Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվս մեկ հեղափոխական

Փետրվար 25,2005 00:00

Հրանտ
Խաչատրյանը կողմ է «հեղափոխություն վերեւից» տարբերակին – «Արդարություն»
դաշինքը, իբրեւ քաղաքական միավոր, արդյոք չի՞ սպառել իրեն: – Ոչ, իր ձեւի,
իր բնույթի մեջ դաշինքն իրեն չի սպառել: Այլ բան է, որ ես ինքս կցանկանայի, որ դաշինքն
այս ընթացքում ավելի ուժեղացած լիներ: Մի փոքր ռեյտինգի անկում կա՝ կապված նրա հետ,
որ մեզ աջակցողների մի մասը հույս ուներ, որ մենք ամեն գնով ենք Հայաստանում իրագործելու
մեր առաջարկած ծրագիրը: Ասեմ, որ այդ հույսերն էլ դատարկ տեղը չէին, նրանք էլ համապատասխան
ակնկալիքներ ունեին, ուստի հիմա գտնում են, որ չկատարեցինք մեր առջեւ դրած խնդիրները:
Գուցեեւ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո կարող էինք ավելի կազմակերպված լինել,
բայց մեր կուսակցության օրինակով կարող եմ ասել, որ առավելագույնս ենք անում: Դաշինքի
կուսակցությունները, ճիշտ եք, միայն դաշինքով չեն զբաղված, այլ ամենօրյա կուսակցական
գործունեությամբ, որի մեջ մտնում են նաեւ հանդիպումները, բանակցությունները: Բազմիցս
է ասվել՝ դրանք կոնֆիդենցիալ եւ հակադաշինքային չեն: Հանդիպումներից մի քանիսին էլ
ես եմ մասնակցել. եթե այսօրվա մեր ուժը բավարար չէ գործ անելու, խնդիրը լուծելու,
ուրեմն պիտի փնտրենք դաշնակիցներ: Փորձում են ստվեր գցել խմբակցության ղեկավարի վրա,
բայց չմոռանանք, որ ով ինչ արել է՝ մտածելով է արել: Եթե ինչ-որ մեկը սխալ է գործել,
թող մտածի այդ սխալն այլեւս չգործելու մասին, ոչ թե հետին թվով ենթադրություններ
անի: – Իսկ դուք կաջակցե՞ք Արամ Կարապետյանին՝ հեղափոխություն անելու գործում:
– Հիշենք, որ ոչ միայն ընդդիմադիր, այլեւ կոալիցիա կազմած բոլոր կուսակցությունների
ծրագրերն էլ հեղափոխական էին: Արամ Կարապետյանն էլ, որը նախագահի թեկնածու էր, նոր
չի հանդես եկել հեղափոխության ծրագրով: Հիմա նույնիսկ իշխանական վերնախավում է քննարկվում,
թե Հայաստանում ինչպիսի հեղափոխություն է պետք՝ ներքեւից, վերեւից: Ոմանք ձեւ են
անում, թե պատրաստ են հակահեղափոխական գործունեության, ոմանք հայտարարում են, որ
պատրաստ են հաղթական հեղափոխություն իրականացնելու… Մինչեւ գարնան գալը մոտ մեկուկես
տասնյակ մարդիկ դեռ հայտեր կներկայացնեն: Արտաշես Գեղամյանն էլ հայտ ներկայացրեց.
ի դեպ, նրա ղեկավարած դաշինքն ավելի մոբիլ է, քան «Արդարությունը»: Նոր լիդերներ
էլ ի հայտ կգան, որոնք կարող է երկնքից իջեցված օգնություն լինեն կամ պատիժ… այս
խմորումներում պետք է քննարկենք եւ վրացական, եւ ուկրաինական տարբերակները, եւ Արեւմուտքի
ու Արեւելքի ազդեցությունները: Պետք է ավելի խորքային դիտարկենք եւ վերաբերվենք այդ
գործընթացներին: Ես կողմ եմ «վերեւից» հեղափոխության տարբերակին: Ժողովրդի
համար դա ամենաարդյունավետն է: Նման պարագայում, ցանկության դեպքում, երեք օրում
հնարավոր է երկիրը կարգի բերել: Եթե դա հիմա չի արվում, մեր իշխանությունն ավելի
մեղավոր է, քան այն բոլոր մեղքերում, որոնցում ընդունված է մեղադրել իշխանությանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել