Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնությունը չունի վատ եղանակ

Փետրվար 24,2005 00:00

Ռոմանտիկ
հարցազրույց ջութակահար Նիկոլայ Մադոյանի հետ Վերջերս Երեւանի Կամերային
երաժշտության տանը կայացավ տաղանդավոր ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր
Նիկոլայ Մադոյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ
(դիրիժոր՝ Ա. Ղարաբեկյան): Հնչում էր Վիվալդիի «Տարվա եղանակները» կոնցերտային շարքը.
երաժշտությունը սրտումս շատացնում էր լույսը, եւ ես մտածում էի միայն բարու մասին
(թե՞ արդեն բարի եմ): Շրջում եմ տարվա եղանակներով. ահա եւ իմ սիրած ամառը. վերջապես
հանդիպեցինք իրար՝ էն էլ էս սառցե ձմռանը: Ի՜նչ երջանկություն… Մադոյանին հարցնում
եմ. – Երբ երջանկությունը թակում է ձեր դուռը կամ լուսամուտը, լսո՞ւմ եք այդ
թակոցը… – Երջանկությունն իմ մեջ է, այն երբեք չի՛ թակում լուսամուտս եւ
պատահական չի գալիս այցի. այն ես վաստակում եմ իմ աշխատանքով: Ես արժանի եմ լինում
իմ երջանկությանը միայն սեփական աշխատանքով: Երջանիկ ես, երբ գոհ ես սեփական կատարումից,
երբ ստեղծագործությունը տալիս է քեզ իր լույսը, եւ այդժամ դու հարստանում ես անբացատրելի
զգացողություններով: – Քաղաքը գրեթե միշտ համապատասխան վարք է պարտադրում,
եւ հաճախ այդ վարքը կաշկանդում է մեզ: Կարիք չե՞ք զգում ապրել քաղաքից դուրս՝ բնության
գրկում: – Ես սուզվում եմ իմ աշխարհի մեջ եւ այնտեղ ի զորու եմ տեսնել եւ
գտնել ամեն ինչ: Բնության ամենամեծ արտահայտությունը երաժշտությունն է: Ես իմ նվագով
արձագանքում, պատասխան եմ տալիս աշխարհում գոյություն ունեցող թե՛ լավին եւ թե՛ վատին…
– Կա՞ մի եղանակ, որն ուժեղ ազդեցություն է թողնում ձեր ստեղծագործական ռիթմի
վրա: – Փորձում եմ իմ ռիթմը հարմարեցնել տարվա եղանակներին: Արվեստում ամենադժվարը
սեփական ռիթմը երկրի, տիեզերքի ռիթմերի հետ ներդաշնակելն է, հավասարակշռություն պահպանելը:
Խենթություններ լինում են, հաճախ են պատահում, բայց երբ ներքին աշխարհդ առողջ է,
այդժամ դու կարողանում ես տիրապետել քեզ, հասնել հավասարակշռության: – Իսկական
երաժիշտը գերզգայուն է. ցավում է յուրաքանչյուր հնչյունի համար: Արդյոք այս հատկանիշը
կյանքում օգնո՞ւմ է, թե՞ հակառակը: – Եթե նոտան շատ զգայուն ես նվագում, ապա
այն բնական չի հնչում: Նույնն էլ կյանքում է, եթե շատ զգայուն ես, թվում ես անբնական,
սենտիմենտալ: Գերզգայնությունը կարող է խանգարել կյանքի բնական ընթացքին: Յուրաքանչյուր
զգացմունք սահման պիտի ունենա: Պիտի կարողանաս զգացմունքներդ ուղղորդել, տանել բնական
հունով: Կարեւորը բնական լինելն է, որը շատ է դժվար: Կան անհատներ, որոնք կարող են
ձեւավորել բնականության չափանիշը: Ստեղծագործության մեկնաբանությունը բարդ է նրանով,
որ դու պետք է արտահայտես կոմպոզիտորի անհատականությունը, հասկանաս նրան եւ միաժամանակ
չկորցնես սեփական եսդ, նաեւ բնականությունդ: – Ո՞րն է ընդհանրապես երաժշտության
ակունքը: – Երաժշտությունը գոյություն չունի առանց կատարողի: Արդեն գրված
երաժշտությունը գտնվում է եթերում եւ այլեւս չի պատկանում որեւէ մեկին: Բարձրագույն
երաժշտությունը՝ գթասրտություն է առ մարդը: Այնպիսի մեծ անհատականություն պետք է
լինես, որ չառաջնորդվես եսասիրական սկզբունքներով եւ մարդկային մեծ նպատակի համար
կարողանաս զոհել եսդ: Հանճարեղ կոմպոզիտորների երաժշտության մեջ հորդում է մարդու
հանդեպ ունեցած սերն ու գթասրտությունը: Եվ, ընդհանրապես, կյանքում ամեն ինչ հիմնված
է գթասրտության վրա: ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել