Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԵՎԻ՛Ր ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Փետրվար 25,2005 00:00

ՀԵՏԵՎԻ՛Ր ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ Ըստ էության՝ սա է խորհուրդ տալիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մի օրինագծի, ըստ որի՝ Պաշտպանը զրկվում է իր այն լիազորությունից, թե «կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան՝ երաշխավորելով քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը»: Օրենքի այս նախագիծը կառավարության նիստում ներկայացրել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որն, ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի՝ «հարցի էությանը չվերաբերող» եւ խեղաթյուրված փաստարկներով էր հիմնավորել նման փոփոխության անհրաժեշտությունը: Պաշտպանը նաեւ նշել էր, թե դատաքննության մեջ գտնվող գործերի մասին տեղեկություններ պահանջելու իրավունքից զրկելու նախաձեռնությունը պայմանավորված է արդարադատության նախարարի՝ ավելի վաղ արտահայտված դիրքորոշմամբ, թե դատական համակարգը պիտի զերծ մնա այս հաստատության վերահսկողությունից: «Դատաքննության փուլում գտնվող գործով դատարանից տեղեկատվություն պահանջելն ընդհանրապես անծանոթ երեւույթ է ժողովրդավարական համակարգերում,- մեր զրույցի ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը:- Արդարադատության նախարարը, վերադաս դատարանը, Սահմանադրական դատարանը կամ որեւէ մեկն իրավասո՛ւ չէ դատարանից պահանջել տեղեկատվություն: Եվ այս առումով՝ մենք ընդամենը փորձել ենք վերացնել այն դրույթը, որը միգուցե բարի ցանկություններով, բայց ինքնին դատական իշխանության անկախությունը խաթարող երեւույթ է»: Մեջբերեցինք Լարիսա Ալավերդյանի մեկ այլ հավաստիացում, թե դատավորներից «բազմաթիվ շնորհակալություններ ենք ստանում, որ մեր առաջարկություններով օգնել ենք կողմնորոշվել»: Նաեւ նշել էր, թե արդարադատության նախարարությունը փաստորեն փորձ է անում ոչ թե պաշտպանել Հայաստանում մարդու իրավունքները, «այլ պաշտպանել դատավորներին՝ Մարդու իրավունքների պաշտպանից»: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը խիստ աննպաստ մի համեմատություն արեց. «Նման ինստիտուտ մեզ ծանոթ եղել է խորհրդային տարիներին, երբ դատախազությունը քաղաքացիական դատավարությունում հանկարծ սկսում էր հանդես գալ կողմերից մեկի օգտին: Ասեմ, որ կարգախոսը նույնն էր՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, թույլին պաշտպանելը եւ այլն: Սակայն դա, որպես կանոն, խախտում է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքները, քանի որ երբ Մարդու իրավունքների պաշտպանը կանգնում է դատավարության կողմերից մեկի կողքին, նա, բնականաբար, անմիջապե՛ս վտանգում է մյուս կողմի իրավունքները: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ասում ենք՝ այո՛, Մարդու իրավունքների պաշտպանը դատաքննության փուլում գտնվող գործով իրավունք չունի առաջարկություններ անել, քանի որ, որպես կանոն, այդ առաջարկություններն ուղղված են այս կամ այն կողմի իրավունքների պաշտպանությանը»: Լարիսա Ալավերդյանը, սակայն, ընդգծել էր, թե իր առաջարկները վերաբերում են դատավարության իրավունքի պատշաճ ի կատար ածումը երաշխավորելուն. «Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կարեւորագույն հոդվածներից մեկն արդար դատաքննության իրավունքն է»: Նա նաեւ վստահեցրել էր, թե չի միջամտում դատական վարույթին, «իսկ մնացյալը միջամտություն չէ»: Դավիթ Հարությունյանն այս հիշեցումներին ի պատասխան՝ նորից դիմեց աննպաստ համեմատության. «Եթե թվում է, որ երբ խորհրդային դատախազությունը կանգնում էր կողմերից մեկի կողքին՝ իր քայլերն էլի չէր բացատրում սահմանադրական իրավունքը երաշխավորելու անհրաժեշտությամբ, ճիշտ չէ: Այսինքն՝ կարգախոսը նույնն է»: Եզրափակելով այս հեռակա երկխոսությունը՝ արդարադատության նախարարն ասաց. «Խնդիրն այն է, որ այլ երկրների փորձի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս մի կարեւոր հանգամանք. հենց սկսվում է դատաքննությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կասեցնում է համապատասխան գործով իր կողմից որեւէ վարույթ: Սա պատահական երեւույթ չէ: Ուզում եմ հիշեցնել. հայաստանյան մամուլում հրապարակվեց այն արձագանքը, երբ մեր Պաշտպանը դիմել էր Հունգարիայի օմբուդսմենին՝ աջակցություն խնդրելով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարության ժամանակ: Վերջինս անմիջապես պատասխանել էր, թե մեր երկրում օմբուդսմենն իրավունք չունի որեւէ միջամտություն ունենալ դատաքննության փուլում: Կարծում եմ, սա պետք է լիներ շատ կարեւոր ահազանգ բոլորիս համար: Իսկ մենք իսկապես շատ կարեւորում ենք Պաշտպանի ինստիտուտը: Ու պատրաստ եմ ինքս ամեն ջանք գործադրել, որ այն կայանա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել