Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԵՐԻՔ Է ՃԶՄԵՆՔ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՈՒՌԸ»

Փետրվար 25,2005 00:00

Մինչ
կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի նախորդ՝ «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը «շրջագայում»
է աշխարհում՝ Արգենտինա, Սան-Ֆրանցիսկո, Բուլղարիա, Պրագա, Նյու Յորք եւ այլուր,
նրա նոր՝ «Մարիամ» ֆիլմը պատրաստվում է մասնակցել Կաննի կինոփառատոնին: Ֆիլմի
նկարահանումները արդեն ավարտվել են, սակայն դեռ շարունակվում են հնչյունային ձեւավորման
հետ կապված որոշ աշխատանքներ: Էդգարը հուսով է, որ «Մարիամը» ժամանակին կավարտի եւ
կուղարկի Կանն (փառատոնը տեղի է ունենալու մայիսին): Չհասցնելու դեպքում էլ շատ չեմ
մտածի. «Ես երբեւէ ֆիլմ չեմ նկարում հատուկ որեւէ փառատոնի համար: Բոլոր փառատոները
ստեղծված են արվեստագետին շղթայելու համար: Սակայն եթե հասցնեմ ֆիլմը ժամանակին ավարտել,
իհարկե ուրախ կլինեմ այն Կանն ուղարկելու կապակցությամբ: Նախ եւ առաջ այն պատճառով,
որ ֆիլմը ինձնից կհեռանա, ինքնուրույն կյանք կստեղծի»: Իսկ այն փաստը, որ
այսօր նկարահանվող հայկական ֆիլմերը ավելի շատ դրսի փառատոներում են ներկայացվում,
քան հայրենիքում, Էդգարը աբսուրդ է համարում: Ըստ նրա, հայ ռեժիսորների ֆիլմերը եթե
հայրենիքում չեն ցուցադրվում, ապա մեղքն ավելի շատ պրոդյուսերներինն է: Էդգարի
«Մարիամ» ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի հովանավորությամբ, բյուջեն
կազմել է շուրջ $300.000, ֆիլմի երաժշտությունը գրել է Մուրզիկը (Արա Թորոսյան),
օպերատորն է Վահագն Տեր-Հակոբյանը: Պետք է նշել մի կարեւոր փաստ եւս՝ «Մարիամ» ֆիլմում
Հայաստանում առաջին անգամ ժապավենի վրա օգտագործվել է համակարգչային գրաֆիկա: Ֆիլմում
գլխավոր հերոսուհուն՝ Մարիամին մարմնավորել է դերասանուհի Ժանեթ Հովհաննիսյանը: Լինելով
իրանահայ՝ Ժանեթը ստիպված է եղել երկար ժամանակ շտկել իր առոգանությունը, ինչպես
նաեւ սովորել խուլ եւ համրերի լեզվով «խոսել»: Էդգարը Ժանեթին համարում է բացառիկ
տաղանդով օժտված դերասանուհի. «Ես երկար էի փնտրում իմ Մարիամին ու եթե Ժանեթին չգտնեի՝
ֆիլմը նույնպես չէր լինի»: Ֆիլմում մյուս գլխավոր հերոսին՝ հոգեբանին մարմնավորել
է դերասան Սամվել Սարգսյանը (հայ հանդիսատեսը նրան լավ կհիշի «Մեր մանկության տանգոն»
ֆիլմից, ուր նա խաղում է ավագ որդու՝ Արմենի դերը- Ա. Ք): Էդգարն ափսոսանքով խոսեց
Ս. Սարգսյանի մասին, որն ըստ արժանվույն գնահատված չէ ռեժիսորների կողմից: «Մեր մանկության
տանգոյից» հետո նրան չեն հրավիրել որեւէ ֆիլմում խաղալու: «Մարիամը» Է. Բաղդասարյանի
չորրորդ ֆիլմն է՝ «Խաղեր», «Պատ», «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմերից հետո: Ռեժիսորը
սովորել, բայց չի ավարտել Մոսկվայի ՎԳԻԿ-ը (Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական
ինստիտուտ), իր ասելով՝ «ավելորդ ժամանակ չունեի կորցնելու, շտապեցի, որ ֆիլմ նկարեմ»:
«Իմ բոլոր ֆիլմերում փորձում եմ գտնել մի հարցի պատասխան՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ
եմ աշխարհ եկել: «Մարիամ» ֆիլմով ես մի հարցի պատասխան էի փորձում գտնել՝ արդյոք
մարդը մարդուն պե՞տք է այսօր, կարողանո՞ւմ է մարդը մարդու հետ ճիշտ հարաբերվել: Էդգարի
կարծիքով՝ որքան քաղաքակրթվում է աշխարհը, այնքան միայնակ ու մեկուսացած է դառնում
մարդը, ինքնամփոփ ու դժբախտ»: Նրա միակ փրկությունն այսօր, ըստ Էդգարի, Հիսուսն է:
Ռեժիսորը համոզված է, որ մարդկությունը Հիսուսից առավել դեռ ոչինչ չի տվել: Էդգարը
թերեւս փորձել է իր ֆիլմով Հիսուսին վերադարձնել մարդկությանը. «Իմ հերոսուհու անունը
Մարիամ է: Ես Մարիամին ներկայացրել եմ ժամանակակից Երեւանում, ֆիլմի վերջում միստիկական
ծնունդ կա՝ Մարիամը երեխա է ունենում: Բայց իմ ֆիլմը ավետարանական պատմություն չէ,
այլ այդ պատմության ֆոնի ներքո մի ուրիշ պատմություն եմ պատմում: Այն միայնակ կնոջ
մասին է, որը լուսային եւ ձայնային հալյուցինացիաներ ունի եւ ստիպված է դիմել հոգեբանի
օգնությանը»: Էդգարը չցանկացավ մանրամասնել ֆիլմի սյուժեն, միայն ասաց, որ ֆիլմի
վերջը մնում է առեղծվածային, քանզի գտնում է, որ հանդիսատեսը ֆիլմը դիտելիս պետք
է իր համահեղինակը դառնա եւ հենց դահլիճում ֆիլմի ավարտը տեսնի: Էդգարի կարծիքով,
այսօր աշխարհը գրաված հոլիվուդյան կինոարտադրանքը եւ հեռուստատեսությունը մարդկանց
զոմբիացնում են: Էդգարը համոզված է, որ մենք այսօր կորած ենք՝ առանց ազգային կինեմատոգրաֆի.
«Ազգային կինեմատոգրաֆ ասելով ես չեմ հասկանում գավառականություն կամ Փարաջանովին
կրկնօրինակելը: Հերիք է ինչքան ճզմեցինք Փարաջանովի նուռը: Միեւնույն է՝ որքան էլ
ջանանք, իր նման չենք կարող ճզմել: Արվեստը պտղատու ծառի նման պետք է լինի՝ սերմը
ցանվի հայրենի հողում, պտուղները բարձրանան ու հասնեն բոլորին»: «Մարիամը»
ավարտին հասցնելուց հետո Էդգարը երկու մտահղացում ունի՝ նկարել ֆիլմ ցեղասպանության
եւ Նարեկացու մասին: Ռեժիսորը ցավով է նշում, որ մինչ օրս մենք ցեղասպանության մասին
հաջողված ֆիլմ չունենք. «Ցեղասպանության մասին կինոնկարը երբեւէ քաղաքական նպատակներ
չպետք է հետապնդի, եթե ցանկացած ֆիլմ հաջողվեց՝ ինքնին քաղաքական հարցեր էլ կլուծի»:
ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել