթայելու համար: Սակայն եթե հասցնեմ ֆիլմը ժամանակին ավարտել, իհարկե ուրախ կլինեմ այն Կանն ուղարկելու կապակցությամբ: Նախ եւ առաջ այն պատճառով, որ ֆիլմը ինձնից կհեռանա, ինքնուրույն կյանք կստեղծի»: Իսկ այն փաստը, որ այսօր նկարահանվող հայկական ֆիլմերը ավելի շատ դրսի փառատոներում են ներկայացվում, քան հայրենիքում, Էդգարը աբսուրդ է համարում: Ըստ նրա, հայ ռեժիսորների ֆիլմերը եթե հայրենիքում չեն ցուցադրվում, ապա մեղքն ավելի շատ պրոդյուսերներինն է: Էդգարի «Մարիամ» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի հովանավորությամբ, բյուջեն կազմել է շուրջ $300.000, ֆիլմի երաժշտությունը գրել է Մուրզիկը (Արա Թորոսյան), օպերատորն է Վահագն Տեր-Հակոբյանը: Պետք է նշել մի կարեւոր փաստ եւս՝ «Մարիամ» ֆիլմում Հայաստանում առաջին անգամ ժապավենի վրա օգտագործվել է համակարգչային գրաֆիկա: Ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Մարիամին մարմնավորել է դերասանուհի Ժանեթ Հովհաննիսյանը: Լինելով իրանահայ՝ Ժանեթը ստիպված է եղել երկար ժամանակ շտկել իր առոգանությունը, ինչպես նաեւ սովորել խուլ եւ համրերի լեզվով «խոսել»: Էդգարը Ժանեթին համարում է բացառիկ տաղանդով օժտված դերասանուհի. «Ես երկար էի փնտրում իմ Մարիամին ու եթե Ժանեթին չգտնեի՝ ֆիլմը նույնպես չէր լինի»: Ֆիլմում մյուս գլխավոր հերոսին՝ հոգեբանին մարմնավորել է դերասան Սամվել Սարգսյանը (հայ հանդիսատեսը նրան լավ կհիշի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, ուր նա խաղում է ավագ որդու՝ Արմենի դերը- Ա. Ք): Էդգարն ափսոսանքով խոսեց Ս. Սարգսյանի մասին, որն ըստ արժանվույն գնահատված չէ ռեժիսորների կողմից: «Մեր մանկության տանգոյից» հետո նրան չեն հրավիրել որեւէ ֆիլմում խաղալու: «Մարիամը» Է. Բաղդասարյանի չորրորդ ֆիլմն է՝ «Խաղեր», «Պատ», «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմերից հետո: Ռեժիսորը սովորել, բայց չի ավարտել Մոսկվայի ՎԳԻԿ-ը (Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ), իր ասելով՝ «ավելորդ ժամանակ չունեի կորցնելու, շտապեցի, որ ֆիլմ նկարեմ»: «Իմ բոլոր ֆիլմերում փորձում եմ գտնել մի հարցի պատասխան՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ աշխարհ եկել: «Մարիամ» ֆիլմով ես մի հարցի պատասխան էի փորձում գտնել՝ արդյոք մարդը մարդուն պե՞տք է այսօր, կարողանո՞ւմ է մարդը մարդու հետ ճիշտ հարաբերվել: Էդգարի կարծիքով՝ որքան քաղաքակրթվում է աշխարհը, այնքան միայնակ ու մեկուսացած է դառնում մարդը, ինքնամփոփ ու դժբախտ»: Նրա միակ փրկությունն այսօր, ըստ Էդգարի, Հիսուսն է: Ռեժիսորը համոզված է, որ մարդկությունը Հիսուսից առավել դեռ ոչինչ չի տվել: Էդգարը թերեւս փորձել է իր ֆիլմով Հիսուսին վերադարձնել մարդկությանը. «Իմ հերոսուհու անունը Մարիամ է: Ես Մարիամին ներկայացրել եմ ժամանակակից Երեւանում, ֆիլմի վերջում միստիկական ծնունդ կա՝ Մարիամը երեխա է ունենում: Բայց իմ ֆիլմը ավետարանական պատմություն չէ, այլ այդ պատմության ֆոնի ներքո մի ուրիշ պատմություն եմ պատմում: Այն միայնակ կնոջ մասին է, որը լուսային եւ ձայնային հալյուցինացիաներ ունի եւ ստիպված է դիմել հոգեբանի օգնությանը»: Էդգարը չցանկացավ մանրամասնել ֆիլմի սյուժեն, միայն ասաց, որ ֆիլմի վերջը մնում է առեղծվածային, քանզի գտնում է, որ հանդիսատեսը ֆիլմը դիտելիս պետք է իր համահեղինակը դառնա եւ հենց դահլիճում ֆիլմի ավարտը տեսնի: Էդգարի կարծիքով, այսօր աշխարհը գրաված հոլիվուդյան կինոարտադրանքը եւ հեռուստատեսությունը մարդկանց զոմբիացնում են: Էդգարը համոզված է, որ մենք այսօր կորած ենք՝ առանց ազգային կինեմատոգրաֆի. «Ազգային կինեմատոգրաֆ ասելով ես չեմ հասկանում գավառականություն կամ Փարաջանովին կրկնօրինակելը: Հերիք է ինչքան ճզմեցինք Փարաջանովի նուռը: Միեւնույն է՝ որքան էլ ջանանք, իր նման չենք կարող ճզմել: Արվեստը պտղատու ծառի նման պետք է լինի՝ սերմը ցանվի հայրենի հողում, պտուղները բարձրանան ու հասնեն բոլորին»: «Մարիամը» ավարտին հասցնելուց հետո Էդգարը երկու մտահղացում ունի՝ նկարել ֆիլմ ցեղասպանության եւ Նարեկացու մասին: Ռեժիսորը ցավով է նշում, որ մինչ օրս մենք ցեղասպանության մասին հաջողված ֆիլմ չունենք. «Ցեղասպանության մասին կինոնկարը երբեւէ քաղաքական նպատակներ չպետք է հետապնդի, եթե ցանկացած ֆիլմ հաջողվեց՝ ինքնին քաղաքական հարցեր էլ կլուծի»: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել