Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն առայժմ չի «խառնվի»

Փետրվար 25,2005 00:00

ՆԱՏՕ-ն
առայժմ չի «խառնվի» Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության
ծրագրի (Individual Partnership Action Plan-IPAP) ստորագրման ժամկետները կախված
են հայկական կողմից, երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հարավային
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Ռոբերտ Սիմմոնսը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում դաշինքի հետ Անհատական
գործընկերության ծրագիր կնքելու Հայաստանի ցանկությունը եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել
այդ փաստաթղթի նախապատրաստման գործընթացին: Սիմմոնսը, սակայն, վերապահում արեց՝ փաստաթղթի
բովանդակությունը եւ ստորագրման ժամկետները որոշում է հայկական կողմը: Մեր կողմից
մի փոքրիկ ճշգրտում անենք. ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն
արձանագրեց, որ անկախ Անհատական գործընկերության ծրագրի նախապատրաստման տեմպերից,
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող մեծ թվով միջոցառումների:
Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս Հայաստան կայցելի պաշտպանության պլանավորման հարցերով
ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը, որը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի պաշտպանության
նախարարության ներկայացուցիչների հետ: Բանախոսը բարձր գնահատեց Կոսովոյում եւ Իրաքում
անցկացվող խաղաղապահ գործողություններին հայ զինծառայողների մասնակցության փաստը:
Նրա խոսքերով՝ դա վկայում է միջազգային անվտանգության ապահովման մեջ ներդրում կատարելու՝
Հայաստանի անկեղծ ցանկության մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասաց, որ Երեւանի անդամակցությունը Հավաքական
անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը եւ հայ-ռուսական սերտ հարաբերությունները
ոչ մի կերպ չեն ազդում ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի հարաբերությունների մակարդակի վրա: «Մենք
շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, բացի այդ, բազմիցս հայտարարել
ենք, որ ՆԱՏՕ-ն չի կառուցում երկրների հետ իր հարաբերությունները մրցակցության հիման
վրա կամ հաշվի առնելով նրանց անդամակցությունն այս կամ այն կազմակերպությանը»,- ասաց
Սիմմոնսը: Ի պատասխան մեկ այլ հարցի, Սիմմոնսը հայտարարեց, որ «ՆԱՏՕ-ն չի մասնակցում
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւ չի քննարկում դիմակայության գոտում
իր խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը»: Մանրամասնելով թեման՝ նա նշեց,
թե «ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին,
սակայն դա չի նշանակում, որ մենք ուղղակիորեն մասնակցում ենք այդ գործընթացին»: Սիմմոնսի
կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ԼՂ խնդրի կարգավորման ամենահարմար
ձեւաչափը: ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման հետ կապված նրա պարզաբանումը
հետեւյալն էր՝ «մենք ընդհանրապես այդպիսի հարց չենք քննարկում»: Տ.
Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել