Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈՐՏՄՈՒՆԴ ԿՄԵԿՆԻ ՍՈՒՏՈՎՍԿԻՆ

Փետրվար 24,2005 00:00

Եվ այսպես, Մոսկվայում շախմատի «Aeroflot Open 2005» միջազգային հեղինակավոր մրցաշարն ավարտվեց:

Ռուսաստանի մայրաքաղաքում պայքարի մեջ ներգրավվել էին այնքան շատ մասնակիցներ, որ կազմկոմիտեն երեկ երեկոյան ըստ երեւույթին մրցաշարային աղյուսակների վերջնական ամփոփումը դեռ չէր ավարտել, թեեւ հանուն արդարության հարկ է նշել, որ «Aeroflot Open 2005»-ի ինտերնետային պաշտոնական կայքն այս ընթացքում այնքան էլ օպերատիվ ու արդյունավետ չէր աշխատում, որի պատճառով օպերատիվ ինֆորմացիա չէինք կարողանում տրամադրել շախմատասեր ընթերցողին:

Ուժեղագույնների՝ «A1» խմբում երեկ եզրափակիչ տուրում Վլադիմիր Հակոբյանն ուժերը չափեց առաջատարի՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Խառլովի հետ եւ առավելության հասավ նրա նկատմամբ: Սակայն 6,5 միավորը չբավականացրեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու համար, քանի որ հաղթող ճանաչված իսրայելցի Էմիլ Սուտովսկին ու եւս երեք շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցեցին նույնքան միավոր: Լրացուցիչ գործակիցների հաշվման արդյունքով Հակոբյանը ի վերջո զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Նույն խմբում հանդես եկող մեր մյուս գրոսմայստերները գրավեցին հետեւյալ տեղերը. 13. Գաբրիել Սարգսյան, 15. Լեւոն Արոնյան, 26. Կարեն Ասրյան՝ բոլորն էլ՝ 5,5-ական, 29. Արտաշես Մինասյան՝ 5, Տիգրան Պետրոսյան՝ 4,5, Աշոտ Անաստասյան եւ Ռաֆայել Վահանյան՝ 4-ական միավոր: Ըստ կանոնակարգի, այս խմբի հաղթողը՝ Էմիլ Սուտովսկին, նվաճեց Դորտմունդում կայանալիք միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցելու ուղեգիր:

«A2» խմբում, որտեղ հաջող էր հանդես գալիս հատկապես Արսեն Եղիազարյանը, եզրափակիչ տուրից հետո միանգամից յոթ շախմատիստ, նրանց թվում՝ նաեւ Եղիազարյանը, վաստակել են 7-ական միավոր: Սակայն մրցաշարի ինտերնետային կայքում նրանց վերջնական դասավորությունը դեռեւս չէր որոշված:

Հայաստանի ներկայացուցիչներից, թերեւս, ամենահաջողը «B» խմբի պայքարին մասնակցող Զավեն Անդրիասյանն է, որը «Aeroflot Open 2005»-ում ադրբեջանցի Էլմիր Հուսեյնովի հետ 8 միավորով բաժանեց 1-2-րդ տեղերը: Այս խմբում Հրանտ Մելքումյանը, Դավիթ Պետրոսյանը, Արթուր Չիբուխչյանը 6-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրին 10-րդ, 15-րդ եւ 27-րդ հորիզոնականները, Լեւոն Բաբուջյանը 5,5 միավորով հանգրվանեց 34-րդ տեղում, 4,5-ական միավոր վաստակած Հակոբ Վարդանյանը, Լիլիթ Գալոյանը, Ավետիք Գրիգորյանը գրավեցին 89-րդ, 98-րդ եւ 99-րդ, իսկ Հրայր Սիմոնյանը 4 միավորով՝ 112-րդ տեղը:

Եվ վերջապես, «C» խմբում մեր պատվիրակները զբաղեցրին հետեւյալ տեղերը. 5. Երվանդ Հովհաննիսյան՝ 7 միավոր, 9. Աշոտ Ավետիսյան՝ 7, 35. Աղասի Ինանց՝ 6, 76. Հենրիկ Փաշայան՝ 5, 95. Արթուր Ղարագյոզյան՝ 4,5:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել