Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԳՁԳՈՒՄԸ

Փետրվար 25,2005 00:00

ՁԳՁԳՈՒՄԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր Է Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը խախտում է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկման նախկինում հաստատված բոլոր ժամկետները: Առայժմ քննարկվել են փոփոխությունների միայն երկու գլուխներ: Եվ եթե հաշվի առնենք, որ բոլոր նախագծերը դեռ պետք է քննարկվեն նաեւ ԱԺ լիագումար նիստում՝ ակնհայտ է դառնում, որ քննարկումները թերեւս չեն ավարտվի այն ժամկետներում, որ պայմանավորվածության համաձայն՝ հնարավոր լինի սահմանադրական հանրաքվեն անցկացնել 2005-ի հունիսին: Արդյոք այս ձգձգումները որոշակի միտումո՞վ չեն արվում, որպեսզի հանրաքվեն անցկացվի աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ զուգահեռ: Հիշեցնենք, որ այդ հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը քննարկել էր ԵԽ Նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախմբի հետ հանդիպման ընթացքում: «Կարծում եմ, որ իսկապես անթույլատրելի է նման ձգձգումը,- «Առավոտին» ասաց բարեփոխումների նախագծերից մեկի հեղինակ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:- Եվ դիտմամբ կարծես ուզում են հասարակական հետաքրքրությունը վանել նման արհեստական մեխանիզմներով: Որոշակի ուժեր կարծես շահագրգռված են սահմանադրական քննարկումները, ընդհանուր առմամբ, տանել ոչ ընդունված հնչեղության մակարդակով: Առավել եւս՝ բացարձակ անընդունելի է, եթե փորձեն հանրաքվեն համատեղել տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ, քանի որ հասարակությունը պետք է կենտրոնանա, բեւեռանա սահմանադրական փոփոխությունների եւ նրանց կարեւորության վրա, եւ մարդիկ պետք է հատո՛ւկ գնան այդ հանրաքվեին: Իսկ թաղապետերի եւ ավագանու ընտրությունների ժամանակ ուշադրությունը շեղող այնքա՜ն հանգամանքներ կլինեն, որ, բնական է, չի լինի սահմանադրական փոփոխություններին որեւէ ձեւով իսկական գնահատական տալու խնդիր: Կարծում եմ, որ հնարավոր է, թե ձգձգումն իրոք միտումնավոր է: Մյուս կողմից էլ՝ այսպիսի իշխանության պայմաններում միշտ լինում են անկազմակերպվածության եւ անփութության դրսեւորումներ: Ուստի մինչեւ հանձնաժողովի առաջիկա նիստը, որտեղ կարծարծեմ այս հարցերը՝ մի քիչ ճիշտ չի լինի տալ վերջնական գնահատական»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել