Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե ցույց չեն անում, ուրեմն դժգոհ չեն

Փետրվար 25,2005 00:00

Իշխանություններն
այսպես են ընկալում ժողովրդի վերաբերմունքն օրենսդրական այս կամ այն փոփոխության
նկատմամբ: Դրանում համոզվեցինք կառավարության երեկվա ճեպազրույցի ժամանակ
ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի՝ «Առավոտի» հարցին տրված պատասխանից
հետո: Բանն այն է, որ 1998-ից սկսած՝ այն թոշակառու զինծառայողները, որոնք թոշակի
են անցել մինչեւ այդ թիվը, պայքարում են, որպեսզի իրենց թոշակները բարձրացվեն եւ
հավասարվեն 1998-ից հետո թոշակավորվածների ստանալիքին: Սկզբում պայքարն ընթանում
էր խաղաղ՝ նամակներ իշխանություններին, հրապարակումներ մամուլում եւ այլն, ինչն առանձնակի
արդյունք չտվեց: Սպասելուց հոգնած, վերջին երկու տարիներին նրանք սկսեցին պարբերաբար
ցույցերի դուրս գալ, աղմկել կառավարության շենքի առջեւ, երթեր կազմակերպել փողոցներով:
Ի վերջո երեկ կառավարության մի որոշմամբ «հավասարեցումը» կայացավ: Դրանից
«ոգեւորված», «Առավոտը» հարցրեց Պ. Սաֆարյանին, թե հնարավո՞ր է վերականգնվեն նաեւ
Հայրենական պատերազմի վետերանների՝ երկու տարի առաջ կորցրած արտոնությունները, կապված
կոմունալ ծախսերի 50 տոկոսով վճարման, ներքաղաքային անվճար երթեւեկության եւ այլնի
հետ: Հիշեցնենք, որ այդ արտոնությունների փոխարեն սահմանվեց 3500 դրամ փոխհատուցում,
որն անցյալ տարի ավելացավ եւս 1000-ով: Այդ գումարը՝ օրեցօր աճող սպասարկման գների
հետ, գնալով փոշիանում է, եւ վետերանները մի անգամ չէ, որ իրենց արտոնությունները
վերականգնելու խնդիր են բարձրացրել մամուլով (այդ թվում՝ մեր թերթով) եւ հեռուստատեսությամբ,
նամակներով դիմել կառավարությանն ու Ազգային ժողովին: Հարցին ի պատասխան, պարոն Սաֆարյանն
ասաց. «Արտոնությունները վերացվել են երկու տարի առաջ եւ սոցիալական որեւէ լարվածություն
դա չի առաջացրել»: Այսինքն հասկանանք, որ արտոնությունների գոնե մասնակի վերականգնում
չի նախատեսվում: «Իսկ լարվածության կամ դժգոհության նշան չե՞ն նամակներն ու հրապարակումները»
մյուս հարցին եղավ պատասխան՝ «մի մարդու բողոքը ոչինչ չի նշանակում»: Ասացինք, որ
վետերանների խորհուրդն էլ է արտահայտել իր բողոքը: Ի դեպ, Հայրենական պատերազմի վետերանների
թիվը 9500 է: Այս անգամ էլ պարզվեց, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը
նման լարվածություն չի զգացել: Ասենք, որ գոնե թե մեր խմբագրությանը դիմած վետերանները
ցույց են տվել նամակների օրինակներ՝ ուղղված այդ նախարարությանը: Հետեւաբար,
հաշվի առնելով թոշակների հավասարության համար մղված միտինգային պայքարի բարեհաջող
ելքի փաստը, վետերաններին մնում է իրենց իրավունքների պաշտպանության համար հետեւել
թոշակառու զինծառայողների օրինակին: Ակներեւաբար, մեր իշխանությունները սկսում են
մտածել կամ անհանգստանալ մի խնդրի շուրջ այն ժամանակ, երբ հրապարակավ անհաճո խոսքեր
են հնչում իրենց հասցեին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել