Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Փետրվար 24,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ 2006-ին բացվելու է դեպի Իրան գնացող եւս մի մայրուղի Ինչպես արդեն հայտնել ենք, երեքշաբթի նախագահ Քոչարյանը հանդիպեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Այլ թեմաների շարքում քննարկվել է Կապան-Մեղրի երկրորդ ճանապարհի շինարարության հարցը: Տրանսպորտի նախարարությունն արդեն հանձնել է մրցութային փաթեթը Գնումների պետական գործակալությանը, եւ մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունը ապրիլին սկսելու է աշխատանքները: Այս ճանապարհի համար 2005 թվականի բյուջեով նախատեսված է 6,6 միլիարդ դրամ, իսկ հաջորդ տարի՝ 2,6 միլիարդ: Աշխատանքները պետք է ավարտվեն 2006-ի աշնանը: Այժմ գործող Կապան-Մեղրի ճանապարհը խորհրդային ժամանակաշրջանում տեղական նշանակության էր՝ հիմնականում գյուղացիների մթերք տեղափոխելու համար: Միութենական մայրուղին անցնում է Նախիջեւանով եւ մտնում Երասխ: 1991 թվականին սկսվեց Հայաստանի շրջափակումը, եւ անցած տարիներին այդ տեղական ճանապարհը բարենորոգելու համար մեծ գումարներ ծախսվեցին, որպեսզի այն դառնա միջպետական: Բայց բոլոր թերությունները վերացնել ֆիզիկապես անհնար է: Օրինակ, լայնությունը ամենաշատը 5 մետր է, մինչդեռ կառուցվելիք մայրուղունը 6,6 մետր է լինելու: Հնի բարձրագույն կետը 2483 մետր է, նորինը՝ 1980: Ընդ որում, հինն անցնում է լեռների հյուսիսային լանջով, իսկ նորը՝ հարավային, որտեղ ձյունն ավելի շուտ է հալվում: Նոր, այլընտրանքային ճանապարհ կառուցելու գաղափարը ծնվեց անցած տարվա հունիս-հուլիսին: Սկզբում հարցը մանրակրկիտ ձեւով հետազոտվեց գիտնականների եւ հասարակական կազմակերպությունների կողմից: Քննարկվում էր նաեւ թունելի տարբերակը: Սակայն այդ նախագիծը ի վերջո մերժվեց, քանի որ թունելի 8 «սերպանտինից» (կտրուկ ոլորապտույտներից) «վերանալու է» ընդամենը 3-ը: Բացի այդ, թունելի նախագծի արժեքն էր 45 մլն դոլար, սակայն, ըստ որոշ հաշվարկների՝ դրա վրա կծախսվեր ավելի շատ: Էապես ավելի էժան ինքնարժեք ունեցող նոր ճանապարհի նախագիծը ընդհանրապես խուսափում է «սերպանտիններից»՝ ոլորապտույտների շառավիղը 52 մետր է, այնինչ այժմ վարորդները ստիպված են հաղթահարել 8 սերպանտին 15 մետր շառավղով (այսինքն՝ շատ նեղ): Գործող ճանապարհով ձմռանը բեռնատարների հոսքը մոտ երկու անգամ կրճատվում է, իսկ թեքությունը կազմում է 12-14 աստիճան, կառուցվող մայրուղու՝ 8 աստիճանի հետ համեմատած: Մասնագետների հաշվարկներով, միայն դրա շնորհիվ վառելիքի տարեկան տնտեսումը կազմելու է 1 միլիոն դոլար: Կառուցվող ճանապարհի Կապան-Ծավ հատվածը գոյություն ունի. այն հանրապետական նշանակության մայրուղի է: Կա նաեւ Վերիշեն-Մեղրի տեղական ճանապարհ: Այդ եղած հատվածները պետք է համապատասխանեցվեն ժամանակակից միջազգային ստանդարտների: Եվ ամենակարեւորը՝ կառուցվի Ծավ-Վերիշեն 34 կիլոմետրանոց հատվածը, որտեղ նույնիսկ արահետ առայժմ չկա: Այսօրվա Կապան-Մեղրի ճանապարհը կարող է դիմանալ 30-35 տոննանոց բեռնատարին, ավելի ծանր բեռնատարներից այն փլուզվում է, նոր մայրուղով կկարողանան անցնել 80 տոննանոց բեռնատարները: Գործող ճանապարհով բեռնատարը կարող է անցնել միջինը 35 կմ/ժամ արագությամբ եւ Մեղրիից Կապան (74 կմ) կհասնի 2 ժամ 10 րոպեում, կառուցվող մայրուղին (մոտ 90 կմ) հնարավորություն կտա 55-60 կմ/ժամ արագությամբ ճանապարհը հաղթահարել 1 ժամ 40 րոպեում: Պարզ է նաեւ, որ այդ նոր մայրուղով հնարավոր կլինի առանց ճանապարհը վնասելու տեղափոխել ստրատեգիական բեռներ: Իր հարմարավետությամբ նոր ճանապարհը կստեղծի մեքենաների ավելի մեծ հոսք, կանցնեն ավելի ծանր բեռնատարներ. արդյունքում որպես ճանապարհային հարկ մուծվելու են ավելի խոշոր գումարներ, եւ 5 տարվա ընթացքում ծախսված 7,2 միլիարդը կվերադարձվի պետական բյուջե: Բացի ամեն ինչից, մեծ է այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը: Այսօր ունենք Վրաստանից եկող 3 ավտոճանապարհ եւ դեպի Իրան գնացող 1 մայրուղի: Մնացած ճանապարհները փակված են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Դա կլինի Հայաստանի հինգերորդ խոշոր ճանապարհը: Որքան շատ լինեն այլընտրանքային ուղիները, այնքան լավ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել