Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԳՁԳՈՒՄԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր Է

Փետրվար 25,2005 00:00

ՁԳՁԳՈՒՄԸ
ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր Է Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի խորհրդարանական
ժամանակավոր հանձնաժողովը խախտում է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկման
նախկինում հաստատված բոլոր ժամկետները: Առայժմ քննարկվել են փոփոխությունների միայն
երկու գլուխներ: Եվ եթե հաշվի առնենք, որ բոլոր նախագծերը դեռ պետք է քննարկվեն
նաեւ ԱԺ լիագումար նիստում՝ ակնհայտ է դառնում, որ քննարկումները թերեւս չեն ավարտվի
այն ժամկետներում, որ պայմանավորվածության համաձայն՝ հնարավոր լինի սահմանադրական
հանրաքվեն անցկացնել 2005-ի հունիսին: Արդյոք այս ձգձգումները որոշակի միտումո՞վ
չեն արվում, որպեսզի հանրաքվեն անցկացվի աշնանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների հետ զուգահեռ: Հիշեցնենք, որ այդ հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը
քննարկել էր ԵԽ Նախարարների կոմիտեի դիտարկման հանձնախմբի հետ հանդիպման ընթացքում:
«Կարծում եմ, որ իսկապես անթույլատրելի է նման ձգձգումը,- «Առավոտին» ասաց բարեփոխումների
նախագծերից մեկի հեղինակ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:- Եվ դիտմամբ կարծես ուզում
են հասարակական հետաքրքրությունը վանել նման արհեստական մեխանիզմներով: Որոշակի ուժեր
կարծես շահագրգռված են սահմանադրական քննարկումները, ընդհանուր առմամբ, տանել ոչ
ընդունված հնչեղության մակարդակով: Առավել եւս՝ բացարձակ անընդունելի է, եթե փորձեն
հանրաքվեն համատեղել տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ, քանի որ հասարակությունը
պետք է կենտրոնանա, բեւեռանա սահմանադրական փոփոխությունների եւ նրանց կարեւորության
վրա, եւ մարդիկ պետք է հատո՛ւկ գնան այդ հանրաքվեին: Իսկ թաղապետերի եւ ավագանու
ընտրությունների ժամանակ ուշադրությունը շեղող այնքա՜ն հանգամանքներ կլինեն, որ,
բնական է, չի լինի սահմանադրական փոփոխություններին որեւէ ձեւով իսկական գնահատական
տալու խնդիր: Կարծում եմ, որ հնարավոր է, թե ձգձգումն իրոք միտումնավոր է: Մյուս
կողմից էլ՝ այսպիսի իշխանության պայմաններում միշտ լինում են անկազմակերպվածության
եւ անփութության դրսեւորումներ: Ուստի մինչեւ հանձնաժողովի առաջիկա նիստը, որտեղ
կարծարծեմ այս հարցերը՝ մի քիչ ճիշտ չի լինի տալ վերջնական գնահատական»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել