Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 25,2005 00:00

Երեկ
Վիեննայում սկսվեց ԵԱՀԿ վեհաժողովի ձմեռային նիստը ԵԱՀԿ գործող նախագահ,
Սլովենիայի ներկայացուցիչ Դմիտրի Ռուպելի ելույթից հետո պատգամավորները ստացան հարց
տալու իրավունք: Հերթագրվել էր տասնհինգ պատգամավոր, եւ նախագահողը ստիպված էր զգուշացնել,
որ պատգամավորները սեղմ խոսեն: Այս խնդրանքն այնքան էլ չօգնեց, քանի որ այստեղ եւս
(ինչպես մեր ԱԺ-ում) շատախոսներ կան: Ինչպես եւ սպասվում էր, ադրբեջանական
պատվիրակությունը կրկին խոսեց Ղարաբաղի մասին: Պատվիրակության անդամ Իբրահիմովը ներկայaցրեց
Ղարաբաղի մասին ԵԽԽՎ հունվարյան բանաձեւի այն հատվածը, որում ասվում է, թե ադրբեջանական
տարածքի մի մասը շարունակում է գրավված մնալ հայկական զորքերի կողմից, հիշեց նաեւ,
որ երեք ադրբեջանցի զինվորներ գերի են վերցվել հայերի կողմից: Այս նախաբանից հետո
ադրբեջանցի պատգամավորը հարցրեց. «Դուք մտադի՞ր եք միջամտել խաղաղ կարգավորման գործընթացին՝
միջազգային նորմերին համապատասխան»: Գործող նախագահող Դմիտրի Ռուպելը բավականին սառնասրտորեն,
առանց որեւէ էմոցիայի պատասխանեց. «Կան այդ հարցերը տեղում լուծելու մեխանիզմներ,
մասնավորապես՝ Մինսկի խումբը, եւ ես, որպես գործող նախագահ, շատ ակտիվ եմ զբաղվելու
այդ գործով եւ անպայման կայցելեմ Ադրբեջան եւ Հայաստան»: Հայաստանի պատվիրակության
ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց
ԵԱՀԿ-ին հարցի արդար լուծման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար եւ հարցրեց.
«Ժամանակը չէ՞ ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ»: Դ. Ռուպելի
պատասխանը հետեւյալն էր. «Ոչ ոք չի խանգարում այդ երկկողմ երկխոսությանը, գլխավորը,
որ բանակցությունները լինեն արդյունավետ, իսկ մենք դրանց կաջակցենք»: Հնչեց
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի բավականին կոշտ խոսքը Ռուսաստանի
հասցեին. նախ, տիկին Բուրջանաձեն դժգոհություն հայտնեց այն բանի համար, որ ՌԴ-ն խանգարեց
Վրաստանի սահմանների մոտ ԵԱՀԿ դիտորդական առաքելության իրականացմանը եւ հայտարարեց.
«Վրաստանը ստիպված է իրեն պաշտպանել Ռուսաստանի հարձակումներից»: Նախագահողը, ըստ
երեւույթին, այս հարցից հաճույք ստացավ, որովհետեւ պատասխանեց բավականին մեղմ. «Դա
իրոք հարց է, որը քննարկվել է եւ որը լուրջ մտահոգություն է առաջացնում: Ես չեմ կարող
քննադատել առանձին պետության եւ գնահատել նրա դիրքորոշումը, բայց ցավում եմ, որ այդ
սահմանի մոնիտորինգի օպերացիան դադարեցվեց: Ես մտադիր եմ դա փոխարինել սահմանապահների
վերապատրաստման գործընթացով»: Դմիտրի Ռուպելը նաեւ ցանկություն հայտնեց, որ Հարավային
Օսիայի հարցերը քննարկվեն ոչ թե ԵԽ-ում, այլ ԵԱՀԿ-ում. «Մենք չենք ուզում մրցակցել,
բայց այդ հարցում պետք է կոորդինացնենք մեր քայլերը»: Մերոնց մեկնաբանությունները
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ներկա է այստեղ ամբողջ կազմով՝
Վահան Հովհաննիսյան, Արտաշես Գեղամյան, Սամվել Նիկոյան: Մասնակցում էր նաեւ ԱԺ նախագահ
Արթուր Բաղդասարյանը, որը մինչ նիստի սկիզբը հանդիպեց Դմիտրի Ռուպելի հետ: Ընդմիջմանը
պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ԵԱՀԿ խորհրդարանական
ադրբեջանական պատվիրակության պահվածքը ամենեւին էլ անսպասելի չէր. «Սրանք սկիզբն
են Աթկինսոնի զեկույցի այն բացասական դրսեւորումների, որոնց մասին մենք նախապես զգուշացրել
էինք. ցավոք, այդ զեկույցում պարունակվող Հայաստանի համար ոչ նպաստավոր հարցերը շրջանառության
մեջ են մտնում նաեւ այստեղ: Տվյալ դեպքում մեր խնդիրն էր բարձրացնել Մինսկի խմբի
դերակատարությունը՝ ցույց տալու համար, որ դա է հակամարտության լուծման հիմնական
ուղղությունը, ինչը եւ հաջողվեց անել»: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես
Գեղամյանը ադրբեջանցիների ավանդույթը՝ նույնիսկ օրակարգից դուրս Ղարաբաղի հարցի մասին
խոսելը, բացատրեց այսպես. «Առնվազն պետք է միամիտ լինել՝ կարեւորություն տալու համար
ադրբեջանական պատվիրակության այդ հարցադրումներին: Աշխարհի հարցերը այս դահլիճում
չեն որոշվում, հարցերը լուծվում են մեծ ութնյակի հանդիպման ժամանակ, մասնավորապես
նաեւ ՆԱՏՕ-ի այսօրվա գագաթաժողովի ժամանակ: Այն պայմանավորվածությունները, որոնք
այնտեղ ձեռք կբերվեն, ուղղակիորեն վավերացվում են զանազան հեղինակավոր միջազգային
կազմակերպությունների շնորհիվ: Մենք պետք է հակադրվենք ոչ թե այս կամ այն իրավիճակային
հարցերի բարձրացմանը, այլ հակառակը՝ մայր հարցերին, որոնք այս օրերին մշակվում են
Բրատիսլավայում»: Ադրբեջանցու մեկնաբանությունը Ադրբեջանը ներկայացնող
պատգամավոր Սայադ Արանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Ադրբեջան-Ղարաբաղ ուղիղ բանակցությունների
մասին, ասաց. «Ղարաբաղում ապրողները մեր քաղաքացիներն են, մենք կարող ենք նրանց հետ
խոսել, բայց մեզ հետ կռվում են Հայաստանի զինված ուժերը: Վերջերս նրանց անվանեցին
սեպարատիստներ: Մերզլյակովին վերջերս հարցրին, թե ինչո՞ւ է նրանց անվանում այդպես,
նա պատասխանեց՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է կոչել: Այդ պատճառով մենք չենք ուզում խոսել
Ղարաբաղի քաղաքացիների հետ որպես կողմ, մենք ուզում ենք խոսել հայկական կողմի հետ:
Ոչ մի երկիր չի ընդունել Ղարաբաղը որպես ինքնուրույն հանրապետություն, այդ պատճառով
էլ մենք չենք կարող դա ընդունել: Մենք ԵԽ կազմում ընդգրկվել ենք այդ տարածքով: Ադրբեջանը
պատերազմ չի ուզում, բայց պետք է հայկական կողմը դուրս բերի իր զորքերը Ղարաբաղից:
Մենք ուզում ենք քննարկել Ղարաբաղի կարգավիճակը, բայց այն հարցը, որ Ղարաբաղի բնակիչները
Ադրբեջանի քաղաքացիներ են, շատ պարզ է, եւ նրանք պետք է ապրեն այնպես, ինչպես ապրում
են Բաքվում եւ Սումգայիթում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆՎիեննա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել